2023.02.13,

Նյուսրում

Որակի ստանդարտ՝ մեդիայի նկատմամբ վստահությունը բարձրացնելու նախաձեռնություն

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Հանրային կապերի ոլորտում աշխատող միջազգային Edelman ընկերության տարեկան «Վստահության բարոմետր» զեկույցում լրագրողներն ընդգրկված են առավել քիչ վստահելի մարդկանց խմբում։

Վստահելիության ցուցանիշով լրագրողներն առաջ են անցել միայն կառավարության առաջնորդներից ու զիջել են գործադիր տնօրեններին, գիտնականներին, հարցվածների հարևաններին ու գործընկերներին։

«Վստահության բարոմետր»-ը Հայաստանում հարցումներ չի անցկացրել։ Սակայն մեդիայի ու լրագրողների նկատմամբ վստահության թեման այստեղ էլ արդիական է։

«Կովկասյան բարոմետրի» անցյալ տարի հրապարակած տվյալների համաձայն Հայաստանում հարցվածների 52%-ն ընդհանրապես չեն վստահում լրատվամիջոցներին։ Այս հետազոտություններն արվում են արդեն 20 տարի, ու առաջին դեպքն է, երբ մեդիա ոլորտն արձանագրել է նման ցածր վարկանիշ։

Լրագրողների աշխատանքի նկատմամբ վստահության բարձրացման խնդիրը լուծելու ուղղությամբ աշխատում է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը՝ իր «Լրագրության վստահության նախաձեռնություն» (Journalism Trust Initiative-JTI ) ծրագրով։

JTI-ն, ըստ էության միջազգային ստանդարտ է, որը ստեղծվել է 130 կազմակերպությունների հետ համատեղ։ Այն վստահելի լրագրության յուրահատուկ հավաստագիր է։

Այս գործիքի գաղափարն ինքնակարգավորումն է։

Աշխարհի յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է JTI-ի կայքում գրանցվել ու անցնել ինքնագնատականի փուլը։ Այն կազմված է լրատվամիջոցի աշխատանքային սկզբունքների, ֆինանսավորման աղբյուրների, էթիկական կանոնագրերի, խմբագրական ազատությունների, լսարանի հետ հետադարձ կապի, որոշումներ կայացնելու գործընթացների վերաբերյալ հարցաշարից։

Ընդհանուր 180 հարցի պատասխանելուց հետո գործիքը թույլ է տալիս ցանկության դեպքում հրապարակել այդ յուրահատուկ «Թափանցիկության զեկույցը» կամ վստահության ստանդարտի հավաստագիրը լրատվամիջոցի կայքում։

Երրորդ քայլով լրատվամիջոցը կարող է վստահության ու թափանցիկության աուդիտ անցնել՝ JTI-ի կողմից երաշխավորած աուդիտորական ընկերության հետ։

Հարցաթերթիկի լրացումն ու կայքում վստահության ստանդարտի հավաստագրի հրապարակումն անվճար է։ Աուդիտի համար հարկավոր է վճարել (3-10 հազար եվրո, հարկավոր է անցնել երկու տարին մեկ անգամ) ու այն հաջողությամբ անցնելու համար ստանալ ISO 17065 սերտիֆիկատ։

JTI-ի գլոբալ մենեջեր Քլոե Ֆիոդիերն ասում է, որ իրենց գործիքն օգնում է շահել լսարանի վստահությունը և ուժեղացնում է մեդիայի թափանցիկ աշխատանքը։

Միջազգային դոնոր ընկերությունները լրատվամիջոցում JTI սերտիֆիկատի առկայությունը դիտարկում են որպես առավելություն։ Գովազդատուի՝ մեդիայի ընտրության հարցում ևս JTI սերտիֆիկատը կարող է որոշիչ դեր խաղալ։

Աշխարհում 500 խմբագրություն անցել է ինքնագնահատման փուլը, 50-ն իր կայքում հրապարակել է լրացված հարցաթերթիկը, 13-ն էլ աուդիտ են անցել։

JTI հավաստագիր ունեցող լրատվամիջոցներից են France Télévisions-ը Ֆրանսիայում, swissinfo.ch-ը Շվեյցարիայում, RTE News-ը Իռլանդիայում, ինչպես նաև CBC-Radio Canada-ն:

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *