2023.09.20,

Նյուսրում

Լուրեր առաջին ձեռքից․ արցախցի լրագրողները պատերազմի ժամերին 

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Հայաստանում լրատվական կայքերի ու լրատվական թողարկումների թեման երեկ կեսօրից մեկն է՝ պատերազմ Արցախում։ Բոլորին հուզող ու հետաքրքրող հարցն է․ ի՞նչ է կատարվում Արցախում, ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում։  ԶԼՄ-ներն ամեն վայրկյան փորձում են թարմացնել լրահոսն ու բաց չթողնել ոչ մի կարևոր իրադարձություն, հրապարակում, կարծիք ու կանխատեսում։ 

Տեղական ու միջազգային կառույցների տարածած  պաշտոնական հաղորդագրություններն ու հրապարակումները տարածելուց բացի, հայաստանյան բազմաթիվ լրատվամիջոցներ  պատերազմի առաջին իսկ րոպեներից փորձեցին կապ հաստատել Արցախի լրագրող գործընկերների հետ ու առաջին ձեռքից ինֆորմացիա ստանալ։

 Արցախում՝ շրջափակաման ընթացքում աշխատել սկսած step1.am կայքի հիմնադիր Նաիրա Հայրումյանը պատմում է, որ երեկ Արցախում սկսված պատերազմի մասին առաջին նյութը հրապարակեցին Ստեփանակերտի առաջին ռմբակոծությունից րոպեներ անց։

«Քանի որ մեր կայքը բացվել է հենց շրջափակման ընթացքում՝ հունիսին, իսկ շրջափակման պայմաններում լրագրողներն ունեին թե՛ ինտերնետի, թե՛ էլեկտրականության խնդիր, իրենք ինձ հիմնականում ձայնային հաղորդագրության միջոցով ուղարկում էին ինֆորմացիան, ես էլ Երևանում նյութ էի պատրաստում ու հրապարակում։  Երեկ էլ նույն կերպ եղավ։ 

Ես հաղորդագրություն ստացա մեր լրագրողից, որ Ստեփանակերտը ռմբակոծվում է։ Նա դպրոցահասակ երեխա ունի ու այդ պահին վազքով գնում էր դպրոց՝ երեխային գտնելու։ Անմիջապես հրապարակեցի նյութը։ Եթե չեմ սխալվում, այդ լուրը առաջինը մենք ենք հրապարակել, որովհետև մյուս լրատվամիջոցներում ավելի ուշ նկատեցի նորությունը, մոտավորապես մի 30 րոպե անց։ Դա վերջին հաղորդագրությունն էր, որ ստացել եմ մեր լրագրողից։ Հիմա որևէ կերպ չեմ կարողանում նրա հետ կապ հաստատել։ Նույնիսկ բարեկամների միջոցով չեմ կարողանում գտնել նրան, չգիտեմ անգամ գտա՞վ երեխային, թե ոչ»,- պատմում է Նաիրան։

step1.am կայքը համագործակցում է արցախցի 4 լրագրողների հետ, սակայն ըստ հիմնադրի՝ նրանցից ոչ մեկի հետ սեպտեմբերի 19-ից հետո  կապ հաստատել չի ստացվում։ 

Արցախում ռազմական գործողոթյունների ժամերին գլխավոր խմբագիրը  հրապարակում էր միայն պաշտոնական նորություններն ու երբեմն էլ այնտեղ բնակվող բարեկամներից կամ ծանոթներից ստացված փոքրիկ տեղեկատվությունները։ Մինչև երեկ երեկո կապի մեջ է եղել նաև կայքի լուսանկարիչը, հիմա Նաիրան նրա հետ էլ չի կարողանում  կապ հաստատել։ 

«Երեկ օրվա ընթացքում մեր լուսանկարիչը մի քանի լուսանկար ու տեսանյութ է ուղարկել։ Իր պատշգամբից տեսանկարահանել էր,  պայթյունները, որ տեղի էին ունենում բլուրների վրա։ Հետո օրվա ընթացքում իր տան մոտակայքից մի քանի լուսանկար ուղարկեց, որոնք ներկայացնում էին ընդհանուր վիճակն ու կատարվածը և վերջ։  Հետո երեկոյան ասաց, որ կապի խնդիր ունի, նրա հետ այլևս կապ չունեմ»,-ասում է կայքի հիմնադիրը։

ՍիվիլՆեթի արցախյան թիմի լրագրող Հայկ Ղազարյանը երեկ կեսօրին Արցախում սկսված պատերազմի առաջին իսկ պահից ՍիվիլՆեթի երևանյան խմբագրության իր գործընկերների հետ փորձում էր առավելագույնս օպերատիվ ներկայացնել իրավիճակն Արցախում։ 

Հրադադարի  պայմանավորվածություններից հետո էլ տեսախցիկը ձեռքին փորձում է ճշտել ու հասկանալ իր համաքաղաքացիների՝ արցախցիների դիրքորոշումները, էմոցիաներն ու ապագայի ծրագրերը։ Սակայն մեզ հետ զրույցում՝  լսափողից այս կողմ,  լրագրողը լռում է ու հիմնական բառը, որ կրկնում է «չգիտեմ»-ն է։ 

«13։30 դրությամբ գնալով մարում են հրաձգային զենքերի ձայները, մոտավորապես արդեն  10 րոպե կլինի, որ հրետանի էլ չի աշխատում։ Լավ բան չկա, չգիտեմ։ Երեկվանից ինչ հնարավոր էր փորձեցինք  փոխանցել մեր երևանյան գործընկերներին։  Իհարկե, չէի ասի, թե շատ օպերատիվ ստացվում էր աշխատել, բայց․․․Հիմնականում դիրքերի վրա էին կրակում, իսկ դիրքերը շատ մոտ են քաղաքին։ Մենք էլ բոլորի նման աշխատեցինք այդ պայմաններում։ Բայց հիմա դարդներս այն է, որ կորցնում ենք ամեն ինչ՝ հայրենիք, տուն-տեղ, գերեզմաններ, ամեն ինչ, չգիտեմ, մնացածը երկրորդային է։ Էսքանը կարող եմ ասել։ Չգիտեմ․․․»,-ասում է Հայկ Ղազարյանը։

Մարիաննա Դանիելյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *