2022.03.02,

Նյուսրում

Սկսել լսարանից գումար ներգրավելու ճանապարհը․ Մեդիամաքս

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Մեդիամաքսը նորություն ունի իր լսարանի համար։ Այսուհետ ընթերցողները կարող են գումար նվիրաբերել լրատվամիջոցին՝ ընթացիկ գործունեության և որակյալ մեդիա բովանդակություն ստեղծելու համար և դրա փոխարեն ստանալ էքսկլյուզիվ բովանդակություն։ 

Մեդիամաքսի տնօրեն Արա Թադևոսյանը շաբաթական 2 կամ 3 անգամ՝ իրադարձություններից կախված, էլեկտրոնային փոստով ֆինանսապես աջակցած ընթերցողներին կուղարկի «Նամակ-սյունակ»-ներ։

2020թ-ի ամռանը խմբագրությունը կորոնավիրուսի հետևանքով ֆինանսական դժվարությունները հաղթահարելու համար դիմել էր ընթերցողներին, որ օգնեն գումարով հաղթահարել այդ բարդ փուլը։

«Ամիսներ առաջ մտածեցինք ինչու չօգտագործել այդ փորձը։ Սկզբի համար ընտրել ենք մեկ ամիս ժամանակահատված և առաջինը նվիրատվության համար դիմել մեր ընկերներին և գործընկերներին։ Մեր ընթերցողներին շնորհակալ լինելու համար մեր ցանկությամբ առաջարկում ենք նոր պրոդուկտ»,-ասում է Մեդիամաքսի տնօրենը։

Ըստ Թադևոսյանի, իրենք նոր բան հնարելու կարիք չունեն, պարզապես լավ իմանալով, ճանաչելով իրենց լսարանին, գիտեն մոտավորապես ինչ կհետաքրքիր նրանց «Մարդիկ, երբեմն զբաղված լինելով, չեն հասցնում ծանոթանալ իրադարձություններին կամ ինչ-որ կարևոր թեմաներ բաց են թողնում իրենց ուշադրությունից։ Մենք առանձնացնում ենք այդ թեմաներն ու հոդվածները, որոնք նրանք չեն կարող գտնել այլ կայքերում և ուղարկում մեզ կամավոր միացած բաժանորդներին»։

Հավելյալ արժեքը, որը պատրաստ է իր ընթերցողներին տրամադրել Մեդիամաքսը, չի պահանջում հավելյալ լրագրողական և ֆինանսական ռեսուրսներ։ Այս պրոդուկտով լրատվամիջոցը նոր լսարան կամ թրաֆիկ ապահովելու խնդիր իր առաջ չի դրել։ Ավելին, այն ուղղված է Մեդիամաքսի համատարիմ ընթերցողներին, որոնք գնահատում են լրատվամիջոցի աշխատանքը և տարիներով ծանոթ են իր բովանդակությանը։

Այսկերպ իրենք, իհարկե, չեն կարող լուրջ ֆինանսներ ներգրավել, սակայն լսարանի հետ ուղիղ հաղորդակցվելու, լրատվամիջոցի աշխատանքին ֆինանսապես աջակցելու փորձառություն են զարգացնում։ 

Թադևոսյանն ասում է, որ իրենց համար կարևոր է աջակիցներին այնպիսի բովանդակություն հասցնելը, որը նրանք այլ հարթակներում չեն գտնի «Այնպես չէ, որ մեր կայքերի ընթերցողներից բաժանորդներին տարբերակում ենք, պարզապես վերջիններիս առաջարկում ենք մի փոքր տարբերվող մեդիաբովանդակություն»։

Նամակ-սյունակ #1-ը՝ «Մարտի 1-ի տարբեր իմաստը, վերջին գրքերն ու Scorpions-ի նոր ալբոմը», որն ընթերցողներին ուղարկվել է մարտի 1-ին, շարադրված է հենց տնօրեն Արա Թադևոսյանի անունից։ Այն ազատ ոճի, մտերիմ շարադրանք է, որով վերջինս ներկայացնում է իր կողմից առանձնացված հրապարակումներ, գրքեր և անգամ անձնական պատմություններ ու իրողություններ։

Ոճի հետ կապված դեռ վերջնական որոշում չկա, նա ասում է, որ ժամանակը ցույց կտա ինչպես է այն ընդունվում և արդյոք արդարացված է նման ձևաչափը։ Հետագայում, եթե այս համագործակցությունը շարունակվի, հնարավոր է նաև թեմատիկ ճյուղավորում լինի և ավելի փոքր լսարանների համար բովանդակություն մշակվի։

Այս պահին հաղորդագրությունները տեքստային են, հետագայում կլինեն նաև ֆոտոներ և հետաքրքիր պատկերազարդումներ։

Հայաստանում բովանդակության համար լսարանից աջակցություն խնդրելու փորձառությունը մեծ չէ, թեև վերջին շրջանում թեմաներ զարգացնելու համար նման քայլեր է ձեռնարկել Հետք մեդիա գործարանը։ Ֆինանսապես աջակցություն ստանալու համար լսարանին են դիմում նաև Rearrange with Narek Amirkhanyan փոդքաստ և JAMnews տարածաշրջանային հարթակները, Լրատվական ռադիոն և այլ մեդիա ռեսուրսներ։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *