2023.06.28,

Նյուսրում

Արցախի լրագրողների աշխատանքը բլոկադայի պայմաններում

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Բետոնե արգելապատնեշից այն կողմ, 120 հազար արցախցիներն են՝ զրկված հումանիտար որևէ օգնությունից: Արցախն արդեն ավելի քան կես տարի է, գտնվում է շրջափակման մեջ: Գազի մասին վաղուց մոռացել են, խափանված է Հայաստանից դեպի Արցախ էլեկտրաէներգիայի մատակարումը: Պլանային վիրահատություններ չեն կատարվում, միայն անհետաձգելի բուժօգնություն է տրամադրվում քաղաքացիներին։ Առաջնային անհրաժեշտության ապրանքների, սննդամթերքների որոշ տեսակների ու դեղերի պակասն արդեն կրիտիկական է դառնում:

Ադրբեջանը Արցախը կտրել ու մեկուսացրել է ամբողջ աշխարհից: Շրջափակման հետևանքով ո՛չ հայաստանյան, ո՛չ էլ միջազգային լրագրողները չեն կարողանում գնալ Արցախ ու այնտեղից պատմել իրավիճակի մասին:

Այս պայմաններում տեղացի լրագրողներն աշխատում են և՛ ներքին, և՛ արտաքին լսարանի համար։ Media.am -ի հետ զրույցում մեր գործընկերները պատմել են, թե շրջափակման պայմաններում ինչ խնդիրների են հանդիպել ու լուծման ինչ տարբերակներ են գտել:

Հայկ Ղազարյան

Ավարտել է Արցախի պետական համալսարանի լրագրություն բաժինը։ 2011-2012 թթ․ սովորել Կովկասի ինստիտուտի քաղաքական եւ սոցիալական լրագրության բաժնում։ 2013-ից Անալիտիկոն (Ստեփանակերտի մամուլի ակումբ) հանդեսի թողարկող խմբագիրն է։ 2018-2020 թվականներին թղթակցել է Հետքին։ 2021-ից ՍիվիլՆեթի արցախյան թիմի կազմում է։

Հայկ Ղազարյան։ Լուսանկարը՝ Մարութ Վանյանի

Շրջափակումն իսկապես բարդացրել է լրագրողների աշխատանքը: Դժվարությունները շատ տարբեր են՝ տեխնիկական խնդիրներից մինչև բովանդակային ու հոգեբանական: Օրինակ, լրագրողի համար այսօր տեղից տեղ գնալը, դեպքի վայր հասնելը շատ լուրջ խնդիր է, քանի որ վառելիք չկա, երբեմն ստիպված ենք լինում ոտքով ինչ-որ տեղեր գնալ:

Շրջափակման ընթացքում կար մի պահ, որ կտրոններով վառելիք էինք ստանում, ես մեկ անգամ ստացել եմ, բայց հիմա վառելիք միայն հանրային տրանսպորտին են տալիս: Չնայած, այսօր ասացին, որ երբեմն կարող ենք  հանրայինի հետ գնալ նկարահանումների, քանի որ իրենց վառելիք հատկացվում է:

Տեղաշարժման խնդրին երբեմն ավելանում է նաև կապի բացակայությունը, ու հաճախ ունեցածդ ինֆորմացիան ստուգելու համար ստիպված ես լինում ոտքով մոտենալ դեպքի վայր, որ գոնե առաջին աղբյուրից կարողանաս ճշտել:

Օրինակ՝ ոստիկանների դեմ կատարված դիվերսիայի դեպքում, ես բարձրացել եմ էն կետը, որտեղ առավելագույնը հնարավոր էր մոտենալ դեպքի վայրին, մինչև ԱԱԾ-ի աշխատակիցների հսկողության գոտին, և տեղում փորձել եմ հասկանալ, թե ինչ է կատարվում:

Բարդացել է նաև տեղեկություն ստանալը: Ի տարբերություն շրջափակման առաջին օրերի, հիմա թե՛ պաշտոնյաները, թե՛ գերատեսչությունների մամուլի խոսնակները ավելի դժվարությամբ են հարցազրույցներ տալիս, իրենք էլ չգիտեն ինչ ասեն, ինչ-որ հատուկ ինֆորմացիա չունեն, որ գան և ասեն լրագրողներին:

Նույն խնդիրը կա նաև բժիշկների հետ։ Շրջափակման սկզբում նրանք շատ ակտիվ աշխատում էին մեզ հետ։ Հիմա ավելի հաճախ հրաժարվում են հարցազրույցներից, ասում են միևնույն է, որ խոսենք ի՞նչ է փոխվելու: Եվ ընդհանուր առմամբ կարծես ինֆորմացիոն վակուում է առաջանում:

Ռազմական դրության ընթացքում տարբեր խստացումներ են եղել, տարբեր որոշումներ են ընդունվել, ըստ որոնց շատ չպիտի շեղվենք պաշտոնական տեղեկատվությունից:

Սակայն նույնիսկ էս խստացումների ֆոնին, պետք է ասեմ, որ բավականին ազատություն կա Արցախում, համենայն դեպս ես էդպես լուրջ խնդիրների չեմ հանդիպել, որ ինչ-որ մեկը ճնշի։ Բացառվում է, էսքան ժամանակ չի եղել:

Նախքան պատերազմն ու բլոկադան ավելի շատ կոռուպցիայի թեմայով էի գրում, չարաշահումների մասին, բայց հիմա դրանք ակտուալ չեն: Երբ սմերչի արկ է թռչում դեպի քո տուն, լրագրողական բոլոր սկզբունքները մի կողմ են գնում: Պատկերը կտրուկ փոխվում է, երբ դու գիտես, որ քո տունն է վտանգի տակ:

Սա իրականությունն է, ոչ թե այն, ինչ որ կա լրագրողական տեսությունների, թեորիաների մեջ: Դու կոնֆլիկտի մի կողմ ես դառնում: Երբ նույն տեղում քո ընտանիքն է ապրում, քո հարազատները, երեխաները, դու շուրջդ կատարվող իրադարձություններն այլ կերպ ես զգում: Եվ ինչքան էլ ուզես պահպանել քո մասնագիտական չեզոքությունը, միևնույն է՝ անհնարին է դառնում։ Այլ կլիներ պատկերը, եթե ես լուսաբանեի, օրինակ, Ուկրաինայի պատերազմը:

Սիրանուշ Ադամյան

Ավարտել է Արցախի պետական համալսարանի լրագրություն բաժինը։ Մասնակցել է մեդագրագիտության և մուլտիմեդիա լրագրության ոչ ֆորմալ դասընթացների։ 2022-ից աշխատում է Սիվիլնեթի Արցախի գրասենյակում։

Սիրանուշ Ադամյան

Մինչև պատերազմը չեմ աշխատել։ Սովորելու ընթացքում ավելի շատ գրում էի մարդկային պատմություններ: Պատերազմից հետո, ավելի շատ տեղահանվածների մասին սկսեցինք գրել, թե ինչ են անում, ինչ խնդիրներ ունեն, ինչով են զբաղվում:

Հիմա թեման մեկն է՝ բլոկադան: Ամեն ինչ կապվում է շրջափակման հետ։ Անդրադառնում ենք այն թեմաներին, որոնք վերաբերում ու հետաքրքրում են արցախցուն՝ հիվանդների սպասարկում, տրանսպորտի խնդիր։

Թեմաների առումով երբեմն խնդիրներ են լինում ինֆորմացիա կամ տվյալ գտնելու հետ կապված: Շրջափակումից հետո, տեղեկատվություն տրամադրելու հարցը որոշ չափով դժվարացել է, որոշ սահմանափակումներ են գործում, բայց եթե ասեմ, որ ինչ-որ լուրջ խնդրի ենք բախվում և բացարձակ ինֆորմացիա չկա, էդպես չի:

Օրինակ, եթե ուզում ենք տնտեսական իրավիճակի հետ կապված նյութ պատրաստել և դիմում ենք էկոնոմիկայի նախարարարություն, հրաժարվում են, ասում են, որ իրենց արգելված է էդ թեմայով խոսելը: Կամ, վերջերս ծնելիության թեմայով նյութ էի ուզում պատրաստել, էն մասին, թե պատերազմից հետո կամ շրջափակման ընթացքում քանի երեխա է ծնվել: Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ նոր որոշում կա, որ ծնելության թեմայով իրենք չեն խոսում, ու էդ թեմայով տվյալ չեն հրապարակում:

Ծնելիությունից բացի, բնակչության թվի հետ կապված էլ ինֆորմացիա չեն տալիս։ Օրինակ՝ եթե ինչ-որ գյուղ ենք գնում, համայնքի ղեկավարը չի ասում, թե իրենց  գյուղում ինչքան բնակիչ կա։ Ասում է՝ իրեն ասել են, որ թվեր չհրապարակի: Դե իհարկե սա դժվարացնում է աշխատանքը, բայց քանի որ որոշում կա, աշխատում ենք բոլորս էլ հետևել էդ որոշումներին: Ավելի շատ փորձում ենք պաշտոնական տեղեկատվությանը հետևել և ըստ դրա կազմակերպել մեր աշխատանքը:

Աշխատելով շրջափակված Արցախում՝ ինձ համար շատ կարևոր է որ մեր պատրաստած նյութերը Սիվիլնեթի մեր երևանյան գործընկերները թարգմանում են ռուսերեն և անգլերեն, գոնե էդ ճանապարհով ինֆորմացիան հասանելի է դառնում նաև արտասահմանցի ընթերցողներին:

Բացի այդ թվիթերյան էջերով ենք տարածում, յութուբյան էջերով, փորձում ենք գոնե էդ տարբերակներով ավելի հասանելի դարձնել արտասահմանի լսարանին էստեղ տեղի ունեցողը:

Կարծում եմ միջազգային մամուլում բլոկադայի լուսաբանումը շատ կարևոր է։ Եվ հենց էստեղ է, որ շատ կարևոր է, թե մենք ի՞նչ նյութ ենք տրամադրում իրենց, ի՞նչ լուսանկար ենք տալիս, որքանով է այդ լուսանկարը ճիշտ արտացոլում Արցախում տեղի ունեցողի ընդհանուր պատկերը: Կարծում եմ այսօր Արցախի լրագրողների ուսերին մեծ պատասխանատվություն է դրված:

Մարութ Վանյան

Ֆրիլանս լրագրող է։ Լրագրությամբ զբաղվում է 2015թ-ից։ Մասնակցել է լրագրողական ոչ ֆորմալ տարբեր դասընթացների։ Իր իսկ բնորոշմամբ շրջափակումը դարձավ պատճառ, որ զբաղվի ակտիվ լրագրությամբ և իր աշխատանքում կիրառի Թվիթերը։

Մարութ Վանյան

Բլոկադան մի տեսակ ամեն ինչի վրա է ազդել, ամեն ինչն է սահմանափակվել, էդ թվում խոսելը։ Չեմ ասի, որ Հյուսիսային Կորեայի է վերածվել Արցախը, բայց ամեն դեպքում ոնց որ տեղեկատվությունն էլ է բլոկադայի մեջ հայտնվել: Ես չէի ասի, որ նախքան շրջափակումը Արցախում ազատ մամուլ է եղել ՝ ի տարբերություն Հայաստանի։ Հանրային հեռուստատեսությունն է, պետական թերթեր են, տենց անկախ մամուլ առանձնապես չի էլ եղել, որ հիմա էլ սահմանափակվի ազատ խոսքը։

Էն փաստը, որ այսօր Արցախում ո՛չ միջազգային, ո՛չ հայաստանյան լրատվամիջոցները հնարավորություն չունեն աշխատելու, մի տեսակ վակուում է առաջացնում: Դրսից եկած մարդը շատ ավելին է տեսնում ու շատ տրամաբանական հարցեր բարձրացնում: Բացի այդ հոգեբանանական առումով իսկապես շատ դժվար է, անընդհատ գրել նույն թեմայի մասին, որն անմիջականորեն վերաբերում է նաև քեզ։

Ես իմ աշխատանքում ավելի շատ շեշտը դրել եմ միջազգային մամուլի հետ աշխատանքի վրա, որ հնարավորինս ավելի մեծ լսարան տեղեկացված լինի, թե ինչ է կատարվում Արցախում: Բլոկադայի ժամանակ սկսեցի շատ սիրել Թվիթերը։ Այն ամենակարճ ճանապարհն է աշխարհին Արցախում տեղի ունեցածի մասին պատմելու համար: Երբ ես թվիթ եմ անում, իմ նպատակն է, որ այն մաքսիմում հասանելի ու հասկանալի լինի արտասահմանցի օգտատերերի համար:

Ինձ շատ են գրել միջազգային լրատվամիջոցներից ՝ BBC-ից մինչև Al Jazeera English: Ինչքան որ հասցրել եմ և՛ մեկնաբանություններ եմ տվել, և՛ իրենց համար հոդվածներ եմ գրել ամենակարևոր թեմաների մասին:

Պետք է ասել, որ այն դեպքերում, երբ կա միջազգային լրատվամիջոցների հետաքրքրությունը, մեր կողմից համարժեք արձագանք չկա: Նույնիսկ հեռավար տարբերակով միջազգային ԶԼՄ-ի հետ բավարար աշխատանք չի արվում: Շատ տարօրինակ է ստացվում՝ հաճախ մենք դժգոհում ենք, որ Եվրոպան լուռ է, չի լսում, միայն հայտարարություններ են անում, բայց հենց մենք չենք տալիս էն անհրաժեշտ ինֆորմացիան, որը մեզանից իրենք ուզում են:

Հիմա մի տեսակ մարդիկ էլ են փոխվել, ու հասարակության հետ աշխատանքն էլ է դժվարացել։

Հասարակ օրինակ բերեմ, եվրոպական մի թերթի համար հոդված պետք է գրեի շրջափակման առաջացրած սոցիալական խնդիրների մասին՝ հերթերի, ապրանքների բացակայության։ Անգամ դատարկ խանութները մարդիկ արգելում էին, որ նկարեմ։ Էլ չեմ ասում հերթերի մասին։ Բնականաբար ես դեմքերը չէի նկարելու, բայց անգամ էդ դեպքում մարդիկ ըմդդիմանում էին։

Եղել է, որ գնացել եմ գազամատակարարման դադարեցման հետևանքով ցուրտ ու դատարկ դասարան նկարեմ, տնօրենն արգելել է։ Առանց բացատրության:

Մարդիկ դարձել են շատ կասկածամիտ: Լինում է, որ քաղաքում նկարում ես, մարդիկ գալիս են մոտենում,հարցնում են ո՞վ ես, ի՞նչ ես նկարում։ Անգամ դեպք է եղել, երբ քաղաքացին անձնագիրս է  խնդրել տեսնել: Կատակի եմ վերածել, անցել գնացել է։

Դժվարությունները շատ շատ են։ Ես դեռ գոնե մյուս լրագրողների նման երթևեկության խնդիր չունեմ։ Հեծանիվ եմ վարում, լավ է գոնե վառելիքի բացակայության պատճառով աշխատանքս չի տուժում։ Կարողանում եմ տարբեր տեղեր գնալ, նկարել, հարցազրույցներ անել։

Գերատեսչություններում էլ  բյուրոկրատիան է խանգարում։ Հասարակ օրինակ, ուզում ես գնալ հիվանդանոց, էմոցիաներ ֆիքսել, հիվանդանոցում գտնվող երեխաների ծնողների հետ զրուցել, բժշկի հետ խոսել։ Ստիպված ես ամեն անգամ նախարարությունից թույլտվություն ստանալ։ Ասում են, որ ցանկացած տրամադրվող տեղեկություն պետք է ճշտվի տեղեկատվական կենտրոնի հետ։ Մինչև էդ բոլոր թույլտվությունները ստանում ես, դու էլ ես հոգնում։

Ամենազդեցիկ պատմությունները հենց հիվանդանոցներում են լինում։ Դեռ շրջափակման սկզբին, երբ սնունդը, դեղորայքը իսպառ վերջացել էին, զրուցում էի հիվանդանոցում բուժվող երեխաներից մեկի մայրիկի հետ։ Նա լացելով պատմում էր, թե ոնց է երեխայի դեղերը կես-կես տալիս, ոնց է տան վերջին կարտոֆիլը բաժանել 4 մասի, ու ամեն օր մի մասը պատարաստել երեխայի համար, քանի որ դա նրա ամենասիրելի ուտեստն է։ Սա իսկապես շատ տխուր էր ու դժվար։ Հոգեբանորեն վրաս շատ էր ազդել:

Մյուս կողմից էլ  պիտի կարողանաս իրականությունն էլ  էնպես լուսաբանել, որ խուճապ չառաջանա: Արդեն իսկ սրված, լարված իրավիճակը էլ ավելի չվատանա: Ես էս առումով շատ զգույշ եմ աշխատում, բայց նաև փորձում եմ միշտ ճշմարտությունը ներկայացնել: Երբեք երևույթները չեմ չափազանցնում։ Օրինակ՝ եթե ամիսներով բանան չի եղել, ասել եմ բանան չկա։ Բայց որ ներկրվել է, դրա մասին էլ եմ գրել: Դեղորայք չի եղել ասել եմ չկա։ Հետո Կարմիր խաչը բերել է, դա եմ գրել: Ճշմարտությունը թանկ է։ Ես էդպես եմ մտածում:

Մարիաննա Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *