ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2023թ-ին մամուլի ազատության համաշխարհային օրվա համար թեմա է հռչակել արտահայտվելու ազատությունը։ Մայիսի 3-ին աշխարհում մամուլի ազատության այս օրը նշվում է 30-րդ անգամ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս անգամ օրվա համար հետևյալ խորագիրն է ընտրել՝ «Ձևավորելով իրավունքների ապագան․ արտահայտվելու ազատությունը որպես մնացած բոլոր իրավունքների խթանիչ»։
Օրվա վերաբերյալ իր ուղերձում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ընդգծել է, որ մամուլի ազատությունը ժողովրդավարության և արդարության հիմքն է և մեզ տալիս է այն փաստերը, որոնք մեզ անհրաժեշտ են կարծիքներ ձևավորելու և ճշմարտությունը իշխանությանը բարձրաձայնելու համար:
Գուտեյրեշն ասել է, որ աշխարհի բոլոր անկյուններում մամուլի ազատությունը հարվածի տակ է ու ավելացրել, որ 2022 թվականին սպանվել է լրատվամիջոցների առնվազն 67 աշխատակից, ինչը 50%-ով ավել է նախորդ տարվա համեմատ։
«Ճշմարտությանը սպառնում է ապատեղեկատվությունը և ատելության խոսքը՝ փորձելով ջնջել փաստի և հորինվածքի, գիտության և դավադրության միջև սահմանները։ Մեդիա ինդուստրիայի աճող կենտրոնացումը մի քանիսի ձեռքում, բազմաթիվ անկախ լրատվական կազմակերպությունների ֆինանսական փլուզումը և ազգային օրենքների ու կանոնակարգերի ավելացումը, որոնք խեղդում են լրագրողներին, ավելի են ընդլայնում գրաքննությունը և սպառնում խոսքի ազատությանը»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Մայիսի 3-ին Լրագրողներ առանց սահմանների (RSF) կազմակերպությունը հրապարակել է Մամուլի ազատության ավանդական ինդեքսը։ Այն գնահատում է լրագրողների ազատություններն ու աշխատանքային պայմանները աշխարհի 180 երկրներում։
RSF-ի գնահատականների համաձայն Հայաստանը բարելավել է մամուլի ազատության ինդեքսը՝ զբաղեցնելով 49-րդ հորիզոնականը։ Անցյալ տարի Հայաստանը 51-րդն էր։
Մամուլի ազատության համաշխարհային օրվա թեմայով սոցիալական ցանցերում գրառումներ կատարելիս ՄԱԿ-ն առաջարկում է կիրառել #WPFD հեշթեգը։
Գեղամ Վարդանյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: