2022.02.25,

Նյուսրում

Մեդիայի և սոցցանցերի հարաբերությունները․ հետազոտություն

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնը հարցում է անցկացրել Հայաստանի 100 տարբեր լրատվամիջոցների ղեկավարների շրջանում «Հայաստանի մեդիան սոցցանցերի դարաշրջանում» թեմայով։

Հարցմանը մասնակցել են 74 օնլայն լրատվամիջոցների, 26 հեռուստառադիոընկերությունների ղեկավարներ (խմբագիրներ, փոխխմբագիրներ, հիմնադիրներ, տնօրեններ, լրատվական ծառայությունների ղեկավարներ)։

Հետազոտության միջոցով պարզ է դարձել, թե ինչ նպատակներով են լրատվամիջոցներն օգտագործում սոցիալական ցանցերը, և դրանք ինչպես են ազդում իրենց գործունեության վրա։ 

Հայաստանում չկա մի լրատվամիջոց, որը Ֆեյսբուք չի օգտագործում

Այսպես, Հայաստանում լրատվամիջոցները տարբեր նպատակներով տարբեր սոցցանցային էջեր ունեն, ամենաշատը ներկայացված են Ֆեյսբուքում։ Այնուհետև Յություբն է, Տելեգրամը, Ինստագրամը, Թվիթերը։

17 լրատվամիջոցներ առավել հաճախ օգտվում են Յություբից, քանի որ այնտեղ ինֆորմացիան ավելի հեշտ է յուրացվում, արագ է տարածվում և դա երիտասարդ լսարանի հետ աշխատելու հարթակ է։

100 լրատվամիջոցների 83 տոկոսը միաժամանակ օգտագործում է 2-6 սոցցանց, թեև նրանք հայտարարում են, որ առհասարակ ցանցերից օգտվելը իրենցից հավելյալ ռեսուրսներ է պահանջում։ Սակայն չօգտվել չեն կարող, քանի որ ետ կմնան ժամանակակից թրենդերից և իրենց գործընկերներից։

«Մենք ունենք միայն մեկ լրատվամիջոց՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթը, որը միաժամանակ օգտագործում է ինը սոցցանցային հարթակ։ 4 լրատվամիջոց օգտվում են միայն մեկ սոցիալական ցանցից՝ Ֆեյսբուքից։ Հայաստանում չկա մի լրատվամիջոց, որը Ֆեյսբուք չի օգտագործում», – հետազոտության արդյունքները ներկայացնելիս ասել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը։

Ի՞նչ գործիք են սոցիալական ցանցերը մեդիայի համար

100 լրատվամիջոցներից 94-ը հայտնել են, որ դա տեղեկատվության տարածման հարթակ է, որի միջոցով իրենց ստեղծած արտադանքն են տարածում և ներկայացնում լսարանին։ Հարցվածների 56 տոկոսը նշել է, որ սոցցանցերը տեղեկատվության ձեռք բերման աղբյուր են, որտեղ մեծ քանակի տեղեկատվություն է գեներացվում, կան տարբեր խմբեր, հետաքրքիր օգտատերեր և այլն։ Եվ այս իմաստով ցանցերը դառնում են էքսկլյուզիվ տեղեկատվության հարթակ։

Շատերը նշել են, որ ցանցերն օգտագործում են թրաֆիկ ապահովելու համար, խոստովանել են, որ եթե չլինեին ցանցերը, ապա այսչափ այցելություններ չէին ունենա։ Այցելությունների կեսից ավելին ապահովում են այս հարթակների միջոցով։ 

Եղել են 8 լրատվամիջոցներ, որոնք հայտնել են, որ բացի այս երեք գործիքներից սոցցանցերը օգտագործում են իրենց լսարանը լավ ուսումնասիրելու համար՝ տարիք, նախապատվություններ և այլն։ Ինչպես նաև մեդիայի շուրջ համայք ստեղծելու համար։ 

Արդյո՞ք սոցցանցերը հանրային նշանակության տեղեկատվության աղբյուր են

Հարցվածների 80 տոկոսն ասել է՝ այո, քանի որ սոցցանցերում վիթխարի քանակության մարդիկ են։ Նրանք շատ ժամանակ են անցկացնում այնտեղ նաև ինֆորմացիա ստանալու նպատակով՝ շրջանցելով լրատվամիջոցներին։ 

18 տոկոսն է ասել է և՛ այո, և՛ ոչ։ Ոչ են ասել հատկապես նրանք, որոնք որպես հիմնավորում նշել են ատելության խոսքը, ֆեյք լրատվությունը և այլն։

Ընդամենը երկու լրատվամիջոցի ղեկավար է ասել, որ սոցցանցերը հանրային նշնակաության տեղեկատվության աղբյուր չեն, պատճառաբանելով, որ դրանք ավելի շատ կամուրջ են դեպի այլ աղբյուրներ, ոչ թե տեղեկատվության աղբյուր։

Հիմնավորումներից մեկն էլ այն է, որ ցանցերում տեղեկատվության հավաստիության ոչ մի երաշխիք չկա։

Մեդիաղեկավարների մեծ մասը վատ է վերաբերում իշխանությունների սոցցանցային հաղորդակցությանը

Սոցցանցային հարթակներում գեներացված է հսկայական քանակի տեղեկատվություն հատկապես, որ Հայաստանի իշխանությունները վերջին տարիներին տեղեկատվությունն առաջինը տարածում են ցանցերի իրենց էջերում, հետո արդեն ուշացումով տեղադրում  գերատեսչությունների պաշտոնական կայքէջերում։

«Իմ անձնական կարծիքով սա է դարձել պատճառը, որ նաև մյուս քաղաքական ուժերն են բավականին ակտիվորեն սկսել օգտագործել սոցցանցերը որպես տեղեկատվության շրջանառման հարթակ», – ասել է Լաուրա Բաղդասարյանը։

Մեդիա ներկայացուցիչների վերաբերունքը ցանցային ակտիվությանը բավականին տարբերվող է, միանշանակ վատ են նշել հարցվածների 31 տոկոսը, 29 տոկոսը՝ նորմալ, 27 տոկոսը՝ դրական, կախված է հանգամանքներից, թե ինչ իրավիճակում ինչ բովանդակության հաղորդակցություն է ծավալվել։ 

Ի՞նչն է տարբերում որակյալ մեդիան սոցցանցերի դարաշրջանում

Պատասխանները խմբավորելով՝ ստացվել է որակյալ մեդիայի 12 կարգի տարբերանշաններ։

Դրանք նույնպես, ինչպես մեդիայի այսօրվա խնդիրները, մասամբ կրում են ժամանակի ազդեցությունը։ Օրինակ, այն, որ շրջանառվող ապատեղեկատվության ու մեդիայի բևեռացման պայմաններում որակյալ մեդիայի թիվ 1 տարբերանշանը, ըստ հարցվածների 66 տոկոսի, դարձել է հավաստի, առնվազն «երկու աղբյուրից» ստուգված տեղեկատվության շրջանառումը։ Եվ այս չափորոշիչը էապես առաջ է անցել մնացածներից։

26 տոկոսի համար էլ տարբերակող հատկանիշ է համակողմանի լուսաբանումը, 23 տոկոսի համար բովանդակության որակը, 15 տոկոսի համար մեդիայի պատասխանատվությունը, 7 տոկոսի համար էթիկական սկզբունքներ ունենալը, 5 տոկոսի համար թափանցիկությունը և միայն 1 տոկոսի համար բարեխիղճ հարկատու լինելը։

Հայաստանյան մեդիադաշտի ներկայիս խնդիրները

Տարբեր ձևակերպումներ տալով՝ մեդիա ղեկավարները նշել են բազմաթիվ խնդիրներ, որոնց մի մասը կապված է վերջին տարիների զարգացումների հետ։ 

100 մեդիա ղեկավարներից ընդամենը 5-ն են նշել, որ խնդիրներ չունեն կամ դրանք լուծվում են աշխատանքային ռեժիմով։   

Հարցվածների 39 տոկոսի համար խնդիր է պետական գերատեսչությունների հետ հաղորդակցությունը, 35 տոկոսի համար ֆինանսական կայունությունը, 25 տոկոսի համար գովազդային խնդիրները, 23 տոկոսը մեդիայի-լրագրողների թիրախավորումը, 21 տոկոսի համար ապատեղեկատվությունը և այլն։

Թե որ լրատվամիջոցներն ինչ պատասխաններ են տվել կենտրոնը կհրապարակի առաջիկա օրերին, իսկ մինչև այդ հետազոտության առանձին թեմաների կարող եք ծանոթանալ երկու տարբեր ինֆոգրաֆիկաների միջոցով՝ «Ի՞նչն է տարբերում որակյալ մեդիան սոցցանցերի դարաշրջանում» և «Մեդիայի խնդիրները 100 մեդիա ղեկավարների նկարագրմամբ – 2022»։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *