2023.01.21,

Նյուսրում

Ղարաբաղյան հակամարտությունը լրագրողների աչքերով․ Լրատուն մեդիա թանգարան

Բացվեց Լրատուն մեդիա թանգարանի հինգերորդ ցուդադրությունը։ «Հակամարտության լրագրության դրվագներ»-ը ներկայացնում են վերջին 30 տարիների ընթացքում հայկական մեդիայի աշխատանքը հակամարտությունների լուսաբանման գործում։ 

Թանգարանն այս պահին հասանելի է Երևանում, Հայաստանի նկարիչների միության Մարտիրոս Սարյան սրահում (Աբովյան 16, 2-րդ հարկ), մինչև հունվարի 29-ը, ամեն օր՝ ժամը 12:00-18:00-ը, բացի երկուշաբթի օրվանից։  

Ինչպես նախորդ ցուցադրություններին, այս անգամ Լրատունը ևս իր ուսումնասիրությունների արդյունքում հավաքած նյութերը ներկայացնում է հպէկրանների (touchsreen) միջոցով։ Որոշ օրինակներ, այդ թվում նաև Զավեն Խաչիկյանի, Վաղինակ Ղազարյանի, Մաքս Սիվասլյանի, Նարեկ Ալեքսանյանի ու Հակոբ Պողոսյանի հեղինակային լուսանկարները ցուցադրված նաև սրահում։  

«Երբ մենք պատրաստվում էինք այս ցուցադրությանը այլ ժամանակ էր, այլ կոնտեքստ էր, այլ տրամադրություն էր, այլ նպատակներ։ Եվ նույնիսկ մտածում էինք՝ մեր հասարակությունն առանձնապես չի համարում, որ ղարաբաղյան խնդիրը կարևոր է, թեև այն իսկապես ամենակարևորներներից մեկն է մեզ համար։ Եվ հանկարծ գալիս, հասնում ենք մի իրավիճակի, երբ այս ամենը դառնում է շատ և շատ կարևոր», – ասում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը։  

«Հակամարտության լրագրության դրվագների» համար Media.am կայքի թիմն օգտվել է 90-ականների տպագիր մամուլից, սեփական արխիվային տեսանյութերից, հակամարտության մասին Հանրային ռադիոյում պահպանված հազվագյուտ հաղորդումներից, լուսանկարներից ու հոդվածներից, վերլուծություններից և վավերագրական ֆիլմերից։ Լրատան հպէկրաններում, օրինակ, կարելի է դիտել 1991-ին Սովետական, ապա արդեն Ռուսաստանի Դաշնության հայտնի «Վրեմյա» լրատվական ծրագրով Արցախում հակամարտության մասին պատմող սյուժեները։ 

Լրատուն մեդիա թանգարանի հիմնադիր պրոդյուսեր Վահրամ Մատիրոսյանն ասում է, որ իր փորձով է հասկացել, թե ինչ կարևոր է հենց հակամարտության կենտրոնում լինելը։  

Նա նոր  է վերադարձել Ուկրաինայից, Հայաստանի աչքով է նայել իրավիճակին և ռուս-ուկրաինական պատերազմը հայտնաբերել որպես նոր ոլորտ․ «Լրագրողը չի կարող չլինել հակամարտության կողմ, նա պետք  է լինի կողմ, որպեսզի հակամարտությունը լուծվի։ Միաժամանակ պետք է լինի արհեստավարժ, միակողմանի չլինի լուսաբանումը»։  

Բացի ներկայացված նյութերից, ցուցադրության օրերին տեղի կունենան նաև  մասնագիտական քննարկումներ և լրագրողական նախագծերի ներկայացումներ։ 

Լուսանկարները՝ Հակոբ Հովհաննիսյանի

«Լրատուն» մեդիա թանգարան նախագիծն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը։ Այն հանրությանն է ներկայացնում լրագրողների աշխատանքը վերջին տասնամյակների նշանակալի իրադարձություններն ու երևույթներ լուսաբանելիս։ 

«Հակամարտության լրագրության դրվագներ ցուցադրությունը իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը շվեյցարական «HEKS/EPER» և գերմանական «Brot für die Welt» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ իրականացվող «Հակամարտությունների լուսաբանում․ լրագրողների գիտելիքների և հմտությունների ամրապնդում» ծրագրի շրջանակում: 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *