2022.03.05,

Նյուսրում

Ռուսաստանը՝ տեղեկատվական շրջափակման օղակում

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Ռուսաստանը արգելափակում է լրատվամիջոցների կայքերն ու դրանց սոցիալական մեդիայի էջերը։ Հարվածի տակ են անկախ լրատվամիջոցները և միջազգային խոշոր լրատվականների ռուսական բաժինները, որոնցից շատերը մինչ այդ էլ խոցելի վիճակում էին՝ պիտակավորվելով որպես «օտարերկյա գործակալներ»։ 

Ռուսաստանի տարածքում այլևս անհասանելի են Ֆեյսբուքը, Թվիթերը, Յություբը և այլ սոցիալական ցանցերը։ Վերջին օրերին մուտքը սոցցանցեր զգալիորեն դանդաղել էր և ի վերջո, մարտի 4-ին կանգ առավ։

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ՌԴ պետական վերահսկող մարմինները զանգվածային կերպով արգելափակում են այն մեդիա հարթակները, որոնք տարածում են լուրեր Ուկրաինայում ռազմական գործողությունների, բնակիչների ու նաև ՌԴ զինվորների մահերի մասին։

Փետրվարի 26-ին Ռոսկոմնադզորը տեղեկացրեց, որ մուտքը որոշ ինտերնետ ռեսուրսներ կսահմանափակվի, եթե դրանք Ուկրաինայում տեղի ունեցողը անվանեն «պատերազմ», «ներխուժում» կամ «հարձակում»։ Միակ ընդունելի տարբերակը պետք է լինի պաշտոնապես այն կոչելը «հատուկ ռազմական օպերացիա»։

Հակառակ դեպքում տեղեկությունը կհամարվի իրականությանը չհամապատասխանող և ոչ արժանահավատ։ Իսկ այն տարածող մեդիան պետք է խոշոր տուգանք վճարի ու նաև պատրաստ լինի, որ իր աշխատանքը կարգելափակվի։ 

Այդ զգուշացումից հետո Ռոսկոմնադզորը նամակով դիմեց Գուգլին ու պահանջեց, որ դադարեցնեն Յություբում «կեղծ տեղեկությունների» տարածումը, ինչը կարող է խեղաթյուրել իրականությունը և պարունակել զանգվածային հանրային ակցիաներին մասնակցելու ուղերձներ:

Իրական պատերազմի օրերին ինֆորմացիոն դաշտի մաքրումը ևս ռազմական օպերացիա է, և ՌԴ իշխանությունները արագորեն սկսեցին փակել առաջին հերթին անկախ լրատվամիջոցների ու միջազգային մեդիայի կայքերը։ 

Ընդ որում՝ ոչ միայն լրատվամիջոցները, այլև անհատները ռուսական բանակի մասին ոչ պաշտոնական ինֆորմացիա (օրենքով՝ «ֆեյք») տարածելու դեպքում կրելու են քրեական պատասխանատվություն ու կարող են ազատազրկվել մինչև 15 տարի։ Այդ օրենքը արագացված կարգով ընդունվեց մարտի 3-ին ու արդեն կասկած չթողեց, որ Ռուսաստանում այլևս խստագույն գրաքննություն է։

Կամ ավելի ճիշտ՝ մաքուր դաշտ, որտեղ կմնան քարոզչական (ակնհայտ կամ քողարկված) հարթակներն ու լրատվամիջոցները։ Եվ մեդիա դաշտը գրեթե ամբողջովին պետության վերահսկողության ներքո է։

Օրենքով արգելվում է որևէ կերպ դրական վերաբերմունք ցույց տալ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների նկատմամբ։

Ռուսաստանը չի բացառում, որ ավելի լայն կիրառում կստանա նաև «պետական դավաճանության» մասին հոդվածը:

Արգելափակված լրատվամիջոցների ցանկը համալրվում է, այս պահին այն ունի նման տեսք.

Ցանկից ամենատխուր ճակատագրին արժանացավ անկախ Ռուսաստանի հնագույն ռադիոկայան «Էխո Մոսկվի»-ին, որի սեփականատերերը որոշում կայացրին ընդհանրապես լուծարել լրատվամիջոցը։ 

«Էխո Մոսկվի»-ի սեփականատեր «Գազպրոմ Մեդիա»-ն, (իսկ Գազպրոմը ենթարկվել է խիստ պատժամիջոցների), նպատակահարմար չգտավ ուժ ու գումար ծախսել մեդիա պահելու համար։

Մարտի 3-ին դադարեց աշխատել «Դոժդ» հեռուստաալիքը, որի հեռարձակումը արգելվեց։ Ալիքի գլխավոր տնօրեն Նատալյա Սինդեևան հայտնեց, որ լրատվամիջոցը կասեցնում է նաև հեռարձակումները Յություբում ու այլ սոցիալական ցանցերում։

«Մեզ պետք են ուժեր, որ շունչ քաշենք ու հասկանանք, թե ինչպես աշխատել հետագայում»,- ասաց նա։ 

Ռուսաստանից ժամանակավոր հեռանալու որոշում ընդունեցին  ալիքի տարբեր աշխատակիցներ, այդ թվում գլխավոր խմբագիրը։  Պատճառը սպառնալիքներն էին ու անձնական անվտանգության մասին մտահոգությունը։

Աշխատե՞լ, թե՞ չաշխատել

Այս իրավիճակում լրատվամիջոցներին մնում է երկու ելք։ Կամ՝ աշխատել ռազմական ցենզուրայի պայմաններում՝ բավարարելով բոլոր պաշտոնական պահանջները։ Կամ՝ ժամանակավորապես դադարել աշխատել՝ սպասելով, որ կգան լավ օրեր։

«Նովայա գազետա»-ն, որը դեռևս շարունակում է աշխատել ու մնալ սակավաթիվ ռուսաստանյան անկախ լրատվամիջոցներից մեկը, որոշեց, որ այսուամենայնիվ, պետք է աշխատել։ Թեկուզ գրաքննության ճնշման տակ ու ստիպված լինելով օգտագործել էվֆեմիզմներ։ «Նովայա գազետա»-ն արդեն իսկ հեռացրել է իր կայքից այն հոդվածները, որոնք ըստ պետական վերահսկող մարմինների՝ թույլատրելի չեն։

Գրաքննության պայմաններում որոշել է շարունակել աշխատել նաև Bell-ը, ասելով, որ այդպես գոնե օգնում է ընթերցողին չխեղդվել լուրերի մեջ

Այլ լրատվամիջոցներ նման պայմաններում աշխատելը համարեցին անհնարին ու դադար վերցրին։ Օրինակ, Colta.ru-ն, որն ավելի ազնիվ համարեց լռելը, այլ ոչ թե կիսաձայն խոսելը։ Ինքնակամ որոշեց լռել նաև Znak.com-ը։  Նաև  նույնը արեցին շատ միջազգային լրատվականներ։

Միջազգային մեդիա մենեջերների արձագանքը

ՌԴ-ում հեռարձակման ժամանակավոր կասեցման մասին հայտնեց CNN-ը, իսկ BBC-ն ու Bloomberg-ը այլևս չեն ունենա թղթակիցներ Ռուսաստանում։ Bloomberg-ի գլխավոր խմբագիր Ջոն Միքլեթվեյթն ասաց, որ ռուսական նոր օրենքները ցանկացած անկախ լրագրողին դարձնում են հանցագործ և այս պայմաններում անգամ ձևացնել չի ստացվի, որ երկրի ներսում կա նորմալ լրագրություն։

BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին այս իրավիճակում աշխատելը նույնպես համարեց անհնարին, ասելով, որ անկախ լրագրությունը Ռուսաստանում քրեականացվում է։ 

Ռուսաստանում արգելափակվեց նաև «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության կայքը: Ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայը հայտարարեց, որ Պուտինը «ռուսներին կերակրում է ուկրաինական պատերազմի իրական ծավալների և գնի մասին ստերով»:

Արևմտյան երկրներն իրենց հերթին արգելափակել են կամ նվազեցրել մի շարք ռուսական լրատվականների ու գործակալությունների հասանելիությունը, որոնք ունեն պետական ֆինանսավորում և համարվում են քարոզչական՝ RT, Sputnik, Zvezda.ru, Gazeta.ru, Lenta.ru, Ria.ru: 

Ռոսկոմնադզորը դա ընդունելով հիմք, ամբողջապես փակեց Ֆեյսբուքն ու Թվիթերը Ռուսաստանում։

Անկախ մամուլի արգելափակումներն ու շուկայից խոշոր լրատվականների դուրս գալու որոշումները, ինչպես նաև սոցցանցերից ռուսաստանցիների անջատումները նշանակում են, որ ստեղծվում է ինֆորմացիոն վակուում, որը բարենպաստ միջավայր կստեղծի պրոպագանդայի համար։ Միայն պրոպագանդայի։

Քանի որ ամայացած մեդիա միջավայրում լավ են զգում միայն քարոզիչները, և ոչ լրագրողները։

Իսկ ՌԴ քաղաքացիների համար բարդ կլինի նաև ինտերնետային որոնումներ անել, քանի որ խոշոր բրաուզերներին՝ Google, Chrome, Mozilla, Safari, ՌԴ-ն պատրաստվում է  պարտավորեցնել անցում անել կոդավորման ազգային արտոնագրերի։ Ինչպես կլինի դա, դեռ անհայտ է։

Եվ քանի դեռ կան ցանցային ազատության փոքր պատուհաններ, և App Store ու Google Play հավելվածները դեռևս աշխատում են Ռուսաստանում, պահանջված են դառնում VPN-ով արգալափակումները շրջանցող քայլերը։

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *