2022.07.08,

Նյուսրում

Ճգնաժամայինից դեպի զարգացման մենեջերներ․ Մեդիա կառավարման դպրոցի նպատակը

author_posts/christian-ginosyan
Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող

Ավելի քան 25 տարի է անցել այն պահից, երբ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ, այն ժամանակ Ինտերնյուս Հայաստան), առաջին դասընթացն էր կազմակերպել մեդիա կառավարման ոլորտում։ Այդ ժամանակ մի շարք լրատվամիջոցներ՝ հեռուստա-ռադիոկայաններ դեռ նոր էին հիմնադրում իրենց ալիքները։ Երկուսուկես տասնամյակը մեդիա ոլորտում բավական մեծ ժամկետ է, որի ընթացքում բազմաթիվ փոփոխություններ ու նորարարություններ են եղել։ Մեդիա կառավարման դպրոցի ծրագրի հեղինակները փորձել են արձագանքել հենց այդ փոփոխություններին։ 

Հուլիսի 1-ին ՄՆԿ-ն և Դոյչե Վելլե Ակադեմիան ներկայացրին Մեդիա կառավարման առցանց դպրոցի ուսումնական ծրագիրը։ 

Առաջին դպրոցն արդեն սկսել է․ ըստ ծրագրի, մինչև 2023-ի գարուն նախատեսվում է ունենալ 3 դպրոց, 20-ական մասնակցով։ 

Մեդիայի կառավարման տեղական մարտահրավերները

Լրատվական դաշտի ներկայացուցիչները, մասնավորապես ղեկավար կազմի անդամները պարբերաբար անդրադառնում են մեդիա մենեջմենթում իրենց խնդիրներին, թերացումներին ու ստեղծված իրավիճակներից գլուխ հանելու հարցերին։ Օրինակ, ինչպես գտնել ֆինանսական միջոցներ, ինչպես դրանց գոյացման հարցում ներգրավել ընթերցողներին, ինչպես մեծացնել տեսանելիությունն ու բարձրացնել իրենց նկատմամբ հանրային վստահությունը և այլն։ 

Առցանց դպրոցի ստեղծումը միտված է արդիական գիտելիքներով ու գործիքներով լուծում տալ գոյություն ունեցող մարտահրավերներին։

«Պետք է ցավով նշեմ մի բան, որ մեր մենեջերներն, առաջին հերթին, ճգնաժամային մենեջերներ են, և ժամանակ ու հնարավորություն չի լինում, որպեսզի նրանք իրականում դառնան զարգացման մենեջերներ։ Դա մեզ և մեր գործընկերներին սովորացրել է՝ ինչպես չեղած իրավիճակում, զրոյական միջոցներով լրատվամիջոց ունենալ։ Բայց մեր դպրոցի նպատակը մեզ բոլորիս զարգմացման մենեջերներ դարձնելն ու նոր հնարավորություններ գտնելն է», – ասաց ՄՆԿ-ի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը։ 

Մարտահարվերներից խոսեց նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, շեշտելով, որ դպրոցի հիմնադրմանն աջակցելու հիմքում ընկած է Եվրոպական միության համար խոսքի և մեդիայի ազատության կարևորությունը։ 

«Այժմ Հայաստանը գտնվում է ժողովրդավարացման գործընթացում։ Այն բախվում է մի շարք մարտահրավերների և ունի ազատ, թափանցիկ ու արդար մեդիա ոլորտի կարիք։ Հիմա առավել քան կարևոր է ունենալ հուսալի, հետաքննող լրատվամիջոցներ, որոնք կօգնեն մարդկանց փաստերի ստուգման և ճիշտ տեղեկատվության փնտրելու հարցում։ Մենք ուզում ենք, որ կառավարման կարողությունները կենտրոնանան դիմացկունության, ամրության, ճկունության և թափանցիկության վրա», – ասաց դեսպանը։ 

Ոչ կայուն քաղաքատնտեսական պայմաններում մեդիա ոլորտը կարող է շատ զգայուն լինել՝ բախվելով ճգնաժամային տարբեր իրավիճակների։ Դրանց անդրադարձավ Դոյչե Վելլե Ակադեմիայի գործադիր տնօրեն Քարսթն ֆոն Նամենը․ «Ավանդական մեդիան ու իր բիզնես մոդելները վտանգի տակ են, ինչին նպաստում են սոցիալական մեդիան ու սոցիալ-տնտեսական ճգնաժամերը։ Բացի դրանցից, ողջ աշխարհում կան լրագրողների ֆիզիկական անվտանգության խնդիրներ, ընդհուպ սպանություններ։ Հետևաբար, մենք պետք է միավորենք նրանց, ովքեր կիսում են միասնականությամբ ավելի լավ հասարակություն ստեղծելու գաղափարը»։

Մեդիա կառավարման առցանց դպրոցի համակարգող Նարինե Սաֆարյանի խոսքով՝ մինչ կրթական ծրագիրը մշակելն իրենք հանդիպել ենք մեդիա մենեջերների հետ, ուսումնասիրել վերջին շրջանում հայաստանյան մեդիայում արված հետազոտություններ։ Արդյունքում վերհանել են հետևյալ խնդիրները․ 

  1. (Ֆինանսական) կայունության պակաս
  2. Մեդիայի հանդեպ վստահության պակաս
  3. Փոփոխությունների հանդեպ ճկունության բացակայություն
  4. Ռեսուրսերի և տարբեր բիզնես մոտեցումների բացակայություն
  5. Նվազող գովազդային շուկա
  6. Մասնագետների պակաս
  7. Ընթերցողների համար հասցեական, առանձնահատուկ, գրավիչ փաթեթավորմամբ բովանդակության պակաս
  8. Անկախություն սոցիալական ցանցերից

Խնդիրների լուծման համար մշակվել են չորս մոդուլներ․

  1. Ռազմավարական պլանավորում
  2. Մարքեթինգ
  3. Թվային զարգացման ռազմավարություն
  4. Ֆինանսների կառավարում

Դպրոցի մասնակիցներն ու դասավանդողները

Առաջին դպրոցի դիմումները 40-ն էին, որից ընտրվել է 20 մասնակից։ Նրանք մեդիայի կառավարման տարբեր ոլորտներում ընդգրկված մարդիկ են՝ փրոդյուսերներ, խմբագիրներ, տարբեր բաժինների ղեկավարներ, նոր մեդիայի ստեղծման գաղափարակիրներ։

 

Մեդիա կառավարման առցանց դպրոցի դաս

Դասավանդողները մարքեթինգի, ֆինանսների կառավարման, հաղորդակցության ու տեղեկատվական տեխնոլոգիաների փորձառու մասնագետներ են, որոնք ունեն մեդիայի հետ առնչություն։ Նրանք նաև հատուկ վերապատրաստում են անցել Դոյչե Վելլե Ակադեմիայի օնլայն ուսուցման մեթոդաբանությամբ։ 

Ամենշաբաթյա դասերից բացի, դպրոցի շրջանակներում  կազմակերպվում են նաև լրացուցիչ հանդիպումներ Հայաստանից և արտերկրից բանախոսների և հյուրերի հետ։ 

Դասավանդողներից մեկը Առավոտ թերթի խմբագիր Արամ Աբրահամյանն է, որն ուսանողների հետ կիսվում է մեդիա կառավարման իր 28 տարվա փորձով․ «Այս դպրոցում իմ պարտականությունը խմբագրության կառուցվածքի, էթիկական խնդիրների մասին խոսելն է, որոնք մշտապես առաջանում են գումար աշխատելու և էթիկապես մաքուր մնալու բախման պայմաններում»։

Դպրոցն անցկացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում․ հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ։

Քրիստիան Գինոսյան
Լուսանկարները՝ Հակոբ Հովհաննիսյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *