2022.03.14,

Նյուսրում

Բիզնեսի մեդիա և մեդիայի բիզնես․ Թվապատում 2022

author_posts/christian-ginosyan
Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող

«Թվապատում» մեդիա կոնֆերանսը հերթական անգամ միավորեց լրագրողներին ու բովանդակություն ստեղծողներին։ Մարտի 11-12-ին հիբրիդային ձևաչափով (առցանց և օֆլայն) կայացած միջոցառումն իր շարքի թվով յոթերորդն է։ Այս անգամ կոնֆերանսի ուշադրության կենտրոնում էր տնտեսական լրագրությունն ու մեդիա մենեջմենթը։ 

«Թվապատում ԷկոնոմX» կոնֆերանսը հյուրընկալել էր ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ու արտասահմանյան անվանի ու վստահելի լրատվամիջոցների ներկայացուցիչների։

Տնտեսական լրագրության ընդհանուր նկարագիր

Առաջին քննարկումը Հայաստանում տնտեսական լրագրության ընդհանրական պատկերացումների մասին էր, որին մասնակցում էին Կարեն Հարությունյանը (Սիվիլնեթ), Արա Թադևոսյանը (Մեդիամաքս) և Սարգիս Հարությունյանը (Ազատություն ռադիոկայան)։ Երեքն էլ որպես հիմնական խնդիր առանձնացրին հայաստանյան համալսարանների տված ոչ բավարար կրթությունը։ «Դրանք կոնկրետ ուղղությունների մանագետներ չեն պատրաստում»,- ասում է Կարեն Հարությունյանը։

Արա Թադևոսյանը տնտեսական լրագրության գրեթե բացակայության երեք պատճառի մասին խոսեց․

  • Տնտեսվարող կազմակերպությունները շատ փակ են։
  • Տնտեսության ոլորտում կա փորձագետների մեծ պակաս։
  • Գովազդային շուկան փոքր է, իսկ լրատվամիջոցները, մեծամասամբ, կախված են այդ շուկայից։ Մի կողմից խմբագրությունն ունի գործընկերոջ հետ լավ հարաբերություններ պահելու կարիք, մյուս կողմից էլ որակյալ լրագրության պահաջն է առաջ գալիս։

Ազատության լրագրող Սարգիս Հարությունյանի կարծիքով հայ հանրությունը տնտեսությամբ այդքան էլ հետաքրքրված չէ և դժվար է այդ սպեցիֆիկ ոլորտը մարդկանց ներկայացնել այնպես, որ հետաքրքրություն առաջանա։ «Խորհրդային միության փլուզումից հետո Հայաստանում այդպես էլ չձևավորվեց լայն միջին խավը, որը ոչ միայն կհետաքրքվի տնտեսության անցուդարձով, այլ դրանում իր անմիջական մասնակցությունը կունենա՝ բաժնետոմսեր կգնի, տեղյակ կլինի բորսային սակագներից և այլն»։ 

Լրագրողերը պատմեցին տարբեր տնտեսվարողների հետ ունեցած իրենց փորձառությունների մասին, հանգելով այն մտքին, որ կան, ընդհանուր առմամբ, հաղորդակցության մեծ խնդիրներ։ Դրանք կան ինչպես կայացած ու զարգացած բանկային համակարգում, այնպես էլ անհատ տնտեսավորողների մոտ։ Բանախոսները չեն բացառում, որ այդ վատ հաղորդակցության պատճառները կարող են նաև ժամանակին անբարեխիղճ լրատվականների հետ համագործակցության արդյունք լինել։

Լրագրողի դերը տնտեսական ոլորտում

Տնտեսությունն ուղիղ կապ ունի մարդու կյանքի որակի հետ և ճգնաժամային իրավիճակներում այն չափազանց խոցելի է դառնում։ Հաշվի առնելով 2020-ից համավարակի բերած նոր իրականությունն ու փետրվարին ծավալված ռուս-ուկրաինական պատերազմը, տնտեսությունը բազմակի դեֆորմացիաների է ենթարկվում։ 

Ինչպես արդեն արգելափկված ռուսական Дождь-ի լրագրող Մարգարիտա Լյուտովան է ասում՝ տնտեսական լրագրությունն արդիական է դառնում միայն դժվարին պահերին։ Լյուտովան տնտեսական լուրերը բաժանում է ըստ կարևորության ու ոլորտների․ առաջինը անձնական ֆինանսների մասին տեղեկատվությունն է, որը մարդկանց ամենաշատն է հետաքրքրում, մյուսը պետական կարգավորումներն են, երրորդը մակրոէկոնոմիայի և շուկաների մասին տեղեկատվությունն է, որն ընթերցողին պատմում է, թե ինչ է կատարվում և ինչ կանխատեսումներ կան, վերջինն էլ՝ տնտեսագիտությունը որպես գիտություն։ 

Այսօրվա համաշխարհային իրավիճակը լրագրողներին ստիպում է արագ կողմոնորշվել՝ կազմելով հանրության համար ինֆորմացիոն առաջնահերթություններ։ Tribune.com լրատվական կայքի խմբագիր և GIPA-ի դասախոս Մարգարիտա Անտիձեն ասում է, որ դժվար է տնտեսությունը չկապել քաղաքականության հետ։ «Ռուսաստանն ու Ուկրաինան հետխորհրդային երկրների հիմնական տնտեսական գործընկերն են և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեզ վրա ազդեցություններն անխուսափելի էին և արդեն զգացնել են տալիս։ Գները բարձրանալու են, ինֆլյացիա է լինելու։ Վրաստանում մարդիկ ցայտնոտի մեջ շաքարավազ են գնում, բայց Վրաստանը շաքարավազ չի ներկրում ո՛չ Ուկրաինայից, ո՛չ Ռուսաստանից։ Լրագրողները պետք է օգնեն մարդկանց, որպեսզի նման իրավիճակներին ճիշտ տեղեկություն ստանան ու իրենց գործողությունները արհեստական դեֆիցիտի պատճառ չդարձնեն»։

Բարդ բաների մասին խոսելու լավագույն միջոցներից է բացատրական լրագրությունը, իսկ տնտեսությունը բավական բազմաշերտ է ու հեշտ մանիպուլացվող՝ առանց բացատրական բաղկացուցչի լուսաբանելու համար։

«Բացատրական լրագրությունում ամենակարևորը հարցերն են՝ ինչո՞ւ և ինչպե՞ս: Առանց դրա հնարավոր չէ բացատրել որևէ բան։ Եթե ես գիտեմ, որ Ռուսաստանի վրա պատժամիջոցներ են, բայց չգիտեմ, թե ինչու և չգիտեմ՝ դրանք ինչ ազդեցություններ են ունենալու, ես չեմ կարող բացատրել երևույթը։ Իսկ զուտ փաստերն ու տվյալներն առանց կոնտեքստի իրար կողքը դնելը ոչնչի պետք չէ»,- ասում է Mediachecker.ge կայքի գլխավոր խմբագիր և Project 64-ի հիմնադիր Ջորջ Գոգուան։ 

Տնտեսական լրագրողների տեղական փորձը․ պաշտոնական տվյալների բացակայություն, ինֆոգրաֆիկաներ

Հայաստանի տեղեկատվության սակավաթիվ աղբյուրների պայմաններում, մանավանդ, երբ պետական գերատեսչությունների հիմնական մասը սահմանափակել է լրատվամիջոցների հետ իրենց կապերը, լրագրողները մի շարք խնդիրների են բախվում։

Հետքի լրագրող Սեդա Հերգնյանն ասում է, որ շատ հաճախ գերատեսչությունների ոչ օպերատիվ աշխատանքի պատճառով ձախողվում է լրագրողների աշխատանքը․ հարցումներին ուշ են պատասխանում, նյութը հնանում է։ «Այսօր, երբ մենք համեմատություն ենք անում, ստիպված վերցնում ենք մեկ տարվա հնության՝ 2020-ի տվյալները, քանի որ նախորդ տարվա` 2021-ի բազաները դեռ չեն թարմացվել»։

Տնտեսության լեզուն, մեծամասամբ, թվերն են, և դրանց շատ լինելու ժամանակ, հաճախ դժվարություններ են առաջանում։ Արմինֆոյի լրագրող Նարինե Բադալյանն խոսքով՝ շատ թվերով նյութեր գրելիս մոտավորապես գիտեն՝ այդ նյութը շատ մարդ չի կարդալու, ու ընթերցողները լինելու են հետաքրքրված ու տեղեկացված մարդկանց կոնկրետ ֆոկուս խումբ։ Այդ ժամանակ գործը հեշտանում է։

Լուսանկարը՝ Անի Դարբինյանի

«Շատ թվերի դեպքում մեծ գայթակղություն կա, որ բոլորը ներգրավես, ոչինչ բաց չթողնես։ Ցանկալի է տվյալներին նայել ընթերցողի աչքերով, որպեսզի առավելագույնս ճիշտ գնահատես՝ ինչը կարող է մարդուն պետք գալ ու անհանգստացնել։ Ըստ դրա էլ ձևավորվում են տվյալների ֆիլտրները»,- ասում է Հերգնյանը։ 

Պարզ ինֆոգրաֆիկաները փրկում են իրավիճակը, դարձնում նյութն ավելի հեշտ մարսելի ու հիշվող, սակայն դրանցով աշխատելն իր նրբություններն ունի։ «Ոչ ճիշտ վիզուալների ընտրությունը կարող է շատ շփոթեցնող ու անգամ մանիպուլյատիվ լինել ու խոսքը միայն լրատվամիջոցների մասին չէ, այլ նաև գերատեսչությունների»,- ասում է ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը։ 

Փորձագիտական համայնքի ներկայացուցիչ Ֆանյանի կարծիքով Հայաստանում տնտեսական լրագրությունը կարող է զարգանալ մասնավոր լրատվամիջոցների կայացման ու կայունացման դեպքում։

Մեդիայի ֆինանսական մարտահրավերները․ միջազգային փորձ

Պատերազմի ժամանակ մեդիայի աշխատանքը շատ է բարդանում․ ֆորսմաժորային դրությունում պետք է լրատվություն ապահովել, լուծել անվտանգության հարցերը և այդ ամենը կազմակերպելու համար ունենալ բավարար ֆինանսական միջոցներ։ Այսպիսի մարտահրավերների առաջ են կանգնած ուկրաինական լրատվամիջոցները։

«Այս պահին երկու մեծ խնդիր ունենք։ Առաջինը լրատվականների անվտանգ գործունեությունն է․ դժվար է պատերազմ չլուսաբանած լրագրողներին ադապտացվել նոր ոլորտին, կարգավիճակին ու իրավիճակին։ Երկրորդ խնդիրը ֆինանսական է․ գովազդային աղբյուրները չկան, քո հիմնական աջակիցները կորցնում են իրենց աշխատանքը, անվտանգության խնդիր ունեն»,- պատմում է Kyiv Independent-ի ֆինանսական տնօրեն Յակուբ Պարուշինսկին։ Այդ նպատակով փետրվարի 25-ին բացվեց Ուկրաինայի մեդիային աջակցող նվիրատվության էջը, որն արդեն հավաքել է ավելի քան 1,1 միլիոն դոլար։ 

Արևմուտքում ընդունված է, որ անկախ մեդիայի ֆինանսական միջոցները ձևավորվում են ընթերցողների բաժանորդագրություններից ու նվիրատվություններից։ Պարուշկինսկու խոսքով՝ Նյու Յորք Թայմսի պես միջազգային առաջատար լրատվամիջոցները նոր սկսած տասնամյակում գրանցում են իրենց լավագույն ցուցանիշները՝ ունենալով միլիոնավոր բաժանորդներ։ Հետսովետական երկրների լրատվամիջոցները նոր են սկսել ներմուծել ընթերցողի ներդման մեթոդը, սակայն արդյունքները խոստումնալից են։

«Նախորդ տարի Ուկրաինայում գործում էր բաժանորդագրություններով աշխատող մեկ լրատվամիջոց, այս տարի դրանց թիվը հասել է 12-15-ի։ Նույնը տեղի է ունենում նաև Բելառուսում ու Մոլդովայում։ Փոքր քայլերով նվիրատվությունները ստաբիլանում են ու գնալով աճում»,- ասում է Յակուբ Պարուշինսկին։

Տնտեսությունը տարբեր ձևաչափերով

Տնտեսության մասին խոսելն ավելի բարդ է դառնում, երբ միայն ձայն է օգտագործվում։ NPR-ի «Planet Money» փոդքաստի հաղորդավար Ռոբերտ Սմիթն ասում է, դա այնքան էլ սարսափելի չէ, եթե լսողին չեն ծանրաբեռնում տարրական հարցերով ու թվերով։

«Փոդքաստում թվերով երկար խոսելու կամ գծապատկերներ ցույց տալու հնարավորություն չունենք, ուստի ընտրել ենք տնտեսության մասին ստեղծագործ միջոցներով պատմություններ պատմելու եղանակը։ Օրինակ, Մայամիում բնակարանների գների բարձրացման մասին խոսելու համար գտանք օպերային երգչի և նրա ձայնն օգտագործեցինք՝ ցույց տալու, թե ինչքան են բարձրացել գները»,- պատմում է Սմիթը։

Նրա խոսքով, իրենք տնտեսական թեմաները դարձնում են հետաքրքիր, զվարճալի, ուրախ, նաև հուզիչ այսօր մեր մրցակցությունը ավանդական մեդիայի հետ չէ, մենք դիրքավորվում և մրցակցում են Նեթֆլիքսի և, առհասարակ, կինոարտադրության հետ։ 

Բոստոնի Հանրային ռադիոյի ավագ լրագրող Բրյուս Գելերմանն էլ կարևորում է թեմայի ընտրությունը։ Ըստ իրեն՝ սցենարի ու պատմության սղագրության կարիք չկա, այլ կա որոշակի կոնտեքստ, որի շուրջ կառուցվում է պատմությունը «Իրավիճակը մանրամասն ներկայացնելու համար թվեր շատ չեմ ներկայացնի, կկենտրոնանամ մի ընտանիքի պատմության վրա»։

Բլումբերգի թղթակից Աննե Մոսթուն ասում է, որ տնտեսության մասին դժվար է գրասենյակում նստած գրել, պետք է դուրս գալ փողոց։ Քովիդի առաջին օրերը հիշելով՝ նա ասում է․ «Չես կարող մարդկանց վրա ազդեցություն ունենալ՝ առանց իրականությունը ցույց տալու, այն իրականությունը, որտեղ մարդիկ բուժվում են։ Իսկ ներսից պատմություններ ներկայացնելու համար օրեր, գուցե նաև ամիսներ են պետք լինում թույլտվություն ստանալու համար»։

Մոսթուն ասում է, որ հիմա տնտեսության մասին շատ բան կա պատմելու, հատկապես որ գնաճը լուրջ սպառալիք է դարձել աշխարհի համար, և այն ավելի լուրջ ուշադրություն է պահանջում լրագրողներից, քան Կորոնավիրուսի ճգնաժամն էր։

Լուսանկարները՝ Հակոբ Հովհաննիսյանի
Քրիստիան Գինոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *