2023.08.09,

Նյուսրում

Նոր հարթակ փաստերի ստուգմամբ զբաղվող և բաց աղբյուրներից օգտվող լրագրողների համար

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Տեխնիկական մի քանի շտկումներից ու լրագրողական համայնքի կարծիքների ամբողջացումից հետո, Հանրային լրագրության ակումբը Բաց աղբյուրների հարթակը(ԲԱՀ) կհայտարարի պաշտոնապես գործարկված:  Osp.am հասցեում  հետաքննող լրագրողները, փաստերի ստուգմամբ կամ տվյալների լրագրությամբ զբաղվող մասնագետները շատ կարճ ժամանակահատվածում հայաստանյան բաց աղբյուրներից կկարողանան գտնել իրենց անհրաժեշտ ինֆորմացիան: 

Այս հարթակում ներառված են հայաստանյան  բոլոր հիմնական բաց աղբյուրները, որոնք անհրաժեշտ են որակյալ ու փաստահեն մեդիա բովանդակություն մշակելու համար։

Հանրային լրագրության ակումբի ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Մարտիրոսյանը  Media.am-ի հետ զրույցում ասաց, որ նախքան կայքի ստեղծումն ու գործարկումը, կարիքների գնահատում են իրականացրել լրագրողական դաշտում: Հանդիպել են ինչպես փաստերի ստուգմամբ զբաղվող արդեն փորձառու, այնպես էլ  սկսնակ լրագրողների հետ: Քննարկել՝ թե ինչ խնդիրների են բախվում  նրանք իրենց ամենօրյա աշխատանքում:

«Հանդիպումների ժամանակ լրագրողները  հաճախ ասում էին, որ  բազաները շատ են ու տեղադրված են շատ տարբեր հարթակներում: Ասում էին, որ երբեմն ունենում են  հստակ թեմա, բայց չեն իմանում, թե թեմային վերաբերող  փաստական տվյալներ որտեղից գտնեն: Մենք փորձել ենք լուծել այս խնդիրները  և բոլոր բաց աղբյուրները հավաքել ենք մեկ հարթակում»,- ասում է Ալեքսանդրը:

ՍիվիլՆեթի փաստերի ստուգմամն #CivilNetCheck բաժնի խմբագիր Անի Գրիգորյանը նախաձեռնության սկզբնական փուլում մասնակցել է փորձագիտական քննարկումներին: Բարձրաձայնել ոլորտում առկա խնդիրների ու դժվարությունների մասին: Նախաձեռնության վերջնական արդյունքը փաստերի ստուգող լրագրողին գոհացնում է: Անիի կարծիքով հարթակը կարևոր դերակատարում կունենա փաստահեն լրագրության զարգացման գործում: 

«Շատ դեպքերում  լրագրողները դժվարություններ են ունենում իրենց անհրաժեշտ ինֆորմացիան ստանալու կամ ստուգելու համար վստահելի աղբյուր գտնելու հարցում, այս հարթակը  լուծում է այդ խնդիրը: Բացի այդ որոնողական համակարգերը չեն տալիս թիրախավորված արդյունք, իսկ այս հարթակի օգնությամբ լրագրողը ստանում է  իրեն անհրաժեշտ ինֆորմացիայի հստակ թիրախավորված աղբյուրները»,- պատմում է Անին:   

Նախագիծն իրականություն դարձնելու համար Հանրային լրագրության ակումբում բավականին երկար են աշխատել, փորձել են հաշվի են առել յուրաքանչյուր մանրուք:  ՀԼԱ ադմինիստրատիվ օգնական Սեդա Առաքելայանը պատմում է, որ  ԲԱՀ-ում լրագրողների աշխատանքը հեշտացնելու համար կա որոնման ֆիլտր: Կայքում հնարավոր է անհրաժեշտ ինֆորմացիան փնտրել մի քանի տարբերակով՝ ըստ փնտրվող բառի, ըստ ոլորտի, ըստ կատեգորիայի, ըստ անձի և թեգի: Կազմել են նաև հարթակներից և տվյալների բազաներից օգտվելու մատչելի ուղեցույցներ։ 

«Օրինակ կան դեպքեր, երբ տվյալների հետ աշխատողները գիտեն, որ իրենց հետաքրքրող ինֆորմացիան կոնկրետ այդ հարթակից պետք է վերցնեն, բայց չգիտեն քայլերի հաջորդականությունը, թե ինչպես տվյալ կայքում գտնեն իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը: Հենց այս խնդիրը լուծելու համար էլ մենք կազմել ենք ուղեցույցներ, որտեղ քայլերով բացատրում ենք ինչպես օգտվել այդ շտեմարաններից»,- ասում է Սեդան:

Փաստերի ստուգման հարթակի լրագրող Սևադա Ղազարյանը, ծանոթանալով հարթակին, վստահ է, որ այն  հատկապես արդյունավետ կլինի փաստերի ստուգմամբ զբաղվող սկսնակ լրագրողների համար: Էականորեն կհեշտացնի  ու կհամակարգի նրանց աշխատանքը:

«Կարծում եմ բավականին արդյունավետ գործիք է, հիմնականում այն բոլոր աղբյուրները, որոնցից ես օգտվում եմ ներառված էին հարթակում, նույնիսկ որոշ, ավելի նեղ ոլորտային բազաներ ևս կային, որոնք չէի օգտագործել: Նմանատիպ նախաձեռնության կարիքը միանշանակ կար: Ես, երբ նոր էի սկսում զբաղվել այս ամենով, ամեն մի բազան գտնելու, անհրաժեշտ ինֆորմացիային հասնելու համար

բավականին երկար ժամանակ եմ ծախսել, կամ տարբեր տեղեր եմ ստիպված եղել զանգել ու ճշտել: Հարթակն այսօր լուծում է այդ խնդիրը»,- ասում է Սևադան: 

OSP.am-ի ուսուցողական բաժնում նաև տեղադրված է ԲԱՀ-ից օգտվելու կանոնների մասին պատմող փորքիկ տեսանյութ, որտեղ հանգամանորեն բացատրվում է, թե ինչպես գտնել անհրաժեշտ ինֆորմացիան:

Կայքի մյուս կարևոր հատվածն էլ «Կիսվեք Ձեր տվյալների բազայով» պատուհանն է, որտեղ լրագրողները կարող են կիսվել իրենց  հավաքագրած ու մշակած տվյալների շտեմարաններով, որոնք արդեն կիրառել են իրենց գործունեության ընթացքում:

Մարիաննա Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *