2022.04.20,

Նյուսրում

Մեդիա օրենսդրության արմատական փոփոխությունների համար հուշագիր է ստորագրվել

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Հայաստանում մեդիա օրենսդրության բարելավման համար ապրիլի 19-ին գործադիրի, օրենսդիրի և լրագրողական ոլորտի մասնագիտացած կառույցների ներկայացուցիչների միջև ստորագրվեց Համագործակցության հուշագիր։

Այս փաստաթուղթը համագործակցության հիմք է, որպեսզի մեդիա ոլորտի զարգացման քաղաքականության մշակման համար ստեղծվի աշխատանքային խումբ։ Կողմերը նպատակ ունեն օգնել լրատվական դաշտը կարգավորվող օրենքների բարելավմանը, ինքնակարգավորման համակարգի զարգացմանը, միջազգային լավագույն փորձի ներդրմանը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանն իր խոսքում ասաց, որ 2003թ-ին ընդունված «Զանգվածային լրատվության մասին» օրենքը լուծումներ չունի ժամանակակից տեխնոլոգիաներով պայմանավորված նոր իրավահարաբերությունների համար։

«Վերջին տարիներին մենք տեսնում ենք հատվածական, լոկալ փոփոխություններ, սակայն օրենքը իրականում կարիք ունենք արմատական և լուրջ բարեփոխումների։ Ուրախ եմ, որ գործադիրը պատրաստ է համագործակցության և առաջիկա տարիներին նպատակ ունի մշակելու տեղեկատվության և հաղորդակցության միասնական համակարգ»,-ասում է նա։

Թեև ոլորտում մասնագիտացած կառույցները տարբեր նախաձեռնություններ են իրականացնում, սակայն ըստ Մելիքյանի, առավել արդյունավետ է բոլոր քննարկումներն ամփոփել և մշակել հայեցակարգ, որից էլ կբխեն օրենսդրական փոփոխությունները։

ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, ով հուշագիրը ստորագրող կողմերից մեկն էր (ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) ասաց, որ կողմերի միջև նախատեսվում է դերաբաշխում։ Այն կօգնի տարբեր ուղղություններով աշխատել, ուսումնասիրել միջազգային օրենսդրությունը, օգտագործել ունեցած կապերը։

«Սա կարևոր քայլ է և եթե անգամ սրանով լուծվի եղած խնդիրների կեսը, արդեն ձեռքբերում է։ Ժամանակ առ ժամանակ ինքս հանդիպումներ կկազմակերպեմ լրագրողների, խմբագիրների և սեփականատերերի հետ»,-ասում է նա։

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը նկատում է, որ բոլոր խնդիրները օրենքով կարգավորվել հնարավոր և անհրաժեշտ չէ, կարևոր է այնպես անել, որ լինի բալանսավորում։ Այստեղ, նրա խոսքով, անհրաժեշտ է ներառել նաև դատական համակարգը։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանն ասում է, որ այս փուլում մենք դեռևս գործ ունենք պատկերացումների հետ, թե ինչ ենք ուզում փոխել Հայաստանի մեդիաինդուստիայի զարգացման համար։

«Շատ խնդիրների լուրջ մենք ունենք տարբեր կարծիքներ, բայց կարևոր է երկխոսելը, փոխզիջումների գնալը։ Երկխոսությունն ամենամեծ խնդիրն է և այն պետք է դրված լինի նաև այս փաստաթղթի հիմքում»,-ասում է նա։

Նունե Սարգսյանն նշեց հայեցակարգի հիմնական ուղղությունները՝ լրատվամիջոցի սահմանում, սեփականատերերի և ֆինանսական թափանցիկության, ինքնակարգավորման, հավատարմագրման ինստիտուտի կատարելագործման, ինքնակարգավորման մեջ օմբուդսմենի անհրաժեշտության, տեղեկատվության ազատության խնդիրների, գովազդային շուկայի հետազոտության, մեդիագրագիտության և մեդիա կրթության, լրագրողների աշխատանքային հարաբերությունների և այլ հարցեր։

Մյուս կողմից, ըստ Սարգսյանի, կարևոր է հասկանալ ինչ ռեսուրսներ ունենք, որովհետև կարող ենք լավ օրենքներ գրել, փոփոխություններ անել, բայց դրանք կյանքի կոչելու հնարավորություն չունենաք։

ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը, ներկացնելով օրենքում արված նախկին փոփոխությունները՝ տեսալսողական մեդիայի, չնույնականացվող աղբյուրների, ֆինանսական թափանցիկության հետ կապված, նշեց, որ օրենսդրական փոփոխությունները չէ, որ պետք է առողջ մեդիամիջավայր ձևավորեն։

Հանդիպման ժամանակ  «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրենը Լաուրա Բաղդասրյանն ասաց, որ կարևոր են մեդիայի հետ կապված որոշ հարցերի պարզաբանումներ, օրինակ կարիք կա հատկապես օնլայն տիրույթում մեդիայի սահմանման հետ կապված, տեսալողական մեդիայի օնլայն տիրույթում թափանցիկության դրույթի հետ կապված և այլն։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *