2022.05.03,

Նյուսրում

Մամուլի համաշխարհային օրը․ գնահատականներ հայկական մեդիային

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Այսօր՝ մայիսի 3-ին, մամուլի ազատության համաշխարհային օրն է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ 2022թ-ի համար հռչակած թեման է «Լրագրությունը թվային պաշարման ներքո»։ Այն ընդգծում է լրագրողների վրա հսկողության և թվային միջնորդավորված հարձակումները։

Հայաստանում խոսքի ազատության իրավիճակը գնահատել են տարբեր միջազգային կառույցներ։ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության զեկույցը հրապարակվել է այսօր։ 

Ըստ զեկույցի, Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը բարելավել է դիրքերը՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 51-րդ հորիզոնականը։ 2021-ին Հայաստանը 63-րդ հորիզոնականում էր։ 

Համեմատության համար նշենք, որ Վրաստանը զբաղեցրել է 89-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 154-րդը, Թուրքիան 149-րդը։

Զեկույցի հիմնական շեշտադրումները

RSF-ի զեկույցի ներածության մեջ ասվում է, որ «Չնայած բազմակարծության միջավայրին, մեդիան շարունակում է բևեռացված մնալ։ Հայաստանը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի՝ հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի տարածքային վեճի հետ համատեքստում»։

Զեկույցի համաձայն Հայաստանի հիմնական լրատվական աղբյուրը ոչ թե հեռուստատեսությունն է, այլ սոցիալական ցանցերը, որտեղ ամեն օր մուտք է գործում բնակչության երկու երրորդը։

Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսի՝ Հայաստանի մասին զեկույցի մյուս հիմնական կետերը ներկայացնում ենք կետերով։

  • 2018թ-ի «թավշյա հեղափոխությունից» հետո մեդիա դաշտն աճել է։ Անկախ առցանց լրատվական կայքերը զարգանում են, Civilnet.am-ը, hetq.am-ը, Factor.am-ը և Azatutyun.am-ը կատարում են ժողովրդավարության էական հակակշիռի իրենց դերը: 
  • Այնուամենայնիվ, հեռարձակվող և տպագիր լրատվամիջոցների մեծ մասը, որոնք հիմնականում քաղաքական և կոմերցիոն շահեր ունեն, շարունակում են ճնշումների ենթարկվել իրենց խմբագրական քաղաքականության հետ կապված: 
  • 2020թ-ից ի վեր երկու քաղաքական թեմաներ հատկապես զգայուն են՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմը և համաճարակի կառավարումը։ Որոշ քաղաքական խմբեր ապատեղեկատվական գործողություններ են իրականացնում և հարձակվում են լրագրողների վրա։ 
  • Մեդիա ոլորտի իրավական դաշտը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի համապատասխանում եվրոպական չափանիշներին։ Վերջին բարեփոխումները չեն լուծել ապատեղեկատվության և պատվերների հետ կապված խնդիրները: 
  • Ընդհակառակը, զրպարտության քրեականացումը, որի համար տուգանքի չափը եռապատկվել է, լուրջ վտանգ է ներկայացնում լրագրողների համար։ 
  • Լրատվամիջոցների մեծ մասը վերահսկվում է քաղաքական շարժումներին մոտ կանգնած կամ ազդեցիկ հասարակական գործիչների կողմից: 
  • Վճարովի բաժանորդագրության մոդելները քիչ են, իսկ գովազդի շուկան մնում է թերզարգացած, ինչը սահմանափակում է մասնավոր լրատվամիջոցների ֆինանսական անկախությունը: 
  • 2021թ-ը ծանր էր մեդիայի և լրագրողների համար՝ ղարաբաղյան պատերազմի, ընտրությունների և համաճարակի պատճառով։ Ընդհանուր առմամբ, լրագրողների նկատմամբ բռնության դեպքերն անպատիժ են մնում։ 
  • Մյուս կողմից պետական լրատվամիջոցները զերծ են մնում կառավարության հասցեին որևէ քննադատությունից, իսկ լրատվամիջոցների սեփականատերերի թափանցիկությունը երաշխավորող նոր օրենքը դեռևս գործողության մեջ չէ։

Freedom House․ Հայաստանը նահանջել է մամուլի անկախության ոլորտում։

Ապրիլին Հայաստանի վերաբերյալ զեկույց էր հրապարակել Freedom House-ը։ 

Զեկույցի՝ մամուլի ազատությանը վերաբերվող հիմնական կետերն են․

  • Հայաստանն անցում է կատարել ավտորիտար կառավարումից հիբրիդայինի, բայց «դեռևս չի համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին»:  
  • Անկախ ու հետաքննող լրատվամիջոցները համեմատաբար ազատ են ու թեև դրանք փոքր են, բայց ապահովում են հիմնավոր լուսաբանում՝ մարտահրավեր նետելով պետական հեռարձակողներին ու պաշտոնական մեդիային: 
  • Աճել են նաև լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերը: Այս պնդման հիմք է դարձել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) տվյալները: 2021-ին (ներառյալ հոկտեմբեր) արձանագրվել է մեդիա ներկայացուցիչների նկատմամբ բռնության գրեթե երկու տասնյակ դեպք: 
  • Մեդիա ազատության չափման վրա վատ հետք է թողել 2021-ի հուլիսին ընդունված օրենքը, որը քրեականացրեց պաշտոնյաներին և հասարակական գործիչներին հասցեագրված վիրավորանքն ու զրպարտանքը:  
  • Մտահոգիչն այն է, որ այս օրենքը հեշտությամբ կարող է դառնալ չարաշահման առիթ՝ սահմանափակելով ազատ արտահայտվելու իրավունքը, իսկ լրատվամիջոցները կարող են ենթարկվել ուղիղ քաղաքական ճնշման, եթե քննադատեն քաղաքական գործիչներին: 
  • Ազատության չափման վրա ազդում է նաև ինքնագրաքննությունը, որն առկա է կրթական ու ակադեմիական համակարգում: 

Մամուլի ազատության համաշխարհային օրվա մասին սոցիալական ցանցերում տեղեկություն տարածելու և քննարկումներին միանալու հիմնական հեշթեգերն են՝ #WPDF, #WPDF2022, #WorldPressFreedomDay: 

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *