2022.11.30,

Նյուսրում

Խռովություններ եվրոպայի անկախ մամուլի խորհուրդների կազմում․ Հայաստանը դուրս է եկել ալյանսից 

author_posts/christian-ginosyan
Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող

Եվրոպայի անկախ մամուլի խորհուրդների ալյանսը (AIPCE) ստեղծվել է եվրոպական մամուլի խորհուրդների միջև հաղորդակցություն ապահովելու, փորձի փոխանակման, լավագույն ձևաչափերը կիրառելու և տարածելու համար: Վերջին երեսուն տարիներին դրա շնորհիվ տարբեր երկրներում ձևավորվել են նոր ինքնակարգավորման համակարգեր, այդ թվում՝ Հայաստանում:  

Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին ալյանսում քննարկումներ առաջացան հատկապես ռուսական մամուլի խորհրդի՝ Հանրային կոլեգիայի անկախության շուրջ։ Ընդհանուր հայտարարի չգալով, որ ներկայիս պայմաններում ռուսական կողմը պիտի լքի ալյանսըՀայաստանի և եվրոպական 8 երկրների մամուլի խորհուրդներ կասեցրին իրենց անդամակցությունը ալյանսին՝ ի աջակցություն Ուկրաինայի գործընկերների։  

Դեպքերի շուրջ զրուցել ենք Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ։  

Ինքնակարգավորման ալյանսի գործունեությունը 

Հայաստանը ներկայացնող ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինն ալյանսի հանդիպումներին մասնակցում է դեռ 2002-ից: «Ալյանսի ներսում հաղորդակցությունը շատ ինտենսիվ է. խնդիրներ տեսնելու դեպքում մամուլի խորհուրդներն ու նմանատիպ կազմակերպությունները միանգամից արձագանքում են, դրանք քննարկում ավելի փորձառու գործընկերների հետ: Բավականին արդյունավետ հարթակ է», – ասում է Բորիս Նավասարդյանը 

Անհամաձայնությունների հիմնական պատճառը 

Ուկրաինայի ինքնակարգավորման մարմինը` ժուռնալիստական էթիկայի հանձնաժողովը, որոշել էր դիմել ալյանսին, որպեսզի այնտեղից հեռացվեր Ռուսաստանի ինքնակարգավորման մարմինը։ Հիմնավորումը հետևյալն էր՝ ռուսական ամբողջ լրատվական դաշտը դարձել է քարոզչական հարթակ և այդ առումով ռուսական մամուլի դեմ Հանրային կոլեգիան ոչինչ չի անում։ 

Քարոզչությամբ զբաղվելը կամ քարոզչության դեմ քայլեր չձեռնարկելը հակասում է ալյանսի սկբունքներին: 

Բացի այդ, ուկրաինացի ներկայացուցիչների վկայութամբ, ռուսական կոլեգիայի կազմում են նաև հենց այդ քարոզչական մեքենայի ղեկավարներից Մարգարիտա Սիմոնյանը և այլք։ 

Ալյանսի սկզբունքները ենթադրում են, որ անդամ երկրների կազմակերպությունները պիտի լինեն անկախ։ «Ռուսաստանում ձևավորված օրենսդրական դաշտը չի կարող թույլ տալ, որ այդ երկրում գոյություն ունենա ինքնակարգավորման մարմնի կարգավիճակին հավակնող անկախ կառույց, որն ուկրաինական կողմի համար ևս մի փաստարկ էր ռուսական կոլեգիայի հեռացման վերաբերյալ», – ասում է Նավասարդյանը։  

Հայաստանի Դիտորդ մարմնի և գործընկեր կազմակերպությունների դիրքորոշումը 

Ալյանսի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում նաև Հայաստանից անդամակցող Դիտորդ մարմինն ի սկզբանե պաշտպանել են ուկրաինացի գործընկերների գաղափարները։ Բորիս Նավասարդյանի խոսքով՝ դա չի նշանակում, որ այդպիսով կորցնելու են իրենց ռուս գործընկերների հետ կապերը, այլ համարում են, որ ընդունված որոշումը ժամանակավոր միջոց է մինչև Ռուսաստանում իրավիճակը մի գուցե փոխվի և կոլեգիան կարողանա վերադառնալ նորմալ աշխատանքային ռեժիմի:  

«Բայց ցավոք ալյանսն այն ժամանակ համակարգող կոմիտեում գտնվող երեք մեր գործընկերները (Ավստրիա, Կիպրոս, Մեծ Բրիտանիա) ակնհայտորեն ցույց էին տալիս, որ չեն ցանկանում այդ խնդիրը քննարկել», – ասում է Նավասարդյանը: 

Տապալվեց 2022-ի հունիսին կայանալիք առցանց համաժողովն ու տեղափոխվեց հոկտեմբերի 20-21։ Ինը մամուլի խորհուրդները (Հայաստան, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Մոլդովա, Նորվեգիա, Վրաստան, Շվեդիա, Ֆինլանդիա) հոկտեմբերի ժողովին առաջարկեցին փոխզիջումային տարբերակ, որ ռուսական կոլեգիան ոչ թե հեռացվի, այլ գործունեությունը կասեցվի` մինչև խանգարող հանգամանքները չվերանան: Շուտով ուկրաինական կողմը ևս համաձայնեց այս գաղափարին։  

Առաջարկությունը չանցավ, փոխարենն ընդունվեց ռուսական գործընկերների առաջարկը՝ իջեցնել կոլեգիայի անդամակցությունը լիիրավից ասոցացված անդամի։  

Ի նշան բողոքի՝ Ուկրաինայի մամուլի խորհուրդը դուրս եկավ ալյանսից, իսկ հոկտեմբերի 28-ին, համաձայն Եվրոպայի անկախ մամուլի խորհուրդների ալյանսին ուղղված ինը երկրների մամուլի խորհուրդների նամակի (ներառյալ Հայաստանի), վերջիններս անհայտ ժամկետով կասեցրին իրենց անդամակցությունը։ 

Արդյունք և հետագա քայլեր 

Նոյեմբերի 15-ին AIPCE-ի կայքը հաղորդագրություն տարածեց ռուս-ուկրաինական մամուլի խորհուրդների շուրջ զարգացումների վերաբերյալ։ Հրապարակման մեջ հիշատակել էին ժողովրդավարական սկզբունքներով անցկացված ներքին քվեարկությունը, որով պետք է որոշվեր Ռուսաստանի ներկայացուցչի ճակատագիրը ալյանսում։ 14 կող, 10 դեմ և 1 ձեռնպահ արդյունքներով առաջարկությունը չընդունվեց, քանի որ պետք էր ապահովել ձայների ⅔-ը։  

Այս պահին ալյանսի ներսում տեղի են ունենում գործընթացներ՝ ուղղված անդամակցող երկրների միջև պառակտությունների կարգավորմանը։ Իրենց մասնակցությունը կասեցրած իննյակը և ուկրաինացիները փորձում են համախմբած գործել, աշխատել որպես համախոհների խումբ՝ աջակցություն ստանալով նաև այլ երկրների մամուլի խորհուրդներից։ 

«Մեզ բոլորիս ակնհայտ է, որ այսօրվա համակարգող կոմիտեն իր պարտականությունները լավ չի կատարում։ Եթե հետագա գործողությունները կատարվեն նույն մանիպուլյատիվ ձևերով, ապա խնդիրն ու առճակատումը կխորանան։ Այնպես որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի կազմակերպումը չլինի համակարգող երեք կառույցների մենաշնորհը», – ասում է Նավասարդյանը։

Քրիստիան Գինոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *