Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) հայտարարել է հանրային մուլտիպլեքսում մայրաքաղաքային սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթ: «Արմնյուզի» սնանկացումից հետո այդ սլոթը թափուր էր մնացել և այժմ տեղի է ունենում արտահերթ ընտրություն։ Երևանում սփռման իրավունք ստանալու համար պայքարելու են չորս հայտատուներ՝ երկուսը բավականին հայտնի, երկուսը՝ ոչ այնքան։
Դրանք են՝ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ, «։Բուն» գիտամշակութային հիմնադրամ, «Յան ԹիՎի» ՍՊԸ, «Թիվ 1 հեռուստաընկերություն 2020» ՍՊԸ:
«Հայկական երկրորդ հեռուստաալիք»
Հ2-ը հեռուստադաշտի հնաբնակն է, այն եթերում էր 1999-ից, իսկ 2021-ին դուրս մնաց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթից (դիմել էր միայն համապետական սլոթի համար)։ Հիմա ալիքը զրկված է վերգետնյա հեռարձակումից ու հասանելի է միայն մալուխային հեռուստացանցում։
Մրցույթից դուրս մնալուց հետո Հ2-ը դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՌՀ որոշումը և իրեն հաղթող ճանաչել մրցույթում: Դատարանը բավարարեց այդ հայցը, բայց հակընդեմ հայցով հանդես եկավ ՀՌՀ-ն։ Գործը դեռ շարունակվում է։
Եվ հիմա Հ2-ը կրկին ուզում է վերադառնալ հանրային մուլտիպլեքս, արդեն մայրաքաղաքային սփռմամբ։
Իրենց ծրագրերը հանձնաժողովին երկայացրեց Հ2-ի փոխտնօրենը՝ ցուցադրելով հեռուստաընկերության մասին գովազդային ֆիլմ։
«։Բուն»
«։Բուն» գիտա-մասնագիտական բովանադակությունը համացանցում է 2013 թվականից։ Լինելով անհատական նախաձեռնություն այդ հարթակը լրացնում էր Հայաստանի մեդիա բովանդակության լրջագույն բացը՝ տեսանելի դարձնելով հայալեզու արդիական գիտական ու մշակութային միտքը։
Մի քանի ամիս է, ինչ «։Բուն»-ը որպես արդեն եթերացանկ ունեցող ալիք հասանելի է մալուխային հեռարձակմամբ։
«։Բուն»-ը արտասովոր նախաձեռնություն է մեդիա դաշտում, որպես հեռուստատեսային արտադրող այն չունի լրատվական ծրագրեր ու օրվա հետ առնչվող բովանդակություն։ Ընդհակառակը, փորձում է ընդլայնել թեմաների ու հյուրերի համատեքստը՝ ստեղծելով շարքեր ու հաղորդումներ, որոնք օգնում են ստացվող տեղեկությունը դարձնել գիտելիք:
«։Բուն»-ը պատրաստում է տարբեր մասնագիտական ու թեմատիկ շարքերը, պոդքասթներ, ձևավորում հայաստանյան փորձագիտական ու գիտական համայնք։
Ֆինանսական հոսքերը մի քանի աղբյուրներից են՝ դրամաշնորհային, գովազդային ու համագործակցային։
«Յան ԹիՎի»
«Յան ԹիՎի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը գրանցվել է մրցույթից մեկ ամիս առաջ, տնօրենն է Գարեգին Քամալյանը, որը միակ ու 100%-ի բաժնետերն է։ ՀՌՀ-ին նա պատմեց, որ «Արմենիա» հեռուստաընկերության համահիմնադիրներից է, ապրում է ԱՄՆ-ում և միշտ անում է բաներ, որոնք չեն կրկնվում ու հեռուստատեսության ոլորտը տանում են առաջ։
Ըստ նրա՝ «Յան ԹիՎի»-ն լինելու է հովանոց, որի տակ հավաքվելու են տարբեր բովանդակություն արտադրողներ։ Եվ շատ աշխատակիցներ կաշխատեն հեռահար՝ տարբեր երկներից։ Ինֆորմացիայի պահպանումն ու մոնտաժը պատրաստվում են անել քլաուդ համակարգով (սերվերները կլինեն Լոս Անջելեսում ու Ֆրանկֆուրտում)։
Հայտարարվեց, որ հիմնական ուղղությունը լինելու է էդութեյմենթը՝ կրթականի ու զվարճալիի համադրությունը։
Որևէ հաղորդաշար կամ բովնադակություն նա դեռ չուզեց հիշատակել, քանի որ պատրաստվում են ուսումնասիրել վարկանիշներն ու վիճակագրությունը, առավել «դիպուկային» բովանդակություն ստեղծելու համար։
Որպես ֆինանսների աղբյուր Գարեգին Քամալյանը նշեց գովազդը, հովանավորությունը, իսկ եթե միջոցները չբավարարեն, նա պատրաստ է ներդնել իր սեփական գումարը, քանի որ ունի մի քանի բիզնես։
«Թիվ 1 հեռուստաընկերություն 2020»
«Թիվ 1 հեռուստաընկերություն 2020»-ը հիմնադրվել է 2018-ին, բայց 2020-ին փոխվել է գլխավոր խմբագիրը և խմբագրական քաղաքականությունը, ծագել էին ֆինանսական խնդիրներ ու ներքին վեճեր (չկային պայմանագրեր աշխատողների հետ և աշխատավարձերը չէին վճարում)։ Հարուցվել էին քրեական գործեր, որոնք հետո կարճվեցին։
Տնօրենն ու միակ բաժնետերը Էդգար Բաբայանն է, որը Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանից թավշյա հեղափոխությունից հետո և ինքն էլ գտել է ֆինանսավորում։
«Թիվ 1»-ը կայք է, որը թողարկում է վիզուալ արտադրանք ու ուզում է վերածվել հեռուստատեսային ալիքի։ Այն պատրաստ է ընդլայնվել ու ինչպես հայտարարում է իր կարգախոսում՝ անել արժեքների հեղափոխություն։ Ի դեպ՝ tiv1.am կայքում «մեր մասին» ու «հետադարձ կապ» բաժինները դատարկ են, միայն գովազդ է։
Այս չորս թեկնածուներից ընտրվելու է մեկը, ՀՌՀ-ն ունի երկու ամիս իր որոշումը հրապարակելու համար։
Նունե Հախվերդյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: