Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 ուժերը 24 օր հնարավոր ու անհնարին, թույլատրելի ու անթույլատրի միջոցներն օգտագործեցին՝ երևանցու վստահությունը շահելու և սեպտեմբերի 17-ին նրա քվեն ստանալու համար:
Օֆլայն հարթակներից բացի, քարոզարշավն ակտիվորեն ծավալվեց նաև օնլայն տիրույթում: Քաղաքական ուժերը հատկապես ակտիվ էին սոցիալական ցանցերում:
Երևացող ու չերևացող վճարումները սոցիալական ցանցերում
Մեդիահետազոտող Սամվել Մարտիրոսյանն ասում է, որ քաղաքական ուժերն այս ընթացքում ֆինանսական մեծ ներդրումներ են արել սոցցանցերում՝ վճարովի գովազդներ տեղադրելու համար։
«Սոցցանցերում հիմնականում մեծ գումարներ են ծախսել «Քաղաքացիական պայմանագիր» ու «Ապրելու երկիր» կուսակցությունները։ Այս քարոզարշավի ընթացքում շատ ներգրավված էին նաև ինֆլուենսերները, որոնք սոցցանցերում ունեն մեծ լսարան: Սակայն, նրանց վճարված գումարները մեզ համար տեսանելի և հաշվարկելի չեն: Իմանալով ինֆլուենսերների տարածած գովազդների սակագները և քանակը, որն այս ընթացքում տեսել ենք՝ կարող եմ ասել, որ ավելի մեծ գումարներ են ծախսվել, քան Մետայում: Օրինակ, հիմնական դերակատարների ծախսերը Մետայում հասել են առավելագույնը 10 հազար դոլարի, բայց այս գումարը բավարար է ընդամենը 5-6 ինֆլուենսերների վճարելու համար»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը:
Մեդիափորձագետը նաև ֆիքսել է, որ քաղաքական գովազդից բացի, սոցցանցերում եղել են մրցակիցներին սևացնող, վատաբանող գովազդներ, որոնց տարածումն ու տեսանելիությունը մեծացնելու համար կիրառվել է վճարովի գովազդ:
Քարոզարշավին հետևող մամուլը, անհատ քաղաքացիներն ու դիտորդական առաքելություններն այս օրերին ևս բարձրաձայնեցին օնլայն տիրույթում տեղի ունեցող ագրեսիվ հակաքարոզչության մասին: Այս մեթոդն ակտիվորեն կիրառվեց իշխող քաղաքական ուժի կողմից, ինչն էլ չվրիպեց լրագրողների աչքից:
Հակագովազդ` կեղծ օգտահաշիվներով
Փաստերի ստուգման հարթակի լրագրող Սևադա Ղազարյանը դեռևս օգոստոսի սկզբից էր նկատել, որ սոցիալական ցանցերում քաղաքական ուժերից ու քաղաքական գործիչներից բացի, ակտիվացել են նաև նրանց սատարող կեղծ օգտահաշիվներն ու էջերը: Ակտիվ էին հատկապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը սատարող ֆեյսբուքյան էջերը, որոնք իրենց նախընտրելի թեկնածուի քարոզչությունն անելու փոխարեն, զբաղված էին քաղաքական հակառակորդների հակաքարոզչությամբ: Այս էջերի համաժամանակյա ակտիվացումը կամ ստեղծումն առնվազն կասկածելի էր Սևադայի համար: Նա որոշեց ստուգել փաստերն ու հասկանալ, թե ինչ է թաքնված այդ ամենի ետևում:
25-30 նմանատիպ էջ գտնելուց, հավաքելուց և ուսումնասիրելուց հետո սեպտեմբերի 4-ին փաստեր ստուգող լրագրողը հրապարակեց իր «Անհայտ ծագման հազարավոր դոլարներ՝ Ավինյանի հակառակորդներին «սևացնելու» համար․ ինչպես են ՔՊ-ական կեղծ էջերն աշխատում Ֆեյսբուքում» թվային հետաքննությունը:
«Այս թեմայի մասին գրելու միտքը ծագեց այն ժամանակ, երբ իմ անձնական էջը թերթելիս, անընդհատ գովազդ էր գալիս այս կամ այն թեկնածուի հակաքարոզչության մասին: Սկզբում էջերի քանակը քիչ էր, դժվար էր դրանց մեջ ընդհանրություն գտնելը, բավարար ապացուցողական հիմք չկար: Սակայն, հետո սկսեցին ավելանալ:
Ամենակասկածելին այն էր, որ այդ էջերի գործողությունները նույն էին: Սկսեցի ընդհանուր գծեր տեսնել դրանցում: Նոր բացված էջերին գումարվեցին դեռևս 2021-ի նախընտրական շրջանում բացված էջեր, որոնք ընտրություններից հետո ապաակտիվացել էին, հետո նորից ակտիվացել էին ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Մինչև օգոստոսի 8-ը՝ մինչև Հայկ Մարությանի Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին հայտարարությունը, այդ էջերի թիրախում Մանե Թանդիլյանն էր, և այդ հրապարակումների համար գովազդ էր միացված, հայտարարությունից հետո Թանդիլյանին միացավ նաև Մարությանը»,-ասում է Սևադան։
Հազարավոր դոլարների միջոցով տարածվող հակաքարոզչության հիմնական բովանդակությունը վերաբերում էր Մարությանի՝ Չեխիայում ունեցած գույքերին,
ՔՊ-ն լքելուն։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացվում էր, որպես ռուսական իշխանության կամակատար և այլն: Սևադան պատմում է, որ երբ փորձում էին զանգահարել հակաքարոզչություն տարածող էջերում նշված հեռախոսահամարներով, դրանք կամ չէին պատասխանում կամ անհասանելի էին, սակայն հեռախոսահամարները շատ նման էին, միայն մեկ նիշով էին իրարից տարբերվում:
FIP.am-ի հրապարակումից 2 օր անց նմանատիպ հետաքննություն հրապարակեց նաև ՍիվիլՆեթը՝ արդեն իսկ հրապարակված ֆեյք էջերի ցանկին ավելացնելով նոր անուններ, որոնք ևս աշխատում էին նույն ձեռագրով ու նույն կոնցեպտով:
«Այդ էջերը անընդհատ շատանում են, նրանց գործունեության տեմպը չի թուլանում: Նյութի վրա աշխատելու ընթացքում նկաատեցի, որ մի քանի էջեր, որոնց մասին FIP.am-ն արդեն գրել էր, արագորեն փոխել էին իրենց անունները և սկսել էին շարունակել իրենց գործունեությունն այլ անուններով: Օրինակ՝ «Փաստերով» անունը կրող էջը դարձել էր «Hayrenyac», «Մածունը»՝ «Mi Qani hogi»: Հսկայական գումարներ էին ծախսվում այդ նյութերը տարածելու վրա, բայց թե դրանք ինչ գումարներ են, դրանք էլ են անհայտ ու խնդրահարույց»,- պատմում է ՍիվիլՆեթի լրագրող Մկրտիչ Մանուկյանը:
Այս հրապարակումներին արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը: Նա հանդես եկավ ֆեյսբուքյան գրառմամբ ու հրապարակումների հեղինակներին մեղադրեց «հատվածական կուրության» մեջ: Ըստ նրա՝ նույն հակաքարոզչությունը իրականացվում էր նաև իրենց կուսակցության նկատմամբ:
Փաստերի ստուգման հարթակի լրագրող Սևադան պատմում է, որ այդ գրառմանը կից ՔՊ պաշտոնյան հրապարակել էր իրենց կուսակցության նկատմամբ իրականացվող հակաքարոզչության հրապարակումների սքրինշոթեր։ Պաշտոնյայի ֆեյսբուքյան գրառումից հետո Սևադան սկսեց երկրորդ հետաքննությունը։
«Ալեքսանյանի կողմից հրապարակված սքրինշոթերից մեկում՝ «Իմ Զինվոր ԱՊԵՐ» անունը կրող ֆեյսբուքյան էջում, Հայկ Մարությանի ներկայացումից մի հատված էր տեղադրված, որն առհասարակ կապ չուներ քաղաքականության հետ։ Ժամանցային էջ էր, ստեղծված 2014-ին, ուներ մոտ 70 հազար հետևորդ, ոչ Մարությանին վերաբերող տվյալ հրապարակման համար, ոչ էլ էջի որևէ հրապարակման համար գովազդ չէր կիրառվել։ Վահագն Ալեքսանյան էլ որոշել էր, որ դա քաղաքական հակաքարոզչություն է իրենց դեմ և մենք դրան պիտի անդրադառնայինք»,-պատմում է լրագրողը։
Ուսումնասիրության ընթացքում պարզ էր դարձել, որ կցված սքրինշոթերից մեկի՝ ParadoxNews էջի բովանդակությունն էր միայն խնդրահարույց։ Գովազդի տակ դրված էր եղել երկու հրապարակում, որոնք առերևույթ ուղղված էին եղել Տիգրան Ավինյանի դեմ։ Սակայն վերոնշյալ գրառումից հետո, էջը ջնջվել էր և տվյալ էջն ուսումնասիրելու հնարավորություն լրագրողը չէր ունեցել։
Հետաքննական նյութերի վրա աշխատած երկու լրագրողներն էլ համակարծիք են, որ համակարգված հակաքարոզչական թիրախում ֆեյսբուքյան այն օգտատերերն են, ովքեր չեն փորձում ֆիլտրել, ստուգել իրենց ստացած ինֆորմացիան և առանց կասկածի, առանց քննադատական մոտեցման՝ որպես ճշմարտություն են ընդունում ցանկացած հրապարակում։
Մարիաննա Դանիելյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: