2022.05.04,

Նյուսրում

Միգրացիայի լուսաբանում. հարց-պատասխան

author_posts/christian-ginosyan
Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող

Ինչու՞ է միգրացիայի թեման լուսաբանելը կարևոր

Մեդիան մեծ դեր ունի հանրային կարծիքի ձևավորման և միգրացիոն քաղաքականությունների իրազեկման գործում: Այդ իսկ պատճառով կարևոր է միգրացիայի թեմայով հավասակշռված լուսաբանումը` առանց փոխաբերությունների և կարծրատիպերի, որոնք կարող են հանգեցնել խտրականության և քաղաքական խոսքի բևեռացման: 

Անցանկալի և անգամ վնասող հետևանքներից խուսափելու համար լրագրողը պետք է պատասխանատու կերպով մոտենա իր գործին, քանի որ այդ ամբողջի հիմքում ընկած է լուսաբանողի (կամ խմբագրության) ընտրությունը․ պատմությունը լուսաբանելու որոշման պահից մինչև հարցազրույց տվողների ընտրություն, պատկերների օգտագործում, թեմային տրվող կարևորություն, դրանում ներկայացված կետեր և այլն։

Ո՞րն է փախստական և միգրանտ հասկացությունների տարբերությունը և արդյո՞ք դրանք  փոխարինելի են:

Փախստականներն այն մարդիկ են, ովքեր իրենց ծագման երկրից դուրս են գտնվում հալածանքի ենթարկվելու վախի, հակամարտության, բռնության կամ այլ պատճառներով, որոնք առաջացրել են հանրային կարգի լուրջ խաթարումներ: 

Միգրանտները կարող են տեղափոխվել այլ երկրներ իրենց կյանքը բարելավելու, կրթություն ստանալու, ընտանիքի հետ միավորվելու նպատակներով կամ այլ պատճառներից ելնելով: Նրանք կարող են նաև տեղափոխվել մեղմացնելու համար այն դժվարությունները, որոնք առաջանում են բնական աղետների, սովի կամ ծայրահեղ աղքատության հետևանքով: 

Հետևաբար այդ երկու հասկացությունները փոխարինելի չեն, և դրանց մեջ իրավական մեծ տարբերություն կա: Բառերի շփոթումը կարող է փախստականների և ապաստան հայցողների համար խնդիրներ առաջացնել։

Փախստականները աջակցություն ստանալու հասանելիություն են ձեռք բերում պետություններից, ՄԱԿ ՓԳՀ-ից և այլ համապատասխան կազմակերպություններից:  Այսպիսով, նրանք հստակորեն ճանաչվում են, քանի որ նրանց համար չափազանց վտանգավոր է վերադառնալ տուն, և հետևաբար նրանք ապաստան են փնտրում այլ վայրերում: Փախստականների համար ապաստանի մերժումը կարող է մահացու հետևանքներ ունենալ: 

Կարևոր եզրույթներ

Որոշ նյուզռումեր հստակ և ճշգրիտ ուղեցույցներ ունեն այն մասին, թե ինչպես լուսաբանման ընթացքում մոտենալ որոշակի էթիկական հարցերին կամ ինչ բառամթերք օգտագործել: Օրինակ, «Ասոշիեյթդ Պրեսս» (ԱՊ) նորությունների գործակալությունը 2013 թվականին հայտարարեց, որ իրենց կանոնագրքով այլևս թույլ չի տրվում օգտագործել «ապօրինի ներգաղթող» եզրույթը կամ «ապօրինի» ածականն՝ անձին նկարագրելու համար»: 

Կեղծ փաստաթղթերով երկիր մուտք գործելը կամ մուտքի արտոնագրում նշված ժամկետից երկար մնալը նկարագրելու համար օգտագործվող «ապօրինի միգրացիա» եզրույթը իրավական առումով հաճախ անորոշ է և, սովորաբար, օգտագործվում է հռետորական տպավորության, ոչ թե հստակության համար:

Ցանկալի է խուսափել նաև «օտարերկրացի» բառից, քանի որ այն հաճախ համարում են ոչ քաղաքացիներին մատնանշելու համար օգտագործվող ապամարդկայնացնող եզրույթ:

Էթիկական ի՞նչ նորմերի պետք է հետևի միգրացիայի թեմա լուսաբանող լրագրողը:

Լրագրողական էթիկան նույնն է միգրացիայի կամ ցանկացած այլ պատմություն լուսաբանման դեպքում: Հարցն այն է՝ ինչպե՞ս է այն կիրառվում տարբեր սցենարների դեպքում, որոնք կարող են առաջանալ միգրացիայի լուսաբանման ընթացքում:

Լրագրողը պարտավոր է բացատրել հարցազրույց տվողին լրագրողական աշխատանքի բնույթը և նրա վկայության և (կամ) լուսանկարի հրապարակման հետ կապված հնարավոր ռիսկերը: Գիտակցված համաձայնություն ստանալը նշանակում է վնաս չհասցնել խոցելի անձանց:

  • Հարցազրույց

Փախստականի կամ միգրանտի հետ հարցազրույց իրականացնելուց առաջ միշտ ստացեք նրանց գիտակցված համաձայնությունը։ Այն իրենից ենթադրում է, որ պետք է տվյալ անձին բացատրել լուսաբանման գործընթացը, ինչու է իր պատմությունը կարևորը։ Հստակեցրեք՝ ինչու եք ցանկանում հարցազրույց վերցնել և որն է նյութի նպատակը։ Համոզվեք, որ մարդը գիտակցում է իր տրամադրած տեղեկությունների հրապարակման հնարավոր հետևանքները: Ասեք նրան, թե ովքեր են կազմում ձեր լսարանը, և հնարավոր է արդյոք, որ իր պատմությունը տեսնեն հայրենիքում: 

Ուշադիր եղեք հարցազրույցի միջավայրին, ստեղծեք պայմաններ, ուր խոսողն իրեն  հանգիստ կզգա անձնական տեղեկատվությամբ կիսվելու հարցում։

Խուսափեք տրավմատիկ փորձառությունները վերապրել տալուց և հարցազրույցի ընթացքում թույլատրեեք հարցազրույց տվողին՝ ազատ խոսել: 

Կարևոր է նաև նյութը հրապարակելուց առաջ հարցազրույց տվողին թույլ տալ ստուգել ձեր նյութում փաստական տվյալները:

  • Պատկերներ և լուսանկարներ

Գիտակցված համաձայնությունը ստանալը շատ կարևոր է նաև որևէ մեկի լուսանկարը տարածելուց առաջ: Երբեք մի՛ վճարեք լուսանկարի կամ տեսագրության համար: 

Անչափահասը լուսանկարվում կամ տեսագրվում է բացառապես ծնողի կամ խնամակալի համաձայնությամբ, որը հաստատում է երեխան: 

Առանձնակի տպավորիչ, երբեմն շոկային գրաֆիկ պատկերները, որոնք ներկայացնում են ծայրահեղ իրավիճակներ հրապարակվում կամ տարածվում են միայն և միայն այն դեպքում, երբ դրանք պատրաստված են բացատրելու, համոզելու կամ դատապարտելու նպատակով: Երբեք մի՛ օգտագործեք պատկերը՝ զուտ սենսացիոն լինելու համար:

Խորհուրդ․ շատ մի՛ մտերմացեք ձեր աղբյուրների հետ։ Երբեմն լրագրողները թույլ են տալիս իրենց աղբյուրի հետ չափից ավելի մտերմանալու սխալ, հատկապես, եթե ապրումակցում են այն անձին, որից վերցնում են հարցազրույց: Վստահության փոխհարաբերությունների ձևավորումը կենսական նշանակություն ունի լավագույն պատմությունները ստանալու համար, սակայն չափից ավելի մտերմանալը կարող է կասկածի տակ դնել ձեր անկողմնակալությունը և ձեր աշխատանքի էթիկական հիմքերը: 

Ինչպե՞ս ընտրել լուսաբանվող պատմությունը։ 

Ընտրության չափանիշների կենտրոնում դրեք մարդասիրությունը` Պատմությունների համոզիչ շարադրությունը հաճախ կենտրոնանում է անհատի վերաբերյալ դրամայի կամ կոնֆլիկտի, ծայրահեղ իրավիճակների և մտահոգությունների շուրջ: Բնական են իրավիճակները, երբ խմբագրի դերը կայանում է մտահոգություններ բարձրացնելու և  հիմնախնդիրներ կարևորելու մեջ, սակայն այս պատմությունները կարող են իրական հետևանքներ առաջացնել մարդկանց համար` լինեն դրանք տեղական համայնքներ, որոնք գործ ունեն փոփոխությունների հետ, ներգաղթողներ, արտագաղթողներ, փախստականներ կամ ապաստան հայցողներ: 

Ովքե՞ր կարող են օգնել բարդ թեմաները պարզ բացատրելու հարցում (փորձագետներ)

Միգրացիան հսկայական և բարդ թեմա է, որը մեծ հետևանքներ է առաջացնում թե՛ անհատների, թե՛ ամբողջ հասարակության համար: Միգրացիայի յուրաքանչյուր տարրը` տվյալները, տնտեսական և քաղաքական հետևանքները, իրավական հարցերը, սոցիալական ազդեցության ընկալումները բացատրելու հարցում ձեզ կարող են օգնել գիտնականները, հետազոտական կենտրոնները, հիմնադրամներն ու հասարակական կազմակերպությունները, քաղաքական գործիչները, պետական մարմիններն ու ազգային վիճակագրական կազմակերպությունները, միջկառավարական կազմակերպությունները,  միություններն ու գործարար միավորումները և այլն։ 

Ինչպե՞ս աշխատել տվյալների հետ՝ միգրացիայի կոնտեքստում։

Միգրացիայի մասին տվյալները ներկայացվում են տարբեր ձևաչափերով` սկսած սահմանի անցման, բնակչության քանակի, զբաղվածության մակարդակի և ժողովրդագրական մանրամասների (օրինակ` սեռատարիքային) մասին թվային «կարծր» տվյալներից՝ մինչև «փափուկ» որակական վերլուծություն, որի հիմքում ընկած են համայնքների, վկայությունների, գրականության կամ արտեֆակտերի խորքային ուսումնասիրությունը:

Թվերը կարող են պատմություններ դառնալ, բայց դրանք կարող են խաբուսիկ լինել: Լրագրողները պետք է ստուգեն և հետաքննեն պնդումները, որտեղ կան թվեր, պետք է ստուգեն վիճակագրական փաստերի իսկությունը և, անհրաժեշտության դեպքում, նախազգուշացնեն հասարակությանը չստուգված տեղեկությունների մասին: Հաշվի առեք նաև, որ միայն թվերը կարող են միաչափ պատկեր ներկայացնել: Հնարավորության դեպքում փորձեք քանակական տվյալները լրացնել որակական տվյալներով (կամ, ավելի պարզ, համեմատեք ձեր ունեցած թվերը դրանց հետ կապված մարդկային ազդեցությունների և փորձառությունների մասին ապացույցների հետ):

Հայաստանում միգրացիայի մասին տեղեկատվության ի՞նչ աղբյուրներ կան:

Աշխատանքի բերումով, ենթադրվում է, որ դուք անընդհատ կապի մեջ կլինեք մի շարք տեղական կառույցների հետ, ինչպիսիք են․

Միգրացիայի հարցերով զբաղվող ի՞նչ կարևոր միջազգային կազմակերպություններ կան:

IOM-ի օնլայն հարթակներն ու տվյալների բազաները

Օգտագորված գրականություն և հղումներ

  • «Միգրացիայի լուսաբանման ձեռնարկ լրագրողների համար», Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոն, դեկտեմբեր 2020 թ.  
  • ‘Reporting on Migration and Refugees: Guidelines For Journalists’, UNHCR, IOM, February 2018 
  • ‘Refugees’ and ‘Migrants’: FAQs, UNHCR, 15 March 2016
  • ‘Migration Reporting Guidelines’, EJN, September 2016

Քրիստիան Գինոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *