Հանրությունը կորցրել է վստահությունը լրատվամիջոցների հանդեպ։ Հանրային կարծիքի Կովկասյան բարոմետրի ուսումնասիրության համաձայն, մարդիկ ամենաքիչը վստահում են լրատվամիջոցներին, ամենաշատը՝ օմբուդսմենին։
Կովկասյան բարոմետրի պատմության մեջ առաջին անգամ է, որ մեդիայի նկատմամբ վստահությունը նման ցածր ցուցանիշ է գրանցել։ Այս ենթատեքստում հետաքրքրիր է, որ մարդիկ սկսել են ավելի շատ վստահել քաղաքական կուսակցություններին, բանկերին, ոստիկանությանը։ Վստահության պակասը մեծացել է նաև գործադիր իշխանության և Ազգային ժողովի հանդեպ։
Հարցումն անց է կացվել է 2021-ի դեկտեմբեր 2022-ի փետրվար ամիսներին, մասնակցել է 1648 մարդ, որից 73%-ը հայտնել է, որ չի վստահում և միայն 10%-ն է վստահում լրատվամիջոցիներին։ Հարցումը վեր է հանել անվստահության տարբեր պատճառներ՝ լրատվամիջոցները մարդկանց մոլորեցնում են, քաղաքական օրակարգ ունեն, սոցիալական հարթակներում այցելություններ հավաքելու համար են և այլն։
Ստացված տվյալների ներկայացման միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ քննարկում՝ «Ինչպես վերականգնել վստահությունը մեդիայի նկատմամբ․ մեդիայի արտաքին և ներքին մարտահրավերները» թեմայով։
Քննարկման ժամանակ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանն ասաց, որ իհարկե ցավալի է մեդիայի անվստահության նման պատկեր ունենալը, սակայն խնդիրը միայն հայկական չէ, հատուկ է աշխարհի անգամ շատ զարգացած երկրներին՝ ինչպիսիք են Անգլիան, ԱՄՆ-ն և այլն․
«Մենք կարիք ունենք ստացված տվյալները համադրելու նախորդ 10-20 տարիների տվյալների հետ, որպեսզի հասկանանք, ընդհանարապես մարդիկ ոնց են ընկալում վստահություն ասվածը։ Վերջին երկու տարիներին համավարակը և պատերազմը խարխլել են վստահության մասին մարդկանց պատկերացումներն ու միֆերը»։
Infocom-ի հիմնադիր Սևակ Մամյանի կարծիքով՝ անվստահության պատճառներից մեկն էլ այն է, որ մեդիայի կողմից երկրաժամկետ սուտ ստեղծելու հնարավորությունները փոքրացել են․
«Կարծում եմ՝ հիմա մեդիայի համար ստեղծվել են բնական պայմաններ դառնալու ավելի լավը։ Եթե մարդիկ հիմնում էին մեդիակազմակերպություններ իրենց քաղաքական շահերն առաջ տանելու համար, ապա այս համընդհանուր անվստահության մթնոլորտում դա դառնում է անիմաստ»։
Նրա կարծիքով, մեդիային որպես մեկ ընդհանուր ինստիտուտ դիտարկելու նպատակահարմարության հարց կա, եթե այս հարցն իրեն տային որպես լրատվամիջոցի ներկայացուցչի, կասեր, որ չի վստահում որևէ մեդիային, բայց այսօր յուրաքանչուր մարդ ունի մեկ կամ երկու լրատվամիջոց, որին վստահում է և համարում տեղեկատվության աղբյուր։
Քննարկմանը բացի մեդիայի ներկայացուցիչներից, հրավիրված էր նաև քաղաքացի Արտակ Գաբոյանը։ Նա ասաց, որ հիմա կդժվարանա նշել որևէ հայկական լրատվամիջոց, որին ինքը կարող է համարել որակյալ․ «Լրատվությունը միայն չոր լուրեր տալը չէ, այլև կրթելն է, թեման գրագետ ներկայացնելը։ Մյուս կողմից լավ հնարավորություն կա Հայաստանում Մեդուզայի նման որակյալ, կրթող և վերլուծող լրատվամիջոց ստեղծելու համար»։
Ըստ հարցման, հայաստանցիների մոտ 28%-ն է լրատվության մեջ իր կարդացածը համեմատում այլ աղբյուրներում գրվածի հետ, իսկ 10%-ը տեղեկատվությունը ճշգրտում է վստահելի մարդկանց հարցուփորձ անելով։ Մոտ 40%-ն ուղղակի չի ստուգում կասկածելի տեղեկատվությունը։
Լուսինեն ասում է, որ մարդիկ չեն կարող այս հսկայական ինֆորացիոն հոսքում ամբողջը ստուգել և լավ է, որ մեզ մոտ կան փաստեր ստուգող մի քանի լրագրողական խմբեր։
Բացի դրանից, ըստ նրա, մարդիկ չեն կարողանում և ժամանակ չունեն ստուգելու անգամ այնպիսի հիմնական տվյալներ, ինչպիսիք են՝ որ լրատվամիջոցն է գրել հոդվածը, ով է լրագրողը, տեղեկատվությունը համեմատել այլ աղբյուրների հետ և այլն։
«Մենք մեդիագրագիտության տարբեր ծրագրեր ենք անում, աշխատել ենք տարբեր խմբերի հետ, հիմա փորձում ենք ինստիտուցիոնալիզացնել մեր աշխատանքը։ Ինչպես գիտեք մեդիագրագիտությունը ներառվել է հանրակրթության պետական չափորոշչի մեջ և ենթադրվում է, որ անգամ մանկապարտեզից ինչ-որ հմտություններ պետք է սկսեն խթանել», – ասում է նա։
Իհարկե այստեղ կարևոր է լրատվամիջոցների պատասխանատվությունը, նրանք պետք է օգնեն իրենց ընթերցողներին ճանաչել իրենց՝ ինչպես են աշխատում, որտեղից են գտնում իրենց ֆինանսները և այլն։
Սևակը պատմում է, որ Infocom-ը տարբեր բացատրական տեսանյութերով փորձում է շփվել իր լսարանի հետ, օգնել կողմնորոշվել, թե ինչպես տարբերակել վստահելի լրատվամիջոցը, ինչ տվյալների ուշադիր լինել, սակայն դեռևս աննշան արդյունք ունեն։
Քաղաքացու կարծիքով, Հայաստանում մարդկանց ինտելեկտուալ մակարդակը ցածր է և դրանով է պայմանավորված, որ չեն կարողանում ստուգել կեղծ տեղեկությունները, նրանք չունեն վերլուծական կարողություններ, որպեսզի տարբերակեն մեդիա ռեսուրսներն ու կեղծ տեղեկությունները։
«Լավ կլիներ լրագրողներն իրենք նախաձեռնեն արհմիություն ստեղծումը, որտեղ երեք անգամ կեղծ լուրեր հորինող կամ մանիպուլիացիաներ տարածող լրագրողները կվարկանշավորվեն։ Հոդվածների տակ մարդիկ կարմիր նշանով կտեսնեն նրանց անունները։ Դա կարճ ժամկետներում կարող է օգնել լուծել այս հարցը», – ասաց նա։
Առաջիկա շաբաթվա ընթացքում կներկայացվեն հետազոտության արդյունք հանդիսացող այլ տվյալներ և կանցկացվեն թեմատիկ պանելային քննարկումներ։ Միջոցառումներին կարող եք ծանոթանալ այս հղումով։
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: