2023.08.02,

Նյուսրում

Լուսաբանելով հաշմանդամությունը՝ Գլոբալ մեդիա ֆորումի արձագանքը Հայաստանում

Հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ լուսաբանումներում մեդիան կարծրատիպային մոտեցումներ է ցուցաբերում. այս խնդիրը վերջերս Բոննում կայացած Գլոբալ մեդիա ֆորումի թեմաներից մեկն էր: 

Ֆորումն այս տարի անցկացվում էր «Հաղթահարելով բաժանարար գծերը» խորագրի ներքո։ Քննարկվում էին ամենատարբեր խնդիրներ, որոնց առնչվում են լրագրողները՝ պատերազմներ, ատելության խոսք,   զարգացող միջավայրում լրատվամիջոցի գոյության կռիվ, մարտահրավերներ և այլն: Որպես բաժանարար գիծ ընկալվող թեմաների շարքում էր հաշմանդամությունը: 

Սաբրիյե Թենբերքենը գերմանացի է, կուրություն ունի 12 տարեկանից, Բոնն եկել էր Տիբեթից: Նա Տիբեթում տեղական լեզվով Բրալյան համակարգի հեղինակն է և կույրերի համար դպրոցի հիմնադիրը:  

«Լրագրողները խոսում են ոչ թե մարդու կամ նրա ձեռքբերումների մասին, այլ նրա հաշմանդամության ու տառապանքների մասին: Բայց այդ մարդիկ սովորական մարդիկ են, նրանք չեն տառապում, նրանք ապրում են: Լրագրողները պետք է ազատ լինեն կլիշեներից, և իրական ներառականություն կարող է լինել այն դեպքում, երբ լրագրողը նկատի պատմությունը պատմության հետևում»,- «Հաշմանդամությունը մեդիայում» թեմայով իր ելույթում ասում էր Սաբրիյեն: 

Սաբրիյեի ելույթը ազդեցիկ էր և շատ ոգևորիչ: Նա հաշմանդամություն ունեցող երեք անձանց օրինակով ցույց էր տալիս, թե ինչի են ընդունակ այդ մարդիկ և թե ինչ սիրով ու նվիրվածությամբ նրանք կարող են փոխել ճակատագրեր:

Սաբրիյե Թենբերքենը Գլոբալ մեդիա ֆորումում

Սաբրիեի հերոսներից մեկը հնդկուհի Շիշթին էր. նա տեսողության խնդիր ունի, չի տեսնում, երազում է պարուհի դառնալ: Ընտանիքը, ընկերները ասել են՝ վերջ, պարուհու կարիերան չի ստացվի, սակայն Սաբրիեի հիմնադրած «Կանթհարի» առաջնորդական կենտրոնում ոգևորել են Շիշթիին՝ ինչո՞ւ չի ստացվի պարուհի դառնալ, չէ՞ որ ունես ձեռքեր ու ոտքեր, հետո ի՞նչ, որ չես տեսնում: Այս կենտրոնից դուրս գալուց հետո Շիշթին հիմնում է «Կույրը ցնցում է» (Blind rocks) կազմակերպությունը, որտեղ կույրերին սովորեցնում են պարել, մեկնել արշավների, մասնակցել տարբեր հետաքրքիր միջոցառումների:  

«Եվ ահա նորից բաժանարար գծեր. մի ռեժիսոր սկսեց ֆիլմ նկարել Շիշթիի մասին, սակայն ոչ թե նրա հաջողությունների, այլ կյանքը մթության մեջ ապրելու մասին: Դերասանուհին, որը Շիշթիին էր մարմնավորում, մշտապես արտասվում էր ու դժգոհում ճակատագրից, որ կույր է: Շիշթին բարկացած էր, ասում էր՝ ես, ախր, չեմ տառապում կուրությունը հաղթահարելով, ես տառապում եմ հասարակության կարծրատիպերից, որը առաջ է մղում մեդիան»,- պատմում էր Սաբրիյեն: Նրա պատմությունները այնքան ոգևորիչ էին, որ դահլիճում «Դոյչե Վելեի» կուրություն ունեցող լրագրողներից մեկը ոտքի կանգնելով ներկայացավ, այնուհետև նկատեց. «Ես նախ լրագրող եմ, հետո՝ կույր»: 

Բաժանարար գծերի, կարծրատիպերի հետ կապված խնդիրները հնարավոր է նկատել նաև հայաստանյան մեդիայում հաշմանդամությունը լուսաբանելիս: Թեպետ Հայաստանում կրթական հաստատությունները ներառական են ու պարբերաբար հայտարարվում է հանրության անդամների հնարավորությունների հավասարության մասին, այդուհանդերձ, հաշմանդամություն ունեցողներին մարդիկ հիմնականում վերաբերում են խղճահարությամբ և դժվարանում նրանց ընկալել իրենցից մեկը:  

Լրագրող, գրող Արման Գասպարյանը հաճախ է բախվում նման իրավիճակի: Նրա որդին հաշմանդամություն ունի, և նա սեփական փորձից է ասում՝ Հայաստանում հանրությունը անկարող է իր շարքերում ընդունել ու ներառել խոցելի խմբերին, պաշտպանել և անհրաժեշտ պայմաններ ստեղծել։ Ավելին, նրա խոսքով, ամեն ինչ սահմանափակվում է խղճահարությամբ։ 

«Կարող եմ միայն վստահեցնել` ոչ ոք խղճահարության ու անգամ ապրումակցման կարիք չունի։ Միակ բանը, ինչ կարող է ու իրավունք ունի պահանջել հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողը, հանրության պատրաստ լինելն է ընդունել իր երեխային այնպես, ինչպես կա, որ երեխեքին տնից հանելուց ծնողը մի հատ լրացուցիչ չմտածի, թե էս անգամ ով է թարս կամ զարմացած նայելու։ Իսկ դրա համար հանրությանը պետք է դաստիարակել, հանրությունն ինքն իրեն պիտի դաստիարակի։ Իհարկե, իմ նման ծնողի համար լավագույն դաստիարակությունը նման երեխաներ ունենալն է, բայց զարգացած հասարակություններում վաղուց արդեն հասկացել են, որ խոցելի երեխեքը իրենց բոլորի ու ամեն մեկի երեխեքն են»,- ասում է Արման Գասպարյանը: 

Ի՞նչ ազդեցություն ունի մեդիան հանրային նման ընկալումների վրա, արդյոք մեդիան չի նպաստել այդ կարծրատիպերի տարածմանը, հրապարակվող նյութերով չի առաջացրել խղճահարություն հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ:  

«Մեդիան նպաստում է ամեն ինչին, բայց այստեղ հարցը ավելի շատ ոչ թե մեդիայի ազդեցության մասին է, որքան մեդիայի վրա հասարակական պատկերացումների ու ստերեոտիպերի ազդեցության։ Ի վերջո, մեդիայում աշխատում են նույն այդ հասարակության ներկայացուցիչները, որոնք իրենց պատկերացումներն ու ստերեոտիպերը արտացոլում են նաև իրենց տված մեդիա արտադրանքի վրա։ Ստացվում է փակ շրջան. հասարակական պատկերացումներն ազդում են մեդիայի վրա, որն էլ շարունակում է սնուցել հասարակական պատկերացումները»,- ասում է Արմանը: 

Նրա խոսքով, լրագրողը պետք է հրաժարվի կարծրատիպային մտածելակերպից, ավելի լայն նայի իր թիրախային խմբին, հասկանա իր կրած պատասխանատվության աստիճանը. «Հայաստանում մեդիան, իհարկե, տարբեր է։ Տարբեր լրատվամիջոցներ տարբեր խնդիրներ են լուծում, որոնցից մեկը ընթերցողի էմոցիոնալ ռեակցիայի միջոցով ընթերցումներ հավաքելն է։ Իսկ այդ դեպքում բոլոր միջոցները կիրառվում են։ Կան լրատվամիջոցներ, որոնք շատ ավելի ադեկվատ են այս հարցում, դուրս են կաղապարներից ու ստերեոտիպերից, բայց դրանք քիչ են»: 

Լրագրողն ասում է՝ պետք է կրթել լրագրողներին և այդ հարցում մեծ դեր կարող են ունենալ հաշմանդամության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպութունները: 

«Շատ տարբեր կարծրատիպեր մեդիան ոչ միայն ժամանակին ստեղծել է, այլ նաև վերարտադրել: Այդ թվում՝ հաշանդամություն ունեցող անձանց նկատմամբ խղճահարությունը: Սա մի խնդիր է, որը միշտ, բոլոր ժամանակներում եղել է», -իր հերթին նկատում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության նախագահ Մուշեղ Հովսեփյանը:  

Ավելին, բացի խղճահարություն առաջացնելը, ըստ Հովսեփյանի, մեդիան նաև հերոսականացնում է հաշմանդամություն ունեցող անձանց, որոնք լրագրողական նյութերում դառնում են սուպեր հերոս, հաշմանդամություն չունեցող անձանց ոգեշնչելու աղբյուր:  

«Շատ կարևոր է, որ լրատվամիջոցները հատկապես հաշմանդամության մասին լուսաբանելիս նկատի ունենան, որ գործ ունեն մարդու հետ: Եթե դրանք մարդկային պատմություններ են և ուղղակիորեն վերաբերում են հաշմանդամությանը, պետք է արտացոլեն մարդու կյանքը և այն իրականությունը, որտեղ մարդն ապրում է՝ իր բոլոր դժվարություններով, ցավերով և այլն: Բայց երբ մարդը հաջողակ երիտասարդ է, որը որոշակի նվաճումներ ունի, պարտադիր չէ, որ լրատվամիջոցը անդրադառնա նաև իր հաշմանդամությանը: Պետք է բալանսավորել և անհարկի շեշտադրում չանել հաշմանդամության վրա, որտեղ դրա կարիքը չկա»,- ասում է Հովսեփյանը:  

Հասմիկ Համբարձումյան 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *