2022.11.21,

Նյուսրում

«Թվապատում 2022»-ը պատերազմի հետևանքների հաղթահարման և կյանքի մասին էր

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) ամփոփեց «Թվապատում 2022» լրագրողական մրցույթը։  

ՄՆԿ գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը բացման խոսքում ասաց, որ չնայած դժվարություններին շատ կարևոր է, որ Հայաստանում խրախուսվի որակյալ լրագրությունը։ 

«Լրագրողներն այսօր ոչ միայն խնդիր ունեն գրելու, այլև բացատրելու, որովետև հասարակությունը բացատրությունների կարիք ունի և լրագրողը իր գրածը հասկանալի դարձնի»,- ասաց նա։ 

Այս տարի մրցանակաբաշխության հիմնական անվանակարգերին ավելացել էր նորը՝ «Լուսաբանելով գիտությունը»։ Եղան նաև խրախուսական այլ պարգևատրումներ։ 

Լրագրողական պատմությունները գնահատելիս մասնագիտական հանձաժողովը  կարևորել է մրցույթին ներկայացված աշխատանքների որակը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, մրցույթի թեմաներին համապատասխանությունը, ստեղծագործական և նորարարական մոտեցումները: 

Մրցույթային ժյուրիի անդամ, Ամփոփ մեդիայի հիմնադիր և գլխավոր խմբագիր Սուրեն Դեհերյանն իր խոսքում նշեց, որ այս տարվա նյութերը դիտարկելիս պատերազմի և կորուստի հոտն է զգացել, թեև դրանից հնարավոր չէր խուսափել․ «Չնայած դրան մենք ընտրություն ենք կատարել կյանքի ու ապրելու համար»։ 

Մեդիա 3.0 անվանակարգում հաղթող ճանաչվեց և 200 000 դրամ պարգևի  արժանացավ Infocom-ի լրագրող Նարեկ Մարտիրոսյանը «Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ վերջին օրերին տեղի ունեցած մարտերի տեղորոշումն ու դրանց զուգահեռ արված հայտարարությունները» նյութի համար։  

Մրցույթի գործընկեր Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը նշեց, որ իրենք աջակցում են ժողովրդավարական և ազատական լրագրությանը, որովհետև այդպես վեր են հանվում հանրային խնդիրները, քննարկվում և լուծումներ գտնում։ 

Դիտակ անվանակարգում մրցանակակիր ճանաչվեցին և 250 000 դրամ պարգևի արժանացան «Հետք»-ի լրագրողներ Ռիմա Գրիգորյանը և Հայկ Մակիյանը «Երևանի կեղտաջրերը հոսում են Արարատյան դաշտ. 10,4 մլն եվրոյանոց մաքրման կայանը չի շահագործվում» նյութի համար։ 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Զառա Ամատունին կարծում է, որ հատկապես վերջին շրջանի իրադարձությունները ավելի ցավալի են դարձրել նաև լրագրողների աշխատանքը, բայց հիմա ավելի քան երբևէ պետք է ուժ և էներգիա գտնել հանուն ապագայի և արարման համար։ 

Արտակարգ գրություն անվանակարգում հաղթող նյութը «Հետք»-ի «Ակնայից՝ Բագրատաշեն ապահով անկյան փնտրտուքով» նյութն էր, որի հեղինակներ Անի Սարգսյանը և Ռիմա Գրիգորյանը պարգևատրվեցին 250 000 դրամով: 

Նյութի հեղինակ Անի Սարգսյանը պատմում է, որ մեկ շաբաթ մնացել են Բագրատաշեն գյուղում, որպեսզի ավելի մոտից կարողանան հասկանալ և ներկայացնել ընտանիքի կենցաղը, խնդիրները․ «Լիաննայի ընտանիքի պատմությունը ցույց տալով, մենք բարձրաձայնում ենք, որ նման ընտանիքներ շատ կան, որոնք այսօր ցավոք միայն թիվ են՝ վիճակագրություն»։ 

«Թվապատում 2022»-ի գործող անձ (Homo Agendi) անվանակարգում հաղթեց CivilNet-ի լրագրող Գեղեցիկ Ոսկանյանի «Թե Աստված կամենա՝ պատրաստ ենք տասնվեցերորդ անգամ էլ ծնող դառնալ բազմազավակ ընտանիքի պատմություն» նյութը: 300 000-ական դրամով պարգևատրվեցին և՛ նյութի հեղինակը, և՛ հերոսները՝ Մարտիկ և Անժելա Մելքոնյանները: 

Մարտիկ Մելքոնյանն ասաց, որ միայն ծնելիության միջոցով կարելի է շենացնել երկիրը և կարևոր է լրատվամիջոցներում բազմազավակ ընտանիքի մոդելի ներկայացումը։ 

Լուսաբանելով գիտությունը անվանակարգում հաղթող նյութը Infocom-ի «Մեքենայական ուսուցումը՝ փորձարարական կենսաբանությունը մրցունակ դարձնելու միջոց բարի գալուստ Բջջային տեխնոլոգիաների լաբորատորիա»-ն էր։ Նյութի հեղինակ Աննա Սահակյանը պարգևատրվեց 200 000 դրամով: 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հատուկ մրցանակ հանձնեց Mediamax-ի լրագրող Գայանե Ենոքյանին՝ «Էլլի նապաստակը՝ պատերազմի կորստի հաղթահարման Տիգրանուհու օրինակը» նյութի համար և արժանացավ 50 000 դրամ պարգևի։  

Այս տարի «Թվապատումը» երկու հատուկ մրցանակ ուներ՝ ի հիշատակ գործընկերներ Մանանա Ասլամազյանի և Անահիտ Դանիելյանի։  

4plus-ի լրագրող Նազիկ Արմենակյանը արժանացավ Անահիտ Դանիելյանի հիշատակի հատուկ մրցանակի «Երբ տունդ վառվում է» նյութի համար և արժանացավ 50 000 դրամ պարգևի։ 

Նազիկն ասում է, որ իրեն դժվար է խոսել, ավելի հեշտ պատկերել, պատերազմից հետո շփվել է երիտասարդ զինվորների հետ, որոնք վիրավորվել են 44-օրյա պատերազմի ժամանակ․«Այրվածքաբանականում նկարում էի նրանց ու փորձում հասկանալ ի վերջո օգտագործվե՞լ  է սպիտակ ֆոսֆոր, թե՞ ոչ։ Եթե ոչ, ապա ինչու այս տղաների վերքերը չեն լավանում։ Փորձել եմ ցույց տալ նաև նրանց իրենց ընտանիքներում, կենցանը, ապրումները։ Եվ դեռ կշարունակեմ հետազոտել այս թեման»։ 

Մարիամ Մանսուրյանին շնորհվեց Մանանա Ասլամազյանի անվան հատուկ մրցանակ «Երևակում» ֆիլմի համար և արժանացավ 100 000 դրամ պարգևի։ 

Ստանալով դստեր մրցանակը` Հետք Մեդիա Գործարանի ծրագրի ղեկավար Հարություն Մանսուրյանն ասաց, որ ֆիլմի հերոս Արեգ Բալայանն ու Մանանա Ասլամազյանն այն մարդիկ են, ովքեր կյանքի ամենադժվարին պահերին տեսնում են դրականն ու այդ էներգիան փոխանցում ուրիշներին։ 

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *