Միջազգային Հանրապետական Ինստիտուտը (IRI, International Republican Institute) հասարակական կարծիքի նոր հետազոտությունը, որն անցկացվել է 2022-ի հունիսին, ցույց է տալիս, որ հայաստանցիների մեծամասնությունը կարծում է, որ Հայաստանը ընդհանուր առմամբ շարժվում է սխալ ուղղությամբ։
Այդ հարցը ավանդական է, և 2018-ից հետո (անգամ պատերազմից հետո), պատասխանների մեջ գերակշռում էր ճիշտ ուղղությունը։ Բայց արդեն մեկ տարի է՝ ոչ։ Հարցվածների 42%-ը հանրապետության ընտրած ուղղությունը համարում է սխալ։
Ընդ որում՝ այդպես են կարծում հիմնականում երիտասարդները (18-35 տարեկան)։ Անցյալ հարցման արդյունքներով՝ ուղղությունը սխալ էին գնահատում 45%-ը։
Առաջնային խնդիր է ազգային անվտանգության ու սահմանային հարցերը: Սա ամենատարածված պատասխանն է (54%)։
Աներկբա է, որ Հայաստանում վստահության ճգնաժամ է։ Օրինակ, 64%-ը ասել է, որ ոչ մի քաղաքական գործչի չի վստահում, և ընդամենը 16%-ն է նշել գործող վարչապետի անունը։
Եթե խորհրդարանական ընտրությունները անցկացվեին այս շաբաթ, ապա դրանք թերևս կտապալվեին, քանի որ հարցվածների 25%-ը չէր քվեարկի, իսկ 15%-ը ոչ մի ուժին չէր ընտրի։
Քաղաքական ճգնաժամի ֆոնին տեղեկատվական աղբյուրների մասին հատվածը նույնքան մտահոգիչ է։ Օրինակ, հարցվածների 61%-ը շատ խնդրահարույց է համարում ապատեղակատվության տարածումը։
Ավելին, 85%-ը կարծում է, որ ապատեղակատվության դեմ պետք է պայքարի միջոցներ ձեռնարկի պետությունը։
Այդ միջոցներն են՝ քրեական պատասխանատվություն (39%), վարչական տույժեր (36%), տեղեկություն տրամադրողների ինքնավերահսկում (24%), մեդիագրագիտություն (12%), առցանց տեղեկատվական միջոցների թափանցիկություն (7%)։
Հարցվածների այն 5%-ը, որը ինֆորմացիոն քաղաքականության հարցում դեմ է պետության միջամտությանը, հիմնավորում է, որ կառավարությունը կարգավորման միջոցները կօգտագործի որպես քարոզչական գործիք ու կսահմանափակվի խոսքի ազատությունը։
«Ո՞րն է քաղաքական լուրեր ստանալու ամենավստահելի մեդիա հարթակը կամ սոցցանցը» հարցվածների ճնշող մեծամասնությանը պատասխանել է՝ ոչ մեկը։
Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ հայաստանցիների մեծ մասը սահմանադրական փոփոխությունների կարիք է տեսնում (66%)։ Այդ թվում՝ համարում է, որ լավագույն կառավարման համակարգը նախագահականն է (32%), ոչ թե խորհրդարանականը (16%):
Առանձին հատված է նաև ռուս-ուկրաինական պատերազմը, և մեր հայրենակիցների պատասխանները որոշ դեպքերում շատ խորաթափանց են, իսկ որոշ դեպքերում՝ զարմանալի։
Օրինակ, հարցին, թե ով է այդ պատերազմի առաջին պատասխանատուն, ամենից շատ մարդիկ նշել են ԱՄՆ-ն, հետո բոլոր կողմերին, անձամբ Զելենսկուն, ՆԱՏՕ-ին, հետո Պուտինին ու Ռուսաստանը։ Բայց ամենից հաճախ հանդիպած պատասխանն է՝ հրաժարվում եմ կամ դժվարանում պատասխանել։
Հայաստանցիները ընդհանուր առմամբ և կտրուկ դեմ են, որ Ռուսաստանը ենթարկվի պատժամիջոցների։
Կա նաև հարց, որը կապում է այդ պատերազմի ընկալումը մեդիայի հետ։ Կախված այն բանից, թե որ հեռուստաընկերությունն են մարդիկ նշել որպես վստահելի լուրերի աղբյուր, փոխվում են նաև նրանց պատասխանները։
Հարցվածների մեծ մասը դեմ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը ու բացասական կարծիք ունի, որ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն։
Նունե Հախվերդյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: