Ռուս-ուկրաինական պատերազմը առաջնային թեմա է միջազգային մեդիայում։ Տարատեսակ տեղեկատվական հոսանքներում ահռելի քանակի են հասնում քարոզչական նյութերն ու պարզապես չստուգված, կեղծ կամ համատեքստից կտրված լուրերը։
Եվ ուկրաինական լրատվամիջոցների համար կարևոր է ոչ միայն սեփական ձայնը լսելի դարձնելը աշխարհում, այլև չկազմաքանդվելն ու փորձելը խմբագրությունների աշխատանքը հնարավորինս անվտանգ դարձնելը։
Ռմբակոծությունների տակ գտնվող ուկրաինական բնակավայրերից հատկապես բարդ է կազմակերպել դեպքի վայրից ռեպորտաժները։ Անհրաժեշտ են կապի էքստրեմալ միջոցներ՝ արբանյակային հեռախոսներ, ռացիաներ, բալիստիկ ակնոցներ, զրահաբաճկոններ, սաղավարտներ, դեղատուփեր՝ առաջին օգնության բժշկական պարագաներով։ Կարևոր հարց է նաև լրագրողների բժշկական ապահովագրությունը։
Այդ հարցերով շատ է մտոհոգված Kyiv Independent-ի ֆինանսական տնօրեն Յակուբ Պարուշինսկին, որի նախաձեռնությամբ բացվեց GoFundMe դրամահավաք էջը։ Արդեն հավաքվել է ավելի քան 255,000 ֆունտ սթերլինգ՝ ազգային և տարածաշրջանային լրատվամիջոցների սատարելու համար։
Յակուբ Պարուշինսկին վստահ է, որ այս լայնամասշտաբ պատերազմում թեև ուկրաինացի լրագրողները դրսևորում են քաջություն, բայց մեդիայի բնականոն աշխատանքը չի կարող շարունակվել միայն Ուկրաինայից։ Անհրաժեշտ է օգնել լրատվամիջոցներին տեղափոխել խմբագրություններն ավելի ապահով վայրեր, շատ դեպքերում՝ հարևան երկրներ՝ Լեհաստան, Ռումինիա, Լիտվա և այլն։
«Հիմա անհրաժեշտ է, որ աշխարհը ստանա վստահելի, ստուգված տեղեկատվություն ամբողջ երկրից։ Որ Ուկրաինայում, Ռուսաստանում և Բելառուսում ապրող մարդիկ հստակ իմանան, թե ինչ է կատարվում։ Որքան էլ կարևոր լինեն արտասահմանյան լրատվական կազմակերպությունների թղթակիցները, ձեզ անհրաժեշտ են տեղական լրատվամիջոցները՝ տեղական պատմություններ պատմելու համար», – ասել է Պարուշինսկին:
Նրա պատկերացմամբ, ուկրաինական խմբագրությունները կտեղափոխվեն ապահով վայրեր, որ կարողանան անխափան ապահովել կայքերի բովանդակությունը, իսկ Ուկրաինայում կմնան փոքր լրագրողական խմբեր, որոնք կստանան անվտանգության պարագաներ ու փաստացի կաշխատեն որպես ռազմական թղթակիցներ։
Յակուբ Պարուշինսկին դա համարում է ամենատրամաբանական մոդելը, և հանգանակվող գումարը կուղղվի լրագրողների անվտանգության միջոցների ձեռք բերելու ու տեղ հասցնելու, նաև գրասենյակները տեղափոխելու համար։ Հաշվի առնելով, որ մուտքն ու ելքը Ուկրաինա բարդացել է ու խափանված է մատակարարումը, դա անելը հեշտ չէ։
Որոշ դեպքերում հարկ կլինի ստեղծել շարժական կենտրոններ:
Օգնություն ստացող լրատվամիջոցները 12-ն են, և այդ ցանկը ընդլայնվում է։ Ցանկում են «Ուկրաինսկա պրավդա»-ն (pravda.com.ua), «Զաբորոնա»-ն (zaborona.com), «Դետեկտոր մեդիա»-ն (detector.media) և այլն։ Կարելի է գումար փոխանցել նաև կոնկրետ լրատվամիջոցին՝ ըստ հանգանակողի նախապատվությունների։
Փողից բացի արշավի նախաձեռնողները կարևորում են աջակցման ցանցի ստեղծումը։ Օրինակ, օգնություն կլինի, եթե որևէ երկիր կամ կազմակերպություն փորձի դառնալ յուրահատուկ «տանիք»՝ ժամանակավոր տարածք ու աշխատանքի հնարավորություն տալով պատերազմի մեջ ներքաշված պետության մեդիային։
Նունե Հախվերդյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: