2022.06.02,

Նյուսրում

Մշակութային քննադատության պակասը մեդիա դաշտում

author_posts/christian-ginosyan
Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող

Ի՞նչ ազդեցություն ունի մշակութային լրագրության պակասն արագորեն փոփոխվող հասարակական հարաբերությունների և կառուցվածքների վրա։ Ինչպե՞ս ենք դիտարկում մշակութային քննադատության վտանգված արդիականությունը և վերաորակավորելու նրա գործառույթները՝ լուծելու մեր ժամանակի քաղաքակրթական խորը խզումները: 

Այս հարցերի պատասխանները փորձել են տալ արվեստի տարբեր ճյուղերի գործիչներ՝ Տիգրան Ամիրյանը, Նունե Հախվերդյանը, Նազելի Օհանյանն ու Շողակաթ Մլքե-Գալստյանը։ «Եվ այլն․ մշակութային խոսույթ» քննարկումը տեղի է ունեցել EVN մեդիա փառատոնի շրջանակներում, որը համակարգում էր Վիգեն Գալստյանը։

Ի՞նչ է մշակութային քննադատությունը

Ըստ գրաքննադատ Տիգրան Ամիրյանի՝ սոցիալական ցանցերում մեր տեսած կարծիքներն ու գնահատականները, մշակույթի արժևորումն ու արժեզրկումը քննադատական մտածողության ձև չէ: 21-րդ դարում ի հայտ եկած գործիքներն ու հարթակները թույլ են տալիս բոլորին մասնակցել այդ քննարկմանը։ 

«Տարիներ շարունակ մշակութային քննադատությունը օգնել է սահմանել շուկայում ուղենիշների։ Եղել է հիերարխիկ մի բուրգ, և եթե որևէ մշակութային արտադրանքի մասին գրել է մեդիան, անդրադարձել են քննադատները, այն ավելի լավ է վաճառվել։ Այդ մոդելը հիմա էլ է փորձում կենսունակ մնալ, բայց արդեն հնարավոր չէ դրա վրա հենվել, որովհետև տեխնոլոգիան փոխվել է, և քննադատ կարող է լինել յուրաքանչյուրը», – ասում է Media.am կայքի լրագրող, արվեստի քննադատ Նունե Հախվերդյանը: 

Եվ եթե մեդիային նայենք որպես խողովակի` իր բոլոր ազդեցիկ քննադատներով, լրատվամիջոցներով ու կայքերով, այն կարողացել է հաղորդել, թե արվեստի որ գործն ավելի բարձր արժեք ունի, իսկ որը՝ ավելի ցածր: Սակայն այսպես աշխատել այլևս հնարավոր չէ, որովհետև մեդիան այլևս խողովակ չէ, այլ միջավայր, որտեղ խնդիրն այն է, թե ինչպես կարող է մշակութային արտադրողը գտնել իր սպառողին և ճիշտ դասակարգվել: 

Քննադատի դերը ոչ թե այդ հիերարխիան կառուցելն է, այլ լինել այնտեղ, որտեղ կա շատ մարդ (ցանցեր), որտեղ արվեստը ներկայացնելու հնարավորություն ու լսարան կա:

«Ըստ իս՝ քննադատի դերը միտք ստեղծելն ու նոր գաղափարներ առաջադրելն է: Հայաստանում քննադատությունը շատ բնականոն ձևով է զարգանում՝ խորհրդային շրջանից հետո բերած անկայուն վիճակով: Ճգնաժամային իրավիճակ չկա», – վստահեցնում է Հայաստանի հանրային ռադիոյի «Վերնատուն» հաղորդման հեղինակ Նազելի Օհանյան: 

Հետ հայացք գցելով Հանրային ռադիոյի անցյալին, Օհանյանը նշեց, որ եթե խորհրդային տարիներին այդ լուսաբանումն անցնում էր սոցիալիստական քարոզչության պրիզմայով, ապա հետո այդ քննադատությունն ազգայնական պրիզմայով էր. կային սրբացած թեմաներ, որոնց պետք է միշտ գովեին: 

Արվեստի պատմաբան Վիգեն Գալստյանը հակադարձեց, որ այդ բնականոն ընթացքը կարող է լինել այն դեպքում, երբ կա մշակութային իրադարձությունների շարունակականություն, ինչը Հայաստանում վերջին 100-200 տարիներին չի եղել: 

«Բացի այդ, անկախ նրանից ստեղծվում է քննադատական տեքստը, խոսում են մարդիկ, թե ոչ, կարևոր է, որ ձևավորվի քննադատական խոսույթ, ու այդ տեքստերն ու մտքերը դրվեն շրջանառության մեջ», – ասում է Գալստյանը

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի, EVN Report-ի ֆեյսբուքյան էջից

Քննադատական մտքին խփեցին մշակույթ ստեղծողները

Արվեստի կառավարող Շողակաթ Մլքե-Գալստյանն արվեստագետ-քննադատ կապի խզման հիմքում արվեստագետների վարքային փոփոխությունն է տեսնում՝ օրինակ բերելով հենց իր ոլորտից՝ թատրոնից․

«Նախկինում այս կամ այն հատուկ ցուցադրության կամ ներկայացման համար հանդիպումներ էին կազմակերպում մեդիայի հետ, հետո դրա մասին գրում էին, հասցնում սպառողին, և այսպես քննադատական միտքը շփվում էր արտադրողի հետ: Նոր մեդիայի և սոցիալական ցանցերի դարաշրջանում որոշիչ դեր խաղաց միջոցների էժանությունը, պարզությունն ու կառավարելիությունը. դու հրավիրում էիր մարդկանց առանց նրանց կարծիքը կառավարելու՝ թիրախավորելով գովազդը, ներգրավելով ինֆլուենսերներին․․․ Այդ շուկան բավականին էժան է Հայաստանում: Ընդամենը 200 հազար դրամով կարող ես մեդիա բում ստեղծել: Արտադրողներն էլ տեսան, որ կարող են իրենց խոսքն ուղիղ հայտնել` վերջապես ազատվելով քննադատներից: Ինձ թվում է, առաջին հերթին, քննադատական մտքին խփեցին հենց մշակույթ ստեղծողները»

Առաջինն արվեստագետները սկսեցին անտեսել, չխոսել, չհրավիրել, չհամագործակցել: 

Մյուս խնդիրը կրթությունն է

Մշակութային քննադատության թերացումների կարևորագույն խնդիրներից մեկն, ըստ Տիգրան Ամիրյանի, կրթությունն է, որը սկսում է հենց համալսարանից․ «Համալսարաններում մենք ունենք մշակության քննադատության պատմության մասին մեկ կամ երկու առարկա, ու այդ առակաների պատմությունն ավարտվում է 60-ականների պատմությունով։ Եվ քննադատները անընդհատ վերարտարդում են այդ նույն՝ հին սխեմաները»։

«Արվեստի պատմություն սովորեցնելիս, մենք միևնույն ժամանակ չենք սովորեցնում քննադատական մտքի քո կողքը լինելու կարևորությունը: Մենք սիրում ենք, որ մեզ միշտ գովեն, իսկ անկառավարելի քննադատական մտքի հետ չգիտենք ինչ անել», – ասում է Շողակաթ Մլքե-Գալստյանը: 

Նունե Հախվերդյանի կարծիքով մեր մեդիա դաշտում շատ հաճախ մշակութային անդրադարձները հենց PR-ի տեսակետից են ու շատ անորակ: Ըստ քննադատի՝ ֆիլմի պրեմիերայի կամ ցուցահանդեսի մասին որևէ ռեպորտաժ նայելիս մենք տեսնում ենք, որ լրագրողն անում է ամենաարատավոր քայլը` խոսեցնում է հեղինակին: Վերջինս պատմում է իր գործի արժեքի մասին, գովում իրեն, իսկ լրագրողն էլ իր նյութը կառուցում է հենց դրա վրա: Այս ամենը մտնում է մի փուչիկի մեջ, որտեղ լրագրողը ինքն իրեն բացառում է, մտածում է ով է ինքը, որ զրույցի մեջ մտնի: 

Երևի այդպես էլ սովորեցնում են լրագրողներին` չեզոքության, պսևդո օբյեկտիվության տակ քողարկել մտքի պակասը։

Եվ որքան տեսնում ենք, լրատվամիջոցների խմբագրական քաղաքականությունը նաև առանձնապես չի կարևորում մշակութային քննադատությունը՝ կենտրոնանալով ու վճարելով հիմնականում քաղաքական կամ սկանդալային անցողիկ բովանդակության վրա։

Իսկ մյուս կողմից՝ մեդիա միջավայրն այնքան բաց ու հեշտությամբ փոփոխվող է, որ ցանկացած քննադատ, եթե ունի նպատակ, ցանկություն ու վստահություն, որ ստեղծելու է արդիական բովանդակություն, կարող է դառնալ ազդեցիկ դեմք։ Կամ համագործակցելով լրատվամիջոցների հետ, կամ էլ սեփական հարթակները ստեղծելով։ Ի վերջո, երբ խոսելու ու քննադատելու իրավունք ունեն բոլորը, բարձրանում է որակյալ խոսքի արժեքը։

Քրիստիան Գինոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *