2022.05.02,

Նյուսրում

ՊՊԾ պետը ոտքով հարվածել է ընդդիմության ցույցը նկարող օպերատորին

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Երևանում մայիսի 2-ի վաղ առավոտից սկսված խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ լրագրողներ են թիրախավորվել։ 

Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը ոտքով հարվածել է Mediahub-ի օպերատոր Արման Ղարաջյանին և հայհոյել նրան։

Նույն լրատվամիջոցի լրագրող Նարե Գնունին դեպքից առաջ մոտեցել է նրան և հարցրել․ «Պարոն Հովհաննիսյան, Ձեզ բավարարու՞մ է այս վիճակը․․․»

ՊՊԾ պետը սկզբում ձեռքով հրել է միկրոֆոնը՝ ասելով, որ հեռախոսով է խոսում:

Ավելի ուշ նրան ուղեկցող մի երիտասարդ հրել է օպերատորին, ապա քաշքշել ու ոտքով հարվածել նրան: Վնասել է նաև լրագրողների տեսախցիկը։

Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանը ուշագնաց է եղել ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած հրմշտոցի ժամանակ։ Դեպքը տեղի է ունեցել Սայաթ-Նովա -Աբովյան խաչմերուկում։ Նրան օգնություն են ցուցաբարել գործընկերները, ակցիայի մասնակիցները, ոստիկանության ծառայողները։

Որոշ ժամանակ անց լրագրողն ուշքի է եկել, ինքնազգացողությունը կարգավորվել է։

Ցույցի երկու առանձին կետերում բռնություն է կիրառվել նաև AntiFake.am կայքի լրագրողներ Դավիթ Ֆիդանյանի և Իշխան Խոսրովյանի հանդեպ։ 

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, ամփոփելով բռնության դեպքերը, խնդրահարույց է համարել ՊՊԾ պետի և աշխատակիցների կողմից լրագրողների հանդեպ բռնության միջադեպը։ Նրա խոսքով, դեպքից հետո լրագրողը կապ է հաստատել իրենց հետ և ներկայացրել իրավիճակը։

Այս գործով իրենք հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։

«Կադրերից ակնհայտ երևում է, որ զինծառայողների համար պարզ է, որ նա լրագրող է, իրականացնում է իր մասնագիտական գործունեությունը։ Տեղի ունեցածի խորքային պատճառն այն է, որ այդ ծառայության աշխատակիցներն իրենց անպատժելի են զգում, դեռ 2021թ-ին Ազգային ժողովում լրագրողներին քաշքշեցին և դրա համար պատասխանատվության չենթարկվեցին», – ասում է Իոաննիսյանը։

Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել, արձանագրելով, որ հանրապետությունում հասարակական-քաղաքական իրավիճակի ցանկացած սրացման պայմաններում ավելանում են նաև լրագրողների և օպերատորների նկատմամբ հարձակումներն ու ճնշումները։ 

Նրանք կառավարությունից պահանջել են ծառայողական քննություն նախաձեռնել և պատասխանատվության ենթարկել ՊՊԾ-ի պետ Սարգիս Հովհաննիսյանին և իրենց լիազորությունները գերազանցած նրա ենթականերին։ Ինչպես նաև համապատասխան ցուցումներ տալ և՛ ՊՊԾ-ին, և՛ ոստիկանությանը, որպեսզի իրենց գործողություններով չխախտեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքները և հարգալից վերաբերմունք ցուցաբերեն նրանց նկատմամբ։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *