2022.09.30,

Նյուսրում

«Առավոտը» նույնականացնում է 2022թ-ի սեպտեմբերի զոհերին ու ներկայացնում նրանց պատմությունները

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

2022թ-ի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի։ Այս մասին հայտարարել էր Հայաստանի Անվտանգության խորհուրդը։ 

Զոհերի և անհետ կորածների մասին այլ տեղեկություններ պետական կառույցները չեն տրամադրել։ Ի տարբերություն 2016թ.-ի քառօրյայի և 2020թ.-ի 44-օրյա պատերազմի` այս անգամ թե՛ բուն գործողությունների, թե՛ հետագա օրերի ընթացքում զոհերի անուններ, ծննդյան թվեր հայտնի չդարձան։  

Դեռևս 2016թ-ի քառօրյայի ժամանակ «Առավոտը» հավաքագրում էր պատերազմի զոհերի տվյալները, նրանց մասին պատմությունները, թեև այդ ժամանակ զոհերի մասին պաշտոնական տեղեկատվությունը ներկայացվում էր մանրամասներով, անուններով, հայրանուններով, տարեթվերով և զորակոչման վայրերով։  

«Առավոտ» օրաթերթի լրագրող Մելանյա Բարսեղյանն այս օրերին զբաղվում է 2022թ-ի սեպտեմբերի զոհերի նույնականացմամբ՝ տվայլներն ամբողջացնելով «Նրանք զոհվել են հանուն Հայրենիքի: 2022թ. սեպտեմբեր (թարմացվում է)» հրապարակման մեջ։  

Համեմատելով նախկին փորձի հետ՝ ասում է, որ 2020թ-ին տվյալներն արդեն քիչ էին, տրամադրվում էին միայն անուն-ազգանուններն ու ծննդյան տարեթվերը։ Ճիշտ նույնականացման համար լրատվամիջոցն օգտվել է Elections.am կայքից, տեղեկություններ հավաքել զոհերի մասին նրանց հարազատների, բարեկամների սոցիալական ցանցերի էջերից, համայնքապետարանների ֆեյսբուքյան պատշոնական էջերից, կրթական հաստատությունների ցանցային հաշիվներից և այլ աղբյուրներից։ Նույնը մեթոդով աշխատում են նաև հիմա։ 

«Մեր ունեցած տեղեկությունը ստուգելու համար երբեմն ստիպված ենք լինում տասնյակ էջերով անցնել, հարյուրավոր մեկնաբանություններ կարդալ, որպեսզի կարողանանք պարզել այլ տվյալներ՝ ազգանուն, համայնք։ Կարևոր են նաև պատմությունները, թե ինչպիսի զինվորական է եղել, ինչ ընտանիքից։ Մենք ուզում ենք նրանց հնարավորինս ճանաչելի դարձնել հանրությանը»,-ասում է Մելանյան։ 

Այս պահին «Առավոտը» նույնականացրել է 92 զոհի, ներկայացրել նրանց մասին տեղեկություններ, ևս 9 զոհի տվյալներ ճշգրտման փուլում են. «Զգայուն թեմա է և ամեն ինչ անում ենք, որպեսզի ճշգրիտ տվյալներ տրամադրենք»։ 

Լրագրողն ասում է, որ այս պատերազմի ժամանակ զոհերի տվյալներ չհրապարակելը պատկան մարմինների կողմից պատճառաբանվում էր  սխալվելու և ապատեղեկատվություն չտարածելու ռիսկով։  

Սակայն ՊՆ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում ինչ-որ տվյալ հրապարակվեց՝ պարզվեց, որ այն սխալ էր. «Պաշտոնապես հրապարակվեց զոհված 5 կանանց անուններ, ապա մի քանի րոպե անց այդ հրապարակումը խմբագրվեց և զոհված կանանց թիվը դարձավ 4»։ 

2016թ.-ի և 2020թ.-ի հրապարակումների համեմատ՝ 2022թ.-ինն ավելի մեծ դիտողականություն ունի։ Մելանյան բացատրում է, որ մարդիկ ուզում են ճանաչել զոհերին, նրանց մասին տեղեկություններ ստանալ «Նախկինում զինվորների սխրանքների մասին Արցախի Պաշտպանության բանակն ու Արծրուն Հովհաննիսյանը էին տեղեկություններ տրամադրում,  Զինուժը տեսանյութեր էր պատրաստում։ Հիմա պաշտոնական աղբյուրները ոչինչ չեն ասում, զինվորները թվեր են դարձել: Զոհերի ծնողները վշտանում են, ասում են՝ մենք երկրին որդի ենք տվել՝ անուն-ազգանունով, միս ու արյունով, իրենց պատմությամբ, բնավորությամբ, իսկ հիմա նրանք դարձել են ընդամենը թիվ․․․»։ 

Մելանյան զբաղվում է տեղեկությունների հայթայթմամբ, նրան օգնում են գործընկերները, սոցցանցերի օգտատերերը։ Նա այնքան է տարվել գործով, որ դեմքերով, անուն-ազգանուններով ճանաչում է զոհերին, դեպքեր են եղել, երբ նրան հերթական տեղեկությունն են ուղարկել, և նա անմիջապես նույնականացրել է, որ այդ տղան դեռ անցյալ պատերազմի ժամանակ էր զոհվել։  

«Զոհված զինվորների հարազատների համար չափազանց կարևոր է, որ իրենց տղային, եղբորն, ամուսնուն հիշում են, պատմում են նրանց մասին, լուսանկարն են հրապարակում: Սակայն հայրենիքի համար նահատակվածներին ճանաչելն ու հիշելը շատ ավելի կարեւոր է ողջ մնացածներիս, բոլորիս համար»: 

Նա անկեղծանում է, որ 2016թ-ին և 2020թ-ին զոհված շատ զինվորների լուսանկարներ օգնեցին ճանաչել ու հիշել նրանց պատմությունները, վերհիշել նրանց՝ պատերազմի, հայրենիքի պաշտպանության և այլ խոսակցությունների ժամանակ։ 

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *