2023.09.22,

Նյուսրում

Խտրական խոսք արցախցի ցուցարարների մասին միաժամանակ երկու կայքում

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Սեպտեմբերի 19-ին՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումից հետո, Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները, ցույցերն ու հանրահավաքները չեն դադարում։ Տեղական լրատվամիջոցներների հրապարակումներն էլ այս երկու հիմնական թեմաներով են՝ զարգացումները Արցախում և Երևանում։

Բողոքի ու քաղաքացիական անհնազանդության ակցիաների մասին պատմող հրապարակումներում երկու կայք, երեկ գրեթե միաժամանակ, տարածում էին ցուցարարաների ծագումը շեշտող հրապարակումներ։

Civic.am և Araratnews.am կայքերը սեպտեմբերի 21-ի իրենց հրապարակումներում օգտագործեցին «Ղարաբաղցի ջարդարարները», «պատերազմից խուսափած ղարաբաղցի երիտասարդները», «ղարաբաղցի երիտասարդները հարձակվեցին» ձևակերպումները։

Զուգահեռ, Քննչական կոմիտեն բողոքի ցույցերի մասնակիցների ձերբակալումների մասին հաղորդագրության մեջ թիրախավորված շեշտել էր արցախցիների մասնակցության փաստը։

«Դրանից հետո՝ ժամը 21։30-ի սահմաններում, հավաքի մասնակիցները, այդ թվում՝ հիմնականում Արցախի տարբեր բնակավայրերի նախկին բնակիչներից կազմված խմբերով, կազմակերպված կերպով կուտակվել են ՀՀ կառավարության շենքի մուտքի մոտ։»,- նշված էր հաղորդագրության մեջ:

Civic.am-ի, Araratnews-ի և Քննչական կոմիտեի բառապաշարի նմանության վերաբերյալ սոցիալական ցանցերում բազմաթիվ հրապարակումներ եղան։

Ֆեյսբուքի ակտիվ օգտատերերը լրատվական կայքերին մեղադրում էին արցախցիների հանդեպ ատելության խոսք, խտրական վերաբերմունք տարածելու և իշխող քաղաքական ուժի կողմից քաղաքական պատվեր կատարելու մեջ։ Երկու կայքերը՝ Civic-ն ու Araratnews-ը համարվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական գծին աջակցող լրատվամիջոցներ։

Սոցիալական ցանցերում հանրային ճնշումներից հետո և՛ Araratnews.am-ը, և՛ Civic.am-ը տարածեցին հաղորդագրություններ, որտեղ նշում էին, թե որևէ մեկին թիրախավորելու նպատակ չեն ունեցել։

«Հարգելի ընթերցողներ, Araratnews.am-ը բնավ նպատակ չի հետապնդում թիրախավորել ղարաբաղցի երիտասարդներին, որոնք այս պահին Երևանի կենտրոնում մեքենաներ են ջարդում, մարդկանց են հայհոյում:

Նման կարծիքի պատճառն այն է, որ Araratnews.am-ը հրապարակած նյութերում նշել է, որ երիտասարդները ղարաբաղցի են։

Հաշվի առնելով մեր ընթերցողների հանրային պահանջը՝ չենք նշի նրանց ծագումը, երբ լուսաբանենք վերջիններիս կողմից հասարակ քաղաքացիների ահաբեկումը, ծեծը, ունեցվածքի ջարդը»,- ասվում էր Araratnews.am-ի հաղորդագրության մեջ։

Գրեթե նույնաբովանդակ հրապարակում էր արել նաև Civic.am-ը։

Երկու կայքերն էլ իրենց որոշ հրապարակումներում խմբագրումներ արեցին, որոշ նյութեր էլ հեռացրեցին կայքերից։

Լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմնի նախագահ Բորիս Նավասարդյանը տեղի ունեցածը համարում է լրագրողական էթիկական նորմերի կոպտագուն խախտում ու նշում, որ նմանօրինակ դեպքերում ակնհայտ է, որ լրատվամիջոցը հանդիսանում է որևէ քաղաքական ուժի կամ խմբավորման խողովակ։

«Ցավոք, իշխանամետ որոշ շրջանակներում, կարծիքներ են շրջանառվում, որ Արցախի մեր հայրենակիցները իշխանության նկատմամբ ունեն ընդդիմադիր կեցվածք։ Եվ դա իշխանության շրջանում առաջացնում է ագրեսիվություն արցախահայության նկատմաբ։ Իսկ այդ լրատվամիջոցներում, որոնք նման տրամադրությունների տարածման համար, որպես խողովակ են միայն հանդիսանում, ընդհանրապես չեն գործում որևէ պրոֆեսիոնալ նորմեր, այսինքն ամեն ինչ կարելի է, եթե կա հստակ քաղաքական նպատակ»,- ասում է Նավասարդյանը։

Նրա կարծիքով այս երևույթը նոր չէ մեր լրատվադաշտում, այն դրսևորվել է դեռևս 90-ականներից սկսած, պարզապես վերջին ժամանակահատվածում դարձել է ավելի արտահատված։

«Եթե առաջ դա կարող էր արտահայտվել միայն պետական հեռուստատեսությամբ քարոզչության տեսքով, ապա այսօր նման վարքագծի դրսևորումները բազմաթիվ են և դա իհարկե հանրության ավելի լայն շրջանակների վրա է ազդում՝ առաջացնելով, բևեռացում և անհանդուրժողականություն քաղաքական տարբեր կողմնորոշում ունեցող հասարակական սեկտրների մոտ»,- կարծում է Լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմնի նախագահը։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի կարծիքով եթե, անգամ հրապարակումներում չկա ատելության խոսք, ապա անհանդուրժող և խտրական խոսքի տարրերն ակնհայտ են։ Ըստ մասնագետի Civic-ի և Araratnews-ի հրապարակումների դեպքում խնդիրն ավելի շատ էթիկական դաշտում է, քան իրավական։

«Որպեսզի հստակ ասենք, որ հրապարակումներում կիրառվել է ատելության խոսք, ապա ավելի խորքային ուսումնասիրություն պետք է կատարենք։ Ատելության խոսքը քրեորեն պատժելի արարք է, իսկ խտրական կամ անհանդուրժող խոսքի դեպքում մենք օրենսդրական բաց ունենք, այն որևէ դեպքում վարչական պատասխանատվության չի ենթարկվում»,- ասում է իրավապաշտպանը։

Արա Ղազարյանի կարծիքով հենց այս բացթողման պատճառով է, որ հայկական լրատվական դաշտում հաճախ հանդիպում ենք խտրական ու անհանդուրժող հրապարակումների։

Մարիաննա Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *