2022.04.08,

Նյուսրում

Pinterest-ը լրատվականների համար․ ինչպե՞ս և ինչո՞ւ օգտագործել

author_posts/christian-ginosyan
Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող

Pinterest-ի անունը լսելիս պատկերացնում ենք դիզայն, ձեռքի աշխատանք, արվեստ, բաղադրատոմսեր ու էլի նման բաներ, բայց հաստատ ոչ նորություններ։ Պարզվում է, որ ամսական կտրվածքով Թվիթերից ավելի շատ ակտիվ օգտատեր ունեցող այդ սոցիալական ցանցի մասին մեր պատկերացումները այդքան էլ ճիշտ չեն․ իրենց բովանդակության տարածման համար Pinterest-ն ակտիվորեն կիրառում են New York Times-ն ու NPR-ը, կոնկրետ ուղղվածության նյութերը` նաև The Guardian-ը և այլն։ 

Իսկ գուցե պատկերների որոնման այս հարթակն իրո՞ք նոր ընթերցողների թաքնված աղբյուր է, որին պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել։ 

Ինչպես է աշխատում Pinterest-ը

Pinterest-ի պատկերներ կամ տեսանյութեր պահպանելու և տարածելու հարթակ է, որն իր հետ ունի սկզբնաղբյուրի հղում։ Օգտատերերը պահպանում են իրենց «pin»-երը (փին), որոնք լինում են պատկերներ կամ տեսանյութեր և կարող են այդ փիները դասավորել իրենց իսկ ստեղծած կատեգորիաների մեջ, որոնք քոչվում են «boards» (բորդ)։ Այլ կերպ կարելի է ասել, որ Pinterest-ն օնլայն տիրույթում գտած պատկերների գրանցամատյան է, որի ամենամեծ առավելությունը սկզբնաղբյուր հղման առկայությունն է։ Եթե օգտատերերը շատ են իրենց մոտ պահպանում, քլիքում կամ տարածում փինը, կարող են բավական խոսուն թրաֆիք ապահովել սկզբնաղբյուր կայքի համար։

Ի տարբերություն Instagram-ի կամ TikTok-ի՝ մարդիկ չեն մտնում Pinterest, որպեսզի դիտեն ու հավանեն այլ մարդկանց հրապարակումները կամ պտտվեն իրենց ծանոթների վերջին սթորիների միջով։ Այստեղ բովանդակությունն անգամ ժամանակագրական դասավորվածություն չունի, ինչը ենթադրում է, որ առօրյա լուրեր տեղադրելով այստեղ ոչ մի բանի չես հասնի։ 

2021-ի տվյալներով Pinterest-ում ամենաարդիական կատեգորիաներն են․

  • Տան ձևավորում
  • Ձեռքի աշխատանք
  • Ժամանց
  • Կրթություն
  • Արվեստ
  • Կանանց նորաձևություն
  • Սնունդ և խմիչքներ
  • Գեղեցկություն
  • Միջոցառումների կազմակերպում (Event planning) 
  • Այգեգործություն 

Եթե թվարկված թեմաներում հետաքրքրաշարժ ու ակնահաճո պատկերներով նյութեր ունեք, հանգիստ կարող եք տեղադրել Pinterest-ում։ 

Օրինակներ

NPR-ի և the New York Times-ի պես խմբագրությունները ակտիվորեն օգտագործում են Pinterest-ը։ New York Times-ը տարբեր թեմաներով բորդեր է պատրաստում, Վալենտինի օրվանից մինչև հայտնիների դիմանկարներ, որոնք ցուցադրում են լրատվականի վիզուալ աշխատանքները։ Նրանց «Editorials and Op-eds» բորդն ունի ավելի քան 1000 փին, որոնք հղումով տանում են դեպի NYT կայքի քննադատական բաժին։ Չնայած 8 միլիոն բաժանորդ ունեցող լրատվականը Pinterest-ում ունի 300 հազար հետևորդ, այնուամենայնիվ այս  այլընտրանքային սոցիալական ցանցն իրենց տալիս է ամսական ավելի քան 10 միլիոն դիտում։ NPR-ն ունի 79 հազար հետևորդ։

Այլ լրատվականները, օրինակ՝ NBC Sports-ը, The Times-ը, Sunday Times-ը, The Guardian-ը, LA Times-ը և Daily Mirror-ը հիմնականում կենտրոնացած են ինտերյեր դիզայնի, նորաձևության, սննդի, ճանապարհորդության ու մշակութային նյութերի վրա։ 

Կանանց նորաձևության, գեղեցկության ու առողջության բովանդակությամբ հայտնի Refinery29 թվային պորտալն այժմ օգտագործում է իր փինթերեսթյան շուրջ 1,5 միլիոնանոց սպառողների ուշադրությունը՝ անշարժ գույքի և ֆինանսների մասին պատմելու համար։ 

Եթե հարց առաջացավ, թե ինչու են իրենք վելնեսից հասել ֆինանսներին, պետք է նշել, որ Pinterest-ի 2022 թվականի կանխատեսումների զեկույցի համաձայն վերջին երկու տարիներին կայքում 195%-ով ավելացել են «ներդրումների հնարքներ», 90%-ով էլ «ֆինանսների պլանավորման կետային օրագիր» արտահայտությունների որոնումները։ Որոնումներն էլ, հիմնականում, միլլենիալներն (երիտասարդների տարիքային խումբ) են արել։ 

«Ընթերցողները վերնագրերի տակ վստահելի դեմքեր, անձկանան տեսանկյուններ ու փորձառություններ են փնտրում։ Pinterest-ում նրանց հետ իմաստալից կապ հաստատելու իրական հնարավորություն կա», – ասում է Refinery29-ի բովանդակության ռազմավարության նախագահ Թամար Ռայլին։

Լրատվականները Pinterest-ը կարող են օգտագործել ևս մեկ պատճառով՝ հանրության կոնտրաստային շերտերի հետ երկխոսություն կառուցելու համար։ Բացի այդ, օգտատերերի մեծամասնությունը կանայք են, և եթե լրագրողն ուզում է հենց այդ շուկայի հետ աշխատել, հեշտությամբ կարող է իր թեմատիկ պատմությունը ուղիղ հասցնել իր թիրախին։ 

Pinterest-ը նույնպես փորձում է օգնել

Այս տարվա հունվարին սոցիալական  հարթակի որոնողական համակարգում ավելացրել են նոր` Profiles (հաշիվներ) կոճակը, որը միտված է շեշտել վիզուալ բովանդանդակություն ստեղծողների կարևորությունը: Դա նշանակում է, որ որոնած յուրաքանչյուր բառին համապատասխան հաշիվները տեսնելու հնարավորություն արդեն ևս կա: 

Նոր ֆունկցիան օգտատերերին թույլ կտա հեշտությամբ գտնել յուրաքանչյուր թեմայով ստեղծագործող հեղինակի, այդ թվում նաև լրատվականների։

Խորհուրդներ

  • Հաշվի առնել թեման։ Pinterest-ը հատուկ բովանդակության համար նախատեսված հարթակ է։
  • Մտապահել օգտատերերի սեռատարիքային կազմը։ 2022-ի տվյալներով հարթակի օգտատերերից ավելի քան 76%-ը կանայք են։
  • Առաջխաղացման համար դիտարկել միայն թոփ պատմությունները՝  շեշտը դնելով վիզուալների վրա։ 
  • Մի քիչ էլ ջանք թափել ու բնօրինակ նյութը և փիները ունենալ նաև անգլերենով, որպեսզի էլ ավելի շատ պոտենցյալ ընթերցողի կարողանաք թիրախավորել։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *