Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերը 2 շաբաթ է Երևանցիներին են ներկայացնում իրենց նախընտրական ծրագիրն ու Երևանի զարգացման իրենց տարբերակը: Նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում քաղաքական ուժերի մի մասը հասցրել է օգտվել քաղաքական գովազդի համար օրենքով իրենց հասանելի հեռուստատեսային և ռադիո անվճար ու վճարովի եթերաժամերից:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ամփոփել է օգոստոսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, հեռուստատեսություններում և ռադոընկերություններում քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները: Հաշվարկել, թե յուրաքանչյուր քաղաքական ուժ որքան անվճար և վճարովի եթերաժամանակ է սպառել:
Ավագանու թեկնածուների ծախսերը
Ըստ ՀՌՀ-ի` քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում 14 քաղաքական ուժերից միայն 2`«Հայաստանի եվրոպական» և «Միացյալ Հայաստան» կուսակցությունները չեն օգտվել Հանրային հեռուստատեսությամբ իրենց քաղաքական գովազդն անվճար ցուցադրելու իրավունքից:
Վճարովի քաղաքական գովազդի պարագայում պատկերը մի փոքր այլ է: Քաղաքական ուժերի մեծամասնությունն առաջին շաբաթվա ընթացքում որոշել է վճարովի եթերաժամերից օգտվելու համար շատ գումար չծախսել:
Վճարովի եթերաժամերի ընթացքում քաղաքական գովազդ են գնել հիմնականում «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր» կուսակցությունները և «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը:
«Ապրելու երկիր» կուսակցությունն օգտվել է վճարովի եթերաժամ տրամադրող բոլոր 11 հեռուստաընկերությունների առաջարկներից:
«Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վճարովի եթերաժամ է գնել 10 հեռուստաընկերությունից։ Այս ցանկում չկա միայն «Նոր Հայաստան» հեռուստաընկերությունը:
«Մայր Հայաստան» դաշինքի վճարովի գովազդն էլ բաշխվել է 5` «Արմենիա», «5-րդ ալիք», «Երկիր Մեդիա», «Հանրային» և «Դար 21» հեռուստաընկերությունների միջև:
Հեռուստաընկերությունների ստացած գումարները
Նախքան քարոզարշավի մեկնարկը, հանրապետական սփռման 6 և մայրաքաղաքային սփռման 5 հեռուստաընկերությունները՝ օրենքով սահմանված կարգով, հրապարակել էին նախընտրական քարոզարշավի ընթացքում վճարովի եթերի համար նախատեսված մեկ րոպեի սակագինը:
Ամենբարձր գինը սահմանել էր «Արմենիա» հեռուստաընկերությունը՝ րոպեի համար պահանջելով 100 հազար դրամ:
Երկրորդ հորիզոնականում «Շանթ»-ն էր: Երեկոյան ժամերին՝ 18:00-ից 23:59-ին, 1 րոպեի արժեքը 90 հազար դրամ սակագնային փաթեթով, իսկ 06:00-ից 17:59-ի ընթացքում՝ 45 հազար դրամ:
1 րոպեի համար պահանջվող 48 հազար դրամ-ով երրորդ տեղում Հանրային հեռուստաընկերությունն էր:
Բազմապատկելով վճարովի գովազդի ժամանակը քաղաքական գովազդի մեկ րոպեի սակագնին, կստանանք այն գումարը, որ ստացել են հեռարձակողները քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում։
Առայժմ հեռուստատեսային վճարովի գովազդից ամենաշատ եկամուտ ստացել են «Արմենիա», «Շանթ» հեռուստաընկերությունները (հաշվի առնելով, որ «Շանթ»-ը տարբեր ժամային հատվածներում տարբեր գներ է սահմանել, հաշվարկն արված է միջինացված արժեքով):
Առաջին 7 օրերի ընթացքում հեռուստատեսային վճարովի գովազդից ամենաշատ եկամուտ ստացած հեռուստաընկերությունների եռյակը եզրափակում է «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը: «5-րդ ալիքում» քաղաքական գովազդի յուրաքանչյուր րոպեի համար ուժերը պետք է վճարեն 30 հազար դրամ:
Նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում քաղաքական ուժերը Հանրային հեռուստատեսության համեմատ ավելի քիչ են օգտվել Հանրային ռադիոյի անվճար եթերաժամանակից: Հանրային ռադիոյից վճարովի գովազդային ժամանակ գնել է միայն «Մայր Հայաստան» դաշինքը:
14 քաղաքական ուժերից միայն 2 են իրենց նախընտրական ծրագրերի ու անելիքների մասին երևանցուն պատմելու միջոց որպես կիրառել ռադիոընկերությունների վճարովի եթերաժամանակը:
«Ապրելու երկիր» կուսակցությունը քարոզարշավի մեկ շաբաթվա ընթացքում վճարովի ռադիոգովազդի համար ծախսել է 718.647 դրամ, իսկ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 653. 125 դրամ։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: