2023.07.28,

Նյուսրում

Առևտրային գովազդը Հանրայինի եթերում վերջին երեք տարիներին

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

2020 թվականից Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը առևտրային գովազդ է հեռարձակում։ Առաջին ալիքը իրավունք ունի եթերային մեկ ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ հեռարձակել։ Սա ավելի քիչ է, քան մասնավոր հեռուստաընկերությունների դեպքում, որոնք ունեն մեկ ժամում մինչև 14 րոպե գովազդ հեռարձակելու իրավունք։

Գովազդից եկամուտ ստանալու հնարավորությունը նորություն չէ Հանրայինի կյանքում։ Մինչև 2014 թվականը Հ1-ը հնարավորություն է ունեցել հեռարձակելու առևտրային գովազդ, որը չի գերազանցել հաղորդումների 7 տոկոսը, սակայն 2015 թվականի հունվարի 1-ից հեռուստաընկերությունը զրկվել է այդ իրավունքից։

Պարզելու համար, թե 2020-ից հետո որքա՞ն գումար է ստացել Առաջին ալիքը առևտրային գովազդ հեռարձակելու համար և ինչի՞ վրա է ծախսել այդ գումարը, գրավոր հարցմամբ դիմեցինք հեռուստաընկերությանը։

Ի պատասխան Հանրայինից հայտնեցին, որ գեներացված առևտրային գովազդի գծով եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը հետևյալն է՝

  •       2020 թ․ – 154․2 մլն ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ
  •       2021 թ․ – 517․8 մլն ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ
  •       2022 թ․ – 689 մլն ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ։

Ստացվում է, որ երեք տարիների ընթացքում Հանրայինը առևտրային գովազդի ցուցադրման համար ստացել է ընդհանուր առմամբ շուրջ 1 մլդ 361 մլն դրամ ներառյալ ԱԱՀ։

Հանրայինի խոշոր գովազդատուները բանկային, առևտրային կենտրոններն են, տարբեր ոլորտների ներմուծող կազմակերպությունները, կապի ոլորտի կազմակերպությունները և այլն։

Գովազդային եկամուտների հաշվին Հանրային հեռուստաընկերությունը, ինչպես գրված է հարցման պատասխանում, իրականացնում է ՀՀ պետական բյուջեից ստացվող տարեկան ֆինանսական հատկացումների շրջանակներում չներառված անհրաժեշտ ծախսերը։

Խոսքը հիմնականում հեռուստատեսային պարկի թարմացման, շենքերի ու տաղավարների շինարարական աշխատանքների իրականացման, ներգրավված վարկային միջոցների մարման, շահութաբաժնի վճարման և այլ անհրաժեշտ ծախսերի իրականացման մասին է։

Հանրային հեռուստատեսության «Նորք» գովազդային գործակալության տնօրեն Հովհաննես Թովմասյանն ասում է, որ հեռուստաընկերության բարձր վարկանիշը նպաստել է, որ կարճ ժամանակում Հանրայինը հեռուստագովազդի շուկայում լուրջ խաղացող դառնա:

«Հանրայինը ունի գովազդային ծավալների էական սահմանափակումներ և, ի տարբերություն մասնավոր TV-ների, օրենքով գրեթե երեք անգամ ավելի քիչ գովազդային ծավալի իրավունք ունի ու բնական է, որ գովազդային մուտքերի պոտենցիալի տեսանկյունից Հանրայինը չի կարող մրցակցել դաշտում հիմնական, կամ խոշոր մասնավոր հեռուստաընկերությունների հետ»,- ասում է Հովհաննես Թովմասյանը։

Ըստ նրա՝ Հանրայինում տեսանելի բազմաթիվ զարգացումներ կան, հեռուստադիտողի ընկալումները Առաջին ալիքի մասին փոխվել են` այն դարձել է առավել հետաքրքիր ու դինամիկ։

«Կարող եմ ասել, որ ժամանակի ընթացքում բազմաթիվ գովազդատուներ՝ գիտակցելով և տեսնելով Հանրայինի իրական վարկանիշը և պոտենցիալը, իրենց մարքեթինգային ակտիվությունները և պլանը կազմելիս սկսում են առավել մեծ ուշադրություն դարձնել նաև Հանրայինին, ինչի հետևանքով հանրօգուտ նաև կրթական ու մշակութային բաղադրիչներով կոնտենտը դառնում է գրավիչ, իսկ Հայոց լեզուն սիրված՝ թե՛ սերիալներում, թե՛ ֆիլմերում, և՛ թե առհասարակ առօրիայում»,- ասում է Թովմասյանը:

Պետական բյուջեից և այլ աղբյուրներից Հանրային հեռուստատեսության եկամուտների մասին տեղեկատվությունը հասանալի է Հանրային հեռարձակողի խորհրդի տարեկան հաղորդման մեջ։

Տիգրանուհի Մարտիրոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *