2023.02.22,

Նյուսրում

Մարզային հեռուստաընկերությունների իրական սեփականտերերի տվյալները 2023-ին

Հայաստանը իրական շահառուների բացահայտմանն ուղղված օրենսդրական փոփոխություններ կատարելով սահմանել է, որ 2023թ․-ին բոլոր իրավաբանական անձինք պետք է հանրությանը ներկայացնեն իրենց իրական շահառուներին (ԻՇ)։ Մի քանի ոլորտներում գործողները, օրինակ հանքարդյունաբերության կամ տեսալսողական մեդիածառայություն մատուցող ընկերությունները, ինչպիսիք են հեռուստաընկերությունները և ռադիոն, դա պետք է դա անեին բոլորից շուտ՝ առաջին փուլով։ 

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթև Մկրտչյանն ասում է, որ տեսալսողական ծառայություններ մատուցողների առջև ԻՇ հայտարարագրեր ներկայացնելու պահանջն ավելի վաղ է դրվել, քանի որ հաշվի է առնվել հեռուստատեսության ոլորտի խոցելիությունն ու ռիսկայնությունը, ինչպես նաև՝ հանրության հետաքրքրությունը ոլորտով։ Խոսելով առցանց ԶԼՄ-ների դեպքում նման պահանջի բացակայության մասին, նա ասել է․ «Առցանց ԶԼՄ-ները չեն լիցենզավորվում, այսինքն պետությունը չունի այդ իրավաբանական անձանց տեսակավորելու և առանձնացնելու հնարավորություն, ուստի օրենքը դիտարկել է լիցենզիա ունեցողներին միայն»։

Պարզվել է, որ հայաստանյան հեռուստաընկերությունները բավական օրինակելի են։ ՀՌՀ կողմից հեռարձակվելու իրավունք ստացած հայաստանայան բոլոր 21 հեռուստաընկերությունները սահմանված ժամանակահատվածում ներկայացրել են իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերը։ 

Հեռուստաալիքների լիցենզավորման մրցույթով Հայաստանի տարածքում հեռարձակվելու իրավունք են ստացել 27 հեռարձակողներ, որոնցից 8-ն ունեն համապետական սփռում, 18-ը սփռվում են Երևանում, 9-ը՝ մարզերում։ 

Այս հոդվածով ուսումնասիրել ենք մարզային սփռում ունեցող հեռուստաընկերությունների ներկայացված հայտարարագրերը, ինչպես նաև, թե ովքեր են դրանց իրական սեփականատերերը, ինչպիսի փոխկապվածություններ ունեն տարբեր ուժերի հետ։ 

Փոփոխության առաջնային շահառուն հասարակությունն է և անհրաժեշտ է պարզել, թե այդ հայտարարագրերի միջոցով, ի վերջո, ի՞նչ է ստացել հասարակությունը։ 

«Սյունիք ՏՎ» *

Սյունիքում և Վայոց ձորում սփռում ունեցող  «Սյունիք ՏՎ»-ն պատկանում է «Ձագեձոր» հեռուստաընկերություն ՍՊԸ-ին։ Այն հիմնադրվել է 2000թ․-ին։ 

Ընկերության սեփականատերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ բարեգործական հիմնադրամն է, որն էլ միջանկյալ ընկերության դեր է կատարում։ Հիմնադրամի տնօրենն է Արմեն Ստեփանյանը։ Նա նախկինում «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով փոխնախագահն է եղել, իսկ այժմ՝ ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրենն է։

2022թ․-ի մայիսին հայտարարագրվել է ևս մեկ իրական շահառու՝ Արթուր Նիկողոսյանը։ Նա «Սյունիք ՏՎ»-ի տնօրենն է 2022թ․-ի հունվարից։

Արթուր Նիկողոսյանը մի շարք այլ ընկերությունների ԻՇ կամ մասնակից է, այդ թվում՝ «Բանիս» ՍՊԸ, «Կապան թրեյդ» ՍՊԸ, «Վի էյջ սթոուն» ՍՊԸ, իսկ «Կապանի մարզադաշտ» ՍՊԸ, «Շահր ինվեստ մեկ» ՍՊԸ, «Քաջարան» կինոթատրոն ՍՊԸ։ 

Արթուր Նիկողոսյանը նաև Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) բազմաշահառու խմբի անդամ է՝ որպես «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի վարչական տնօրեն: 

«Արարատ Թիվի»

Հեռարձակվում է Արարատի մարզում «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊԸ միջոցով, որը գործում է 2020թ․-ի մարտից։ 2021թ․-ի դեկտեմբերի հայտարարագրով հեռուստաընկերության միակ 100 տոկոս մասնաբաժնով և ուղղակի մասնակցությամբ իրական շահառուն հիմնադրման օրվանից Էդգար Ենգիբարյանն է։ Նա նաև ընկերության գործադիր մարմնի ղեկավարն է՝ տնօրենը։ ՀՀ պետական ռեգիստրում այլ մասնակիցներ նշված չեն։ Հեռուստաընկերության միակ հիմնադիրն ու տնօրենը 27 տարեկան է, գրանցման հասցե է նշվում Երևանի կենտրոն վարչական շրջանի Տպագրիչների փողոցում գտնվող բնակարանը։ Էդգար Ենգիբարյանը ևս մի քանի ընկերությունների մասնակից կամ տնօրեն է՝ «Լյուքս թրեվլ» ՍՊԸ, «Էմիլի ֆարմ 2» ՍՊԸ, «Մեդբուք» ՍՊԸ, «Էյթուզեթ իմպորտ» ՍՊԸ։

Ընկերության իրական սեփականատիրոջ մասին այլ տվյալներ հայտնաբերել չհաջողվեց։ 

«Դելտա թիվի» 

Արագածոտնի մարզում հեռարձակվող «Դելտա Թիվի»-ն պատկանում է նույնանուն ՍՊԸ-ին, որը հիմնադրվել է 2020թ.-ին։  ԻՇ վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել 2021թ․-ի նոյեմբերին։ Ըստ հայտարարագրի՝ 100 տոկոս ուղղակի մասնակցությամբ միակ իրական շահառուն 74-ամյա Վեներա Հակոբյանն է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից։ Ընկերության գրանցման հասցեն ևս Շիրակի մարզն է՝ Գյումրի քաղաքի Բուլվարային փողոց։

Ընկերության տնօրենը Կարեն Գարեգինի Մարտիրոսյանն է Գյումրի քաղաքից։ Նա նաև «Դայանանետ» ՍՊԸ մասնակից է, «Դելտատելեկոմ» ՍՊԸ տնօրենը, որը ինտերնետ տարբեր ծառայություններ է մատուցում։

Որքանո՞վ է իրատեսական, որ հեռուստաընկերության իրական սեփականատերը 74-ամյա Վեներա Հակոբյանն է։ Այս գործառույթն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության իրավասություններում է, սակայն սահմանափակ կարողությունների պատճառով գործակալությունը չի կարող պարզել ներկայացված բոլոր հայտարարագրերի համապատասխանությունն իրականությանը, այլ միայն հիմնավոր կասկածի կամ դիմումի դեպքում։ 

«Տավուշ ՏՎ»

Տավուշում հեռարձակվող «Տավուշ ՏՎ»-ն («Տավուշ մեդիա» ՍՊԸ) հիմնադրվել է դեռևս 2008թ․-ին և ԻՇ վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել 2021թ․-ի դեկտեմբերին։ 2020թ․-ից 100 տոկոս ուղղակի մասնակցությամբ ընկերության միակ իրական շահառուն Արմեն Գրիգորյանն է։ 

Պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ մինչև 2020թ․-ը ընկերության սեփականատերն ու տնօրենը եղել է Ժան Մերուժանի Գալստյանը, իսկ արդեն 2020թ․-ից հետո՝ Արմեն Նիկոլայի Գրիգորյանը։ ՀՀ սնանկության դատարանի 2021թ. վճռով Ժան Գալստյանը ճանաչվել է սնանկ: Հեռուստաընկերության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Տավուշ Մեդիայի խորհրդի նախագահը լրագրող Նիկոլայ Գրիգորյանն է, որն «Արտակարգ ալիք» տեղեկատվական ՀԿ տնօրենն է։

Նիկոլայ Գրիգորյանը 2019թ․-ին զբաղեցրել է Տավուշի մարզպետի անվտանգության գծով խորհրդականի պաշտոնը։

«Ֆորտունա»

Լոռու մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերությունը գործում է դեռ 1997թ․-ից, 2021թ․-ի դեկտեմբերին ընկերությունը ներկայացրել է ԻՇ հայտարարագիր, համաձայն որի՝ 2015թ․-ից 20 տոկոս ուղղակի մասնակցությամբ շահառու է Կարեն Արշակյանը, իսկ մնացյալ 80 տոկոսը նույն թվականից Աննա Հովագիմյանինն է։ 

Կարեն Արշակյանի բնակության հասցեն Աշտարակ քաղաքում է, իսկ Աննա Հովագիմյանինը՝ Սյունիքի Ագարակ քաղաքում։ Ըստ հայտարարագրում նշված տվյալների՝ Աննա Հովագիմյանը ՀՀ քաղաքացի է, սակայն Հայաստանի ընտրողների ռեգիստրում նրա մասին տվյալներ չհայտնաբերեցինք։  

Կարեն Արշակյանը միարժամանակ ընկերության գործադիր մարմնի ղեկավարն է և հիմնադիրներից մեկը՝ 75 տոկոս մասնակցությամբ։ 2013-2015թթ․ ընթացքում ընկերության միակ մասնակից է եղել նաև «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ-ն, որի սեփականատերը ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանն է։ 

«Ցայգ»

Մարզային ևս մեկ հեռուստաընկերություն է Ցայգը, որը գործում է դեռևս 1996թ․-ից, հեռարձակվում է Շիրակի մարզում։ 2021թ․-ի նոյեմբերին ներկայացրել է պահանջված հայտարարագիրը։ Ըստ հայտարարագրի՝ 1996թ․-ից ընկերության իրական շահառու է Արթուր Ղանդիլյանը 43 տոկոս, Վալյա Ղանդիլյանը՝ 25 տոկոս ուղղակի մասնակցությամբ, 2019թ․-ից 32 տոկոս ուղղակի մասնակցությամբ ավելացել է Անի Քոչարյանը։ Արթուր Ղանդիլյանը նախկինում եղել է արդեն չաշխատող «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ տնօրենը, իսկ Վալյա Ղանդիլյանը նրա կինն է։

2009թ․-ից ընկերության տնօրենն է Մարգարիտա Մինասյանը, որը միաժամանակ նաև Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանի մայրն է։ Ուշագրավ է, որ ընկերության 32 տոկոսին տիրապետող Անի Քոչարյանը Մարգարիտա Մինասյանի որդի և նախկին մարզպետի եղբայր՝ Արման Բաղդասարյանի կինն է։ 

«Գեղամա»

Գեղարքունիքի մարզային «Գեղամա» հեռուստաալիքը գործում է «Գեղամա մեդիա հոլդինգ» ՍՊԸ միջոցով, որը հիմնադրվել է 2010թ.-ին։ Ընկերության իրական շահառուները համեմատաբար շատ են․ 2021թ․-ի նոյեմբերին ներկայացված հայտարարագրում 7 իրական շահառու է նշված։ 2010թ․-ից 33.3 տոկոս անուղղակի մասնակցությամբ իրական շահառու է Աննա Խաչատրյանը, իսկ Նոնա Ղարաբաղցյանը, Ֆելիքս Ղարաբաղցյանը, Արմեն Գալստյանը, Փեփրոնե Երեմյանը, Վահան Երանոսյանը և Արսեն Երանոսյանը՝ յուրաքանչյուրը 11.1 տոկոսով։ 

Ըստ ռեգիստրի տվյալների՝ 2010թ․-ից մինչ այսօր ընկերության 33.3 տոկոսով մասնակիցներն են «ՌԱԴԻՈ» արտադրական կոոպերատիվը, հեռուստածրագրերի կազմմամբ և հեռարձակմամբ զբաղվող «Գ.Ա.Լ. և ընկերներ», «Քյավառ» հեռուստաընկերություն ընկերությունները։ Աննա Խաչատրյանը «Գ.Ա.Լ. և ընկերներ» ՍՊԸ 100 տոկոս բաժնետեր է, իսկ Նոնա Ղարաբաղցյանը, Ֆելիքս Ղարաբաղցյանը, Արմեն Գալստյանը՝ «Քյավառ» հեռուստաընկերության մասնակիցներ։ Ֆելիքս Ղարաբաղցյանը 1996-2002թթ․ եղել է Գավառի քաղաքապետը։ 

Փեփրոնե Երեմյանը, Վահան և Արսեն Երանոսյանների ԻՇ հանդիսանալու հիմքերը պարզ չեն։ 

«Արմա թի-վի»

«Արմա թի-վի» ծրագիրը հեռարձակող «Արանեա» ՍՊԸ-ն գործում է 2007թ․-ից և հեռարձակվում է Արմավիրի մարզում: Ընկերության 50 տոկոս անուղղակի մասնակցությամբ իրական շահառուներն են Արմեն Մուրադյանը և Գրիգոր Բաբախանյանը, որոնք միաժամանակ երևանյան սփռում ունեցող «Նուռ» հեռուստաալիքի («Արփինետ» ՍՊԸ) իրական սեփականատերերն են։ Երկու շահառուներն էլ Արմավիրի մարզից են․ Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը լուսանկարիչ, բանաստեղծ, հասարակական գործիչ է, ինչպես նաև «Հայ Միասնության Խաչ» բարեգործական մշակութային ՀԿ հիմնադիրը։ Նրանք նաև «Արփինետ» հեռահաղորդակցական ընկերության իրական շահառուներն են։

Պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ մինչ 2020թ․-ը «Արանեա» ՍՊԸ-ի սեփականատերերն այլ անձինք են եղել՝ Արման Գաբրիելյանը, Անդրանիկ և Ստեփան Մինասյանները, իսկ արդեն 2020թ․-ից 100 տոկոս սեփականատեր է դարձել «Արփինետ» ՍՊԸ-ն, ըստ էության, «Արանեա» ՍՊԸ-ի համար դառնալով միջանկյալ ընկերություն։

«Կոտայք թի վի»

Կոտայքի մարզում սփռում ունեցող «Կոտայք թի վի» ՍՊԸ-ը հիմնադրվել է 1999թ․-ին, իսկ 2021թ․-ի դեկտեմբերին հայտարարագրել է 2 իրական շահառու։ Առաջինը 100 տոկոս ուղղակի մասնակցությամբ Ռոման Մելիքսեթյանն է, որը նաև ընկերության փաստացի սեփականատերն է, իսկ երկրորդը՝ Սեդրակ Առուստամյանն է, որը, ըստ հայտարարագրի, վերահսկողություն է իրականացնում այլ միջոցներով։

Սեդրակ Առուստամյանը, գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրենը և տնօրենների խորհրդի նախագահն է։ Առուստամյանը 2010թ․-ից նաև «Կենտրոն» հեռուստաալիքի 100% բաժնետերն է։ 

Վերջինս 2020թ․-ին ՀՀ ԱԱԾ կողմից մեղադրվել է  ՊԵԿ նախկին նախագահին 22 մլն դոլար կաշառք տալու մեջ։ Նա կալանավորվել է, այնուհետև 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ 

Մինչև 2016թ․-ը ընկերությունը կոչվել է «Աբովյան» հեռուստախմբագրություն, իսկ 2016-2019թթ․ ընթացքում ընկերության 100 տոկոս բաժնետեր է դարձել Աբովյան խոշորացված համայնքի գործող համայնքապետ, Գագիկ Ծառուկյանի թիմակից Էդուարդ Բաբայանը։ Ի դեպ, մամուլի հրապարակումների համաձայն՝ 2015թ․-ի մայիսին Աբովյանում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում բողոքի ակցիաներ են ընթացել, ինչի հետևանքով ընդհարումներ են եղել Աբովյան հեռուստաընկերության ու Ծառուկյանի թիկնապահների միջև, որոնցից մեկն էլ եղել է Բաբայանը։ Միջադեպի կապակցությամբ հեռուստաընկերության երկար տարիների տնօրեն Ազնիվ Չիզմեչյանն անգամ ոստիկանություն է դիմել։ Արդեն 2016թ.-ին Էդուարդ Բաբայանը ընկերության 100 տոկոս բաժնետեր է դարձել։

Բաբայանից հետո 2019թ․-ից ընկերության սեփականատեր է դարձել Ռոման Մելիքսեթյանը, որը նաև մի քանի այլ ՍՊԸ-ների սեփականատեր է, այդ թվում՝ «Մուլտի գեյմս», «Դի էմ սի», «Աբովյանի տրակտորի գործարան», «Նյու ռոմա», որոնք 2021-2022թթ. ստեղծված ընկերություններ են։ «Դի էմ սի» ՍՊԸ մի դրվագ հատուկ ուշադրություն է գրավել․ 2018թ․-ին ընկերությունը հիմնադրել է Սոֆիա Սուրենի Արզումանյանը, սակայն մի քանի օր անց իր 100 տոկոս բաժնեմասը վաճառել է Ռոման Մելիքսեթյանին։ Սոֆիա Արզումանյանը մեկ այլ՝ երևանյան սփռում ունեցող «Նոր Հայաստան» հեռուստաընկերության տնօրեն, լրագրող Գագիկ Մկրտչյանի կինն է։ Նշված անձինք փոխկապակցված են «Արմենիա», «Ա-թիվի» հեռուստաընկերությունների երկար տարիների բաժնետեր, «Պանարմենիան» մեդիա գրուպի նախկին բաժնետեր, հեռուստաբիզնեսում հայտնի Բագրատ Սարգսյանի հետ։ 

Ուսումնասիրելով ներկայացված հայտարարագրերը կարելի է փաստել, որ օրենսդրական փոփոխությունը մասնակիորեն է ծառայել իր նպատակին, քանի որ ճիշտ է՝ հասարակությունը ինչ-որ տեղեկատվություն ստացել է հեռուստաընկերությունների իրական սեփականատերերի մասին, սակայն որքանո՞վ է դա եղել արդյունավետ։ Որոշ դեպքերում դրանք պարզապես անհայտ անուններ են կամ ընկերության արդեն հայտնի մասնակիցներն են և այլն։ 

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիր Շուշան Դոյդոյանը ևս կարծում է, որ առկա է օրենքի փոփոխությունը ձևականության վերածելու ռիսկ։ «Լիազոր մարմինը կարող է հիմնավոր կասկածների առկայության պարագայում սկսել իրականացնել ստուգում և բացահայտել, և եթե կասկածները հաստատվեն, ապա արդեն կարող է պատասխանատվության ենթարկել։ Նախատեսված է ինչպես քրեական, այնպես էլ՝ վարչական պատասխանատվություն հայտարարագիր ներկայացնելու կանոնները խախտելու համար»,- ասում է Շուշան Դոյդոյանը, այնուամենայնիվ ընդգծելով, որ պետական ռեգիստրի գործակալությունը չունի հնարավորություն և ռեսուրսներ ստուգելու համար բոլոր ներկայացված հայտարարագրերը։ 

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթև Մկրտչյանն էլ երևույթը բացատրում է նրանով, որ այս ռեֆորմը դեռևս նոր է և թերացումներ հնարավոր են։ Նա հավաստիացնում է, որ գործակալությունը, թե իրավաբանական անձինք աշխատում են հայտարարագրերի որակի բարձրացման ուղղությամբ։

2023թ․-ին արդեն անխտիր բոլոր իրավաբանական անձինք պարտավորված են ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրեր։

Մարիամ Տաշչյան

* 2023թ․ փետրվարի 28-ին հոդվածում կատարվել են փոփոխություններ։
Հոդվածի սկզբնական տարբերակում գրված էր «Ձագեձոր» հեռուստաընկերություն ՍՊԸ-ի շահառուներից Զարուհի Տոնապետյանի մասին։ 2023թ․ փետրվարի 22-ին հրապարակած նոր ԻՇ-ի համաձայն, Զարուհի Տոնապետյանն այլևս առնչություն չունի «Ձագեձոր» հեռուստաընկերություն ՍՊԸ-ի հետ։ Այդ պատճառով հոդվածի այդ հատվածը խմբագրվել է ու ԻՇ-ի կառուցվածքը ներկայացնող գծապատկերը հեռացվել է։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *