Ֆեյսբուքի Վերաքննիչ խորհուրդը հայ ռազմագերիների վերաբերյալ մի տեսանյութի դեպք է դիտարկում ու թեմայով ընդունում է հրապարակային մեկնաբանություններ։
Տեսանյութը, որը դիտարկում է Վերաքննիչ խորհուրդը, Ֆեյսբուքում տեղադրվել է 2022-ի հոկտեմբերին։ Այն ներկայացնում է ադրբեջանցիների կողմից հայ զինվորականների գերեվարումը։ Տեսանյութում կարելի է տեսնել հայ զինվորների դեմքերը։
Ֆեյսբուքի մամուլի հաղորդագրությունը պնդում է, որ տեսանյութը դիտվել է ավելի քան 100 անգամ, ունի մինչև տասը ռեակցիա (լայք կամ այլ էմոցիա) և չի շեյրվել կամ «ռիփորթ» արվել որևէ մեկի կողմից։
Ֆեյսբուքը խնդրահարույց է համարել այդ տեսանյութը, քանի որ Մետայի (Ֆեյսբուք ընկերության) ստարդարտներն արգելում են ցուցադրել ռազմագերիների դեմքերը կամ նրանց գտնվելու վայրը։
Մետան դեպքն ուղղորդել է Ֆեյսբուքի Վերաքննիչ խորհրդին, քանի որ ցանկանում է որոշել ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ռազմական հանցագործության վերաբերյալ տեղեկությունների տարածման կարևորության և ռազմագերիների ինքնությունը չբացահայտելու կարևորության միջև բալանսը։
Վերաքննիչ խորհուրդը քննության է վերցրել գործը ու դիմել է հանրությանը՝ թեմայով հանրային մեկնաբանություններ ստանալու համար։
Յուրաքանչյուրը կարող է գրանցվել ու կարծիքը հայտնել հետևյալ հարցադրումների մասին։
- Սոցիալական մեդիա հարթակներն ինչպե՞ս պետք է մոդերացնեն ռազմագերիների վերաբերյալ բովանդակությունը՝ ներառյալ այնպիսի բովանդակությունը, որն ի սկզբանե կարող է ստեղծված լինել քարոզչական նպատակով։
- Սոցիալական մեդիա հարթակներում ռազմագերիներին վերաբերյալ բովանդակություն թույլատրելու հնարավոր հանրային շահի արժեքն ու հնարավոր վնասները:
- Միջազգային մարդասիրական իրավունքը և Մետայի մարդու իրավունքների վերաբերյալ պարտականությունները ռազմագերիներին պատկերող բովանդակությունը մոդերացնելիս:
- Ինչպե՞ս Մետան կարող է մեղմել ռիսկերը, որոնք կապված են ռազմագերիներին պատկերող բովանդակությունը՝ թույլատրելու կամ հեռացնելու հետևանքով առաջացած վնասի հետ:
- Ինչպե՞ս պետք է Մետան վերաբերվի պոտենցիալ պատերազմական հանցագործությունները պատկերող բովանդակության թույլատրելիությանը:
- Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ սոցիալ-քաղաքական համատեքստը, մասնավորապես՝ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի թեմայով:
Կարծիքները կարելի է ներկայացնել մինչև ապրիլի 5-ը ներառյալ։
Առաջիկա շաբաթներին Վերաքննիչ խորհուրդը դեպքի վերաբերյալ որոշում կկայացնի, որը կհրապարակվի Խորհրդի կայքում։
Ըստ էության, Վերաքննիչ խորհուրդը որոշելու է՝ հանրային շա՞հն է գերակա, թե՞ ֆեյսբուքի ներքին կանոնակարգերը և օրենքներով նախատեսված սահմանափակումները։
Սա առաջին դեպքերից է, երբ Մետայի այս մարմինը լրագրողական էթիկայի վերաբերյալ հարց է քննում։ Ընդ որում, թեման հայկական է։
Գեղամ Վարդանյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: