2023.02.23,

Նյուսրում

Կարևորը «Ռեք ընկնելն է»․ կեղծ տեղեկությունները ու փաստերի ստուգման պակասը հայալեզու Տիկտոկում

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Հանրային լրագրության ակումբի հետ համագործակցությամբ, ուսումնասիրել է Տիկտոկ հարթակի հայալեզու տարածքում ապատեղեկատվության միտումները։ Հեղինակները զրուցել են փորձագետների ու տիկտոկերների հետ, Տիկտոկում ակտիվ լրատվամիջոցների հետ, դիտարկել են հարթակում հայտնի մի քանի ալիքների բովանդակությունը, նաև վերլուծել են ընտրված թեմաներով տարածվող հեշթեգերը։ Ուսումնասիրության արդյունքները ու հեղինակների առաջարկները ներկայացված են ամբողջական զեկույցում:  

Այստեղ առանձնացված են զեկույցի հիմնական կետերը։  

Ի՞նչ են ասում փորձագետները  

Փորձագետները վստահ են, որ Տիկտոկում տարածվում է մեծ ծավալի ապատեղեկատվություն, իսկ կարևոր իրադարձությունների ժամանակ այդ ծավալը շեշտակիորեն աճում է։ Առանձնահատկությունն այն է, որ ինֆլյուենսերները Տիկտոկն ընկալում են որպես հայտնի դառնալու, գումար վաստակելու հարթակ, իսկ դրա համար պատրաստ են տարածել ամեն տեսակի սենսացիաներ, չափազանցություններ՝ առանց ստուգելու։  

«Տիկտոկում խնդիրն այն է, որ ի տարբերություն այլ ցանցերի՝ ինֆլյուենսերները Տիկոտոկն ընկալում են որպես աշխատանք, ու կամայական թեմայով ինֆլյուենսերները պատրաստ են դերասանություն էլ անել, ժամանակ, ռեսուրս, ուժ ծախսել ու նմանատիպ մանիպուլյատիվ տեսանյութեր ստեղծել»։
Սամվել Մարտիրոսյան, մեդիա հետազոտող 

«Մարդիկ ինչ որ տեղեկություն են ստանում և ուզում են առաջինը իրենք էդ մասին խոսեն, գրեն ու փաստացի շատ լայքեր հավաքեն։ Ու այդտեղ տեղեկությունը ստուգելու մասին խոսք չկա։ Որովհետև Տիկտոկի ալգորիթմը հենց այն է, որ պետք է «Ռեք» ընկնես։ Իսկ «Ռեք» ուղղակի չի ընկնում վիդեոն, դրա համար մի բան պետք է այնպես անես, որ վիդեոն տարածվի։ Ու մարդիկ ինչ քայլի ասես գնում են։ Մարդիկ ամեն ինչի պատրաստ են լայքի համար»։ 
Ռաֆայել Հարությունյան, տիկտոկեր 

Փորձագետները կարծում են, որ Տիկտոկում իրականացվում են նաև կազմակերպված, թիրախավորված քարոզչական արշավներ քաղաքական իրադարձությունների, ընտրությունների ժամանակ, իսկ ապատեղեկատվությունը դրա անբաժան մասն է։ Տիկտոկերներից ոմանք ասում են, որ իրենց առաջարկել են քաղաքական այս կամ այն ուժի օգտին/դեմ բովանդակություն ստեղծել և տարածել։  

Ի՞նչ են ասում լրատվամիջոցները  

Տիկտոկում հետազոտության իրականացման պահին ակտիվ են եղել մոտ 15 հայկական լրատվամիջոցներ և լրագրողական կազմակերպություններ։ Սակայն քչերն են կարողացել մեծ լսարան հավաքել և գումար աշխատել։  

Լրատվամիջոցների ներկայացուցիչներն ասում են, դժվարանում են ադապտացնել իրենց ունեցած բովանդակությունը Տիկտոկի ձևաչափին՝ թե՛ ասելիքը պարզեցնելու, թե՛ տեխնիկապես հարմարեցնելու իմաստով։ Նաև առայժմ դժվարանում են հետևել հարթակի կանոններին․ լուրջ թեմաներով նյութերը, օրինակ՝ խաղամոլության մասին ռեպորտաժը, հարթակը կարող է ընկալել որպես խաղամոլության գովազդ և արգելափակել։  

Զեկույցում ընդգրկված լրատվամիջոցներից միայն երկուսն են հենց Տիկտոկի համար տեսանյութեր պատրաստում։ Քչերն ունեն այս հարթակով զբաղվող առանձին աշխատող, առայժմ՝ փորձում են ադապտացվել այս հարթակին, տեսնում են հեռանկարը, սակայն դեռ քիչ ռեսուրս են ներդնում։  

Նաև, Տիկտոկում գրեթե չկան մեդիագրագիտության, փաստերի ստուգման թեմաներով հայալեզու կրթական ալիքներ և տեսանյութեր։  

Ինչպե՞ս է տարածվում ապատեղեկատվությունը Տիկտոկում 

Մարդիկ այստեղ ավելի շատ փնտրում են ժամանցային բովանդակություն, սակայն ալգորիթմն առաջարկում է նաև քաղաքական, հասարակական թեմաներով տեսանյութեր, որոնցում շատ են քարոզչությունը, մանիպուլյացիան, իսկ ավելի հաճախ՝ վիրավորանքն ու գռեհկաբանությունը։ Լրատվական արժեք ունեցող թեմաներով ոչ թե տիկտոկերներն են բովանդակություն ստեղծում, այլ հիմնականում տարածում են արդեն լրատվամիջոցների կողմից տարածված, սոցցանցերում քննարկված տեսանյութեր, ելույթներ հարցազրույցներ՝ վերափաթեթավորելով դրանք ու հարմարացնելով Տիկտոկի թրենդերին ու ֆորմատներին․․․ Այսինքն՝ այս հարթակը  հիմնականում ոչ թե ապատեղեկատվության սկզբնաղբյուր է, այլ արդեն շրջանառված նարատիվների տարածման տիրույթ։  

Օրինակ՝ կորոնավիրուսի թեմայով ապատեղեկատվության հիմնական «հերոսները» լրատվամիջոցերից հայտնի ու փաստեր ստուգող հարթակների կողմից ուսումնասիրված ու բացահայտված կերպարներն են, ռուս-ուկրաինական, հայ-ադրբեջանական թեմաները խիստ քաղաքականացված են և դարձյալ տարածվում են այլ աղբյուրներից վերցրած նյութերով, ներքաղաքական թեմատիկայում գերակշռում են վիրավորանքն ու մանիպույլատիվ քարոզչական նյութերը։  

Քաղաքական թեմաներով ապատեղեկատվության ալիքներ և արշավներ լինում են կարևոր իրադարձությունների ժամանակ, օրինակ՝ մեծ էր ծավալը 2021թ․ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում։  

Տիկտոկում առավել տարածված են վիրավորական, մանիպուլյատիվ, ծայրահեղական պնդումները, բամբասանքն ու սենսացիաները, քան փաստական կեղծիքները։ Այդ տեսանյութերը երբեմն հարյուր հազարավոր դիտումներ են ունենում և հասնում են մեծ լսարանի։ 

Առաջարկներ 

Ուսումնասիրության հեղինակներն առաջարկում են ավելի լայն ու խորը ուսումնասիրություններ անցկացնել՝ հասկանալու այս հարթակում մարդկանց ներգրավվածությունը, տարիքը, հետաքրքրությունները, ազդեցությունը․ առկա հարցումները չեն արձանագրում Տիկտոկի լայն տարածում և ազդեցություն  

Հայաստանում, սակայն փորձագետների կարծիքով՝ Տիկտոկը լայն տարածում ունեցող սոցիալական ցանց է։  

Կարևոր է այս հարթակում ակտիվացնել որակյալ լրատվամիջոցների, նաև՝ տարբեր հասարակական կազմակերպությունների ու կառույցների աշխատանքը, որոնք հասարակության համար կարևոր թեմաներով բացատրական, տեղեկատվական ստուգված տեղեկություններ կտարածեն։  

Անհրաժեշտ է շարունակել մեդիագրագիտության տարածումը ու մարդկանց տարբեր խմբերի կրթությունը՝ սոցցանցերի, հատկապես՝ Տիկտոկի առանձնահատկությունների, ապատեղեկատվության ու դրա ստուգման սկզբունքների թեմաներով։  

Պետությունը պիտի սկսի/զարգացնի Տիկտոկ ընկերության հետ ինստիտուցիոնալ համագործակցությունը՝ հայերեն բովանդակության համակարգված մոդերացիա ստեղծելու նպատակով, նաև քննարկելու մոնետիզացիայի հնարավորությունները հայ օգտատերերի, այդ թվում՝ լրատվամիջոցների համար։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *