2022.06.28,

Նյուսրում

Ինչպես վարվել սոցցանցային հաշիվների հետ մարդու մահից հետո

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Մարդը մահանում է, բայց երբեմն նրա սոցիալական հաշիվները կան և հիշեցնում են օգտատիրոջ մասին։ Ընդհանրապես բարդ է որոշել, թե ինչպես վարվել մահից հետ ցանցային հաշիվների հետ։

Մահացած մարդկանց ներկայությունը սոցիալական ցանցերում տարբեր զգացողություններ կարող է առաջացնել։ Հարազատների մոտ տխրություն, ցավ, ծանոթների ու անծանոթների մոտ ափսոսանք ու հիշողություններ։

Պահե՞լ մահացածի թվային ժառանությունը որպես հիշողություն, թե՞ հրաժեշտ տալ նրան նաև վիրտուալ իրականության մեջ։ Դա որոշում լինելուց բացի, նաև գործողությունների հաջորդականություն է։

Նախքան որոշում կայացնելը արժե ստուգել՝ արդյոք որևէ հուշում այդ մասին թողել է մարդը։ Սա կարող է օգնել որոշել, թե ներքևում նշված ճանապարհներից որն ընտրել․

  • Հարգել սոցմեդիա օգտատիրոջ հիշատակը (memorialise)
  • Ջնջել հաշիվները
  • Թողնել հաշիվն այնպես, ինչպես կա

Ինչպես ջնջել մահացածի սոցցանցային հաշիվը։ 

Դա նախևառաջ ենթադրում է լուսանկարների և հաշվում պահվող այլ կարևոր տեղեկությունների հեռացում։

Եթե դուք որոշել եք զբաղվել այս հարցով, նախքան որևէ բան ջնջելը կարևոր է ընտանիքի անդամների ու մտերիմ ընկերների հետ քննարկել անելիքները: Համոզվել, որ բոլորն են ուզում իրենց սիրելիի առցանց կյանքը ջնջվի: Կարող եք մուտք գործել և պահպանել այն, ինչ ցանկանում եք, նախքան հաշիվը ջնջելը:

Հաշիվները ջնջելու համար հարկավոր է կապվել տվյալ սոցիալական մեդիայի աշխատակիցների հետ, տեղեկացնել, որ անհատը մահացել է և ներկայացնել անհրաժեշտ տեղեկությունները.

  • Մահացածի սոցցանցի օգտանունը
  • Էլփոստի հասցեն
  • Ամբողջական անունը
  • Մահվան ապացույցը՝ մահվան վկայական, մահվան ծանուցում
  • Դիմողի ինքնությունը հաստատող փաստաթուղթը
  • Մահացածի հետ հարաբերությունների ապացույցը՝ ծննդյան կամ ամուսնության վկայական, եթե առկա է կտակի պատճեն և այլն։

Հաշիվը մուտք գործելու թույլտվություն ստանալուց հետո, կարող եք ներբեռնել և պահպանել տեղեկություններ, տեսանյութեր ու լուսանկարներ։

Կարևոր է նկատի ունենալ, որ սոցիալական մեդիայի տարբեր հարթակներ հաշիվը փակելու համար տարբեր տեղեկություններ կպահանջեն:

Ինչպես հարգել սոցցանցային օգտատիրոջ հիշատակը

Հանգուցյալի հաշիվները ակտիվ պահելը նշանակում է, թույլ տալ նրան գոյություն ունենալ սոցիալական ցանցերում՝ հիշողությունները թարմ պահելու համար։ էջը հիշողություն դարձնելիս փոխվում է հաշիվի գոյության ձևը, սոցցանցերի այլ օգտատերերին պարզ է դարձնում, որ տվյալ անձն այժմ մահացած է:

Օրինակ, ֆեյսբուքում մահացածի էջին հարթակն այլևս չի ուղարկում ծննդյան օրվա ծանուցումներ: Սա ընկերներին և ընտանիքի անդամներին հեռու է պահում ավելորդ անհանգստությունից՝ միաժամանակ թույլ տալով դիտել լուսանկարներ և հիշողություններ:

Կան սոցիալական մեդիա հարթակներ, որոնք թույլ չեն տալիս հարգել անձի հիշատակը ցանցում: 

Սոցցանցային տարբեր էջեր տարբեր տեղեկություններ են պահանջում մահացածի հարազատներից, որոնց մասին առանձին կարող եք կարդալ այս հղումով։ Մանրամասն ներկայացված են հիմնական քայլերը, թե ինչպես վարվել մարդու մահից հետո նրա Ֆեյսբուքի, Յություբի, Ինստագրամի, Սնափչաթի, Թվիթերի, Վոթսափի, Լինկդինի և այլ հարթակների հաշիվների հետ։

Բոլոր ցանցերի դեպքում ամենակարևորը կետը մարդու մահը հաստատող փաստաթուղթն է։ Այն ներկայացնելու համար պահանջվում է լինել ընտանիքի անդամ կամ ընկեր, որը ևս պետք է փաստաթղթերով հիմնավորվի։

Եթե մահը վրա է հասել ոչ հանկարծակի, շատ դեպքերում հիվանդը գրավոր, ձայնային հաղորդագրությամբ, տեսանյութով կարող է լիազորել որևէ հարազատի իր մահից հետո կառավարել ցանցերում եղած հաշիվները։

Նույնը վերաբերում է նաև էլեկտրոնային փոստերին։ Օրինակ, Հոթմեյլի, Աութլուքի դեպքում պետք է դիմել Մայքրոսոֆթին, ընդ որում՝ ոչ թե ընկերը, այլ միայն ընտանիքի անդամը կարող է զբաղվել այս հարցով։ 

Եթե ունեք մահացածի հաշիվների տվյալները, գաղտնաբառերը, ավելի հեշտ կարող եք գործել՝ պահպանել կարևորը և ջնջել հաշիվը։

Իրավիճակը մի փոքր այլ է, երբ մահացածը հանրային հետաքրքրության անձ է՝ դերասան, երգիչ, նկարիչ, քաղաքական գործիչ և այլն։ Մեծամասամբ հարազատները որոշում են հարգել հաշիվների հիշատակը կամ բաց պահել, որպեսզի մարդիկ շարունակեն հետևել նրանց գործունեությանը և հիշել նրանց նասին անգամ մահից հետո։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *