2022.02.03,

Նյուսրում

«Արցախ»-ի ֆենոմենալ հաջողությունը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Կոմպոզիտոր Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը անցել ու դեռ անցնում է զարմանալի արահետներով՝ թեթև ու սահուն մտնելով զանգվածային մշակույթի տարբեր ճյուղերի մեջ։ 

Այն թերևս հենց առաջին իսկ ակորդներից ամենաճանաչելի ժամանակակից երաժշտությունն է, որն օգտագործվում է որպես ուղեկցություն տարբեր խոշոր պետական միջոցառումներում, սպորտային մրցումներում, դառնում առևտրային ապրանք։ Օրինակ, թվային դեկորացիա՝ համակարգչային խաղերում կամ գովազդային պատումի հավելում: 

Բնականաբար նաև՝ «սեփականաշնորհման» փորձերով։

«Չգիտեմ, կարելի է այսպես ասել, թե չէ, բայց  «Արցախ»-ը շատ բախտավոր երաժշտություն է, որը շատ բան ճեղքեց՝ մտնելով խաղերի, սպորտի մեջ, հնչելով Լաս Վեգասի, Դուբայի, Բաթումիի, Մոսկվայի շատրվաններում։ Հնչել է օլիպիական խաղեր ժամանակ, կատարվել տարբեր երկներում։ Եվ բոլոր դեպքերում նշվել է հեղինակի անունը»,- պատմում է Արա Գևորգյանը։

«Արցախ»-ի տակ են աշխարհի առաջնություններում ներկայանանում ռուս գեղասահորդները, գերմանացի մարմնամարզիկները։ Առանձնահատուկ կերպով այն սիրում են  բռնցքամարտիկներն ու առանց կանոնների մարտարվեստի սիրահարները։

Այն հնչել է երեք Օլիմպիական խաղերում՝ Սոլթ Լեյք Սիթիում (ռուսաստանցի գեղասահորդի ելույթում), Թուրինում (վրացի գեղասահորդուհու ելույթում), Ռիո դե Ժանեյրոյում (ռուսաստանցի մարմնամարզուհու ելույթում)։

Երաժշտությունը սկսվում է դհոլների հարվածներով, որը հիշեցնում է տագնապ, ահազանգ, զգոնության կոչ։ Դհոլների համահունչ ու կուռ մուտքը ստեղծում է բախումի՝ կոնֆլիկտի պատրանք։ Թերևս հենց այդ դասական կոնֆլիկտային կառուցվածքն էլ դարձնում է «Արցախ»-ը գրավիչ։ Հատկապես սպորտում ու պրեզենտացիոն բնույթի միջոցառումներում, քանի որ երկու դեպքում էլ առաջնային է կոնֆլիկտի հաղթահարումն ու հաղթանակի (պատվանդանի) ձգտումը։

Արա Գևորգյանը այս ստեղծագործության հաջողությունը բացատրում է դհոլների ակտիվ դերով։ Եվ պատմում է, որ 24 տարի առաջ, երբ գրել է այն, դհոլ նվագում էին միայն հարսին տնից հանելուց, նույնիսկ ռեստորաններում դհոլ չկար, իսկ «Արցախ» երաժշտությամբ դհոլչիները շատացան, երևացին, սկսեցին իրենց ցույց տալ։ Ու ձևավորեցին ձգողական դաշտ։

«Արցախ» ստեղծագործությունը գնել է հեղինակից PlayStation3-ը և օգտագործել իր խաղերի մեջ։ Արա Գևորգյանը պատմում է, որ դա երկար նամակագրություն էր, քանի որ հարկավոր էր հաստատում, որ բոլոր հեղինակային իրավունքները պահպանված են.

«Ես սիմվոլիկ գումար պահանջեցի, քանի որ ինձ համար կարևոր էր, որ ստեղծագործությունը մտնի համաշխարհային խաղի մեջ, որից ամբողջ աշխարն է օգտվելու»։

«Արցախ»-ը այնքան ոլորտ է մտել, որ անգամ բարդ է թվարկել։ Սպորտից ու սերիալներից (ավստրալիական), մինչև պաշտոնական հանդիսություններ ու փիառ հոլովակներ։ Օրինակ, Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի ցանկությունն էր «Արցախ»-ը օգտագործել իրեն ներկայացնող ֆիլմերում որպես խրոխտ ուղեկցություն։ 

Ադրբեջանական հավակնություններ

Ադրբեջացնցիները պնդում էին ու շարունակում են պնդել, որ  «Արցախ»-ը գրել է ադրբեջանցի կոմպոզիտոր Ֆիքրետ Ամիրովը, դեռևս կես դար առաջ։ 

14 տարի է այս յուրացումը շարունակվում է։ Արա Գևորգյանն ասում է, որ եթե այն ժամանակ դատական գործընթաց սկսվեր, երևի այսքան խնդիրներ չէին առաջանա։ Եթե պաշտոնական միջոցառումների ժամանակ օգտագործած երաժշտության հեղիանակային իրավունքները չեն պահպանվում ու ավելին՝ ստեղծագործությունը վերագրվում է այլ մարդու, բոլոր հիմքերը կան դատական հայց ներկայացնելու։

«Արցախ»-ը հնչում է Ադրբեջանի բանակի հաջողությունների մասին պատմող ֆիլմում, մեկ այլ ֆիլմում, որը ներկայացնում է Բաքվի պատմությունը։ 

«Արցախ»-ը նաև օգտագործվել է 2015-ին Բաքվում կայացած եվրոպական սպորտային խաղերի բացման արարողության ժամանակ։ Հայ կոմպոզիտորի դհոլների ռիթմով է տրվել խաղերի մեկնարկն ու բարձրացվել Ադրբեջանի դրոշը։ Այսինքն, դա հենց պաշտոնական որոշում է եղել, այլ ոչ թե սխալմունք։ Պարզապես նշվել է, որ հեղինակը Ֆիքրետ Ամիրովն է, իսկ ստեղծագործությունը անվանվել է «Ղարաբաղ՝ Ադրբեջանի մարգարիտ»։

Ընդ որում՝ երաժշտությունը հնչում է հենց հեղինակի ու այլ հայտնի հայ երաժիշտների կատարմամբ՝ Ջիվան Գասպարյանի (դուդուկ), Նորայր Շառոյան (դհոլ)։ Այսինքն, ադրբեջանցիները ուղղակի օգտագործել են Արա Գևորգյանի 1999-ին «Անի» ձայնասկավառակի մեջ տեղ գտած ստուդիական կատարումը, այլ ոչ թե իրենք են կատարել, որ գոնե այդպես հիմնավորեին, թե ստեղծագործությունը ադրբեջանական է։

Ադրբեջանում հայկական «Արցախ»-ը իրոք մեծ հաջողություն ունի։ Ադրբեջանի նախագահը այդ երաժշտության տակ (կրկին հեղինակի կատարմամբ) հանձնում մրցանակ՝ КВН-ի թիմերին։ Ադրբեջանի հարյուրամյակին նվիրված ֆիլմում նույնպես հնչում է հայ կոմպոզիտորի ձայնագրությունը։

Ավելի զավեշտալի դեպք է, երբ  «Արցախ»-ը օգտագործվել է հայկական գորգերը որպես ադրբեջանական ներկայացնող ֆիլմի մեջ, որտեղ հնչում է հորդոր՝ հայեր, մի գողացեք մերը։

Երկու տարի առաջ Ռուսաստանի ադրբեջանական համայնքը ստեղծեց տեղեկատվական կայք (azru.org), որի շնորհանդեսը ևս «Արցախ»-ի հնչյունների ներքո էր։ Եվ անգամ Բաքվի դպրոցներում անցկացվող առաջին զանգի արարողություններն են անցնում Արա Գևորգյանի ստեղծագործության ուղեկցությամբ։ Աշակերտները մինչև դասասենյակներ մտնելը պարում են «Արցախ»-ի տակ։

Այդ երաժշտական յուրացումը շատ երկար է տևում։ Ու կարելի է ասել, որ տևելու է։ «Արցախ»-ը տրամադրում է ունկնդրին իրեն զգալ հաղթանակած։ Եվ Ադրբեջանում դա լավ զգում են։ 

Հետաքրքիր է, որ ամբողջ աշխարհում «Արցախ»-ը ներկայացվում է որպես հայկական, և միայն Ադրբեջանն է ապրում իր իսկ հնարած միջավայրում։ Ու երբ այն հնչում է , ասենք, Ադրբեջանի Հանրային հեռուստատեսությամբ, քչերը գիտեն, որ այն ոչ միայն հայ հեղինակի գործ է, այլև այն կատարում է Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը։

«Եթե իրենք պնդում են, որ դա ադրբեջանական ստեղծագործություն է, թող ցույց տան, թե որտեղ է դա հնչել մինչև 1999 թվականը, այսինքն, այն ժամանակ, երբ ձայնագրվել է իմ սկավառակը։ Բնականաբար չեն կարող ցույց տալ։ Իսկ իմ բոլոր հեղինակային իրավունքները պահպանված են»,- ասում է Արա Գևորգյանը։

Այս երաժշտական կոնֆլիկտում հետաքրքիր են նաև ադրբեջանական մեդիայի արձագանքները։ Տարիների ընթացքում եղել են նաև քննադատող հրապարակումներ։ Մեդիան գրել է, որ պետական միջոցառումներում օգտագործվում է հայ հեղինակից գողացած երաժշտությունը։ Նույնիսկ haqqin.az-ն էր բողոքել, որ ադրբեջանական պետական հեռուստատեսությունը օգտագործել էր «Արցախ»-ը՝ անվանելով այն ԼՂ անջատողականների օրհներգ։

Ադրբեջանցի լրագրողները նաև փոքր հետաքնություն էին արել ու զրուցել Ֆիքրետ Ամիրովի ժառանգների ու երաժշտագետների հետ։ Ամիրովի որդին է ասել է, որ արդեն հոգնել է պնդել, որ իր հայրը այդ ստեղծագործությունը չի գրել։ Անգամ Ադրբեջանի մշակույթի նախարարությունն էր հերքել, որ «Արցախ»-ը ադրբեջանական է։

Բայց դա չի խանգարում, որ երաժշտությունը ազատորեն օգտագործվի նաև որպես ցավեցնող առիթ։ Արցախյան երկրորդ պատերազմից հետո եղան ռեպորտաժներ ու քարոզչական նյութեր, որոնք պատմում էին, թե ինչպես են իրենց բնակավայրերը լքում արցախցիները։ Այդ նյութերի ուղեկցող երաժշտությունը «Արցախ»-ն էր։ 

Ստացվել էր երկակի ցավեցնող իրավիճակ՝ սեփականաշնորհվել էր ոչ միայն հաղթանակի սպասումով լի մեղեդին, այլև ինքնին հաղթական էր փոխել տիրոջը։

«Խնդիր չկա, թող ով ուզում է օգտագործի ստեղծագործությունները։ Բայց երբ դրանք ավաղավում են, առանց թույլտվության կտրտում կամ վերագրում ուրիշ հեղինակի, դա շատ է վրդովեցնում», – ասում է Արա Գևորգյանը

Նա պատրաստվում է հայց ներկայացնել դատարան։ Փաստաթղթերը դեռևս երկու տարի առաջ պատրաստ էին, բայց պատերազմը կանգնեցրեց գործընթացը։ Եվ հետո փաստաբան Սիրանույշ Սահակյանը, որը պաշտպանում էր «Արցախ»-ի հեղինակային իրավունքները, զբաղվեց ավելի կարևոր հարցով՝ գերիների վերադարձով։ Բնականաբար, երաժշտական հայցը անցավ երկրորդ պլան։

Հեղինակային իրավունքներ

Կոմպոզիտոր Արա Գևորգյանը այն ստեղծագործողներից է, որը ուշադիր է հեղինակային իրավունքների հանդեպ։ Իր խոսքով ասած՝ պաշտպանել է դրանք բոլոր հնարավոր միջոցներով։  

Օրինակ, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում, որը 1998-ին ստանալով հայտը, ինը ամիս ուսումնասիրել է ստեղծագործության պատմությունը՝ արդյոք այն փոխառնված է, կամ միգուցե պարզ ասած՝ գողացած։

Արա Գևորգյանը նաև ASCAP (American Society of Composers, Authors and Publishers) հեղինակային իրավունքները պաշտպանող կազմակերպության անդամ է։ Եթե երաժշտությունը հնչում է հանրային վայրերում, նրանք գտնում են, ստանում անհրաժեշտ գումարն ու ուղարկում հեղինակին։ Անգամ եթե չեն գտնում, միայն ուրախ են եթե հենց հեղինակն է իրենց հուշում իր ստեղծագործությունների կատարման մասին։

Իհարկե, նա նաև գրանցված է «Հայհեղինակում», որը համագործակցում է շատ երկրների նմանատիպ կազմակերպությունների հետ Ֆրանսիայում, Ճապոնիայում, Ռուսաստանում և այլն։

«Եվ բոլորովին կապ չունեն հեղիանակային վճարները, որոնք շատ չնչին են։ Ի վերջո, երբ հեղինակից խնդրում են նոտաները կամ թույլտվություն որևէ տեղ կատարելու համար, հասկանում ես, որ ստեղծագործությունը սուպերմարկետի ապրանք չէ, որի վրա փակցված է գինը ու դա անփոփոխ է։ Ես միայն ուրախանում եմ, որ մարդիկ ուզում են օգտագործել իմ երաժշտությունը» ,- ասում է նա

Կա պրակտիկա, որ համերգասրահը՝ վարձակալութան հանձնելով իր դահլիճը, գումարի մեջ ի սկբանե ներառում է նաև հեղինակային վճարները։ Այսինքն, գումարը ծախսվում է ոչ միայն տարածքի, այլև բովանդակության վրա։ Եվ վարձակալողը նաև դա է հաշվի առնում՝ ընտրելով ստեղծագործությունները։  Համերգի կազմակերպիչը պարտավոր է իր ծրագիրը կազմելիս՝ վճարել հեղինակային իրավունքների համար

«Ես սովորաբար համերգներին կատարում եմ միայն իմ ստեղծագործությունները։ Եվ երբ օրինակ մի քանի տարի առաջ նվագախմբով համերգներ էինք ունեցել Ֆրանսիայում, ստացել գումար ու գոհ վերդարձել Երևան, շատ զարմացա, որ որոշ ժամանակ անց նամակ եկավ, որ պիտի ստանամ նաև հեղինակային իրավունքների վճարներ։ Այսինքն, բացի համերգային կատարումից նաև հաշվի է առնվում, թե ում երաժշտությունն է հնչել։ Եվ կապ չունի, որ կատարողը հենց հեղինակն է։ Եվ եթե ասենք, քսան գործերի շարքում մի հատ էլ այլ հեղինակի գործ ես կատարում, ուրեմն պիտի վճարես»,- պատմում է Արա Գևորգյանը։

Նա վստահ է, որ Հայաստանում էլ պետք է գործեն նույն սկզբունքները։ Բայց այն կառույցները, որոնք պարտավոր են վճարումներ կատարել, դա չեն անում․

«Օրինակ, եթե ռեստորանները վճարեին հեղինակային իրավունքների գումարները (որոնք ի դեպ՝ շատ արդար են), կոմպոզիտորները հարուստ մարդիկ կլինեին։ Բայց հիմա ստացվում է, որ երբ «Հայհեղինակի» գործակալ կանայք գնում են ռեստորաններ՝ գումար ստանալու համար, նրանց պարզապես չեն լսում։ Կարծես անիվը թարս է պտտվում։ Հեղինակային իրավունքները պետք է օրենքի դաշտ մտնեն։ Չէ՞ որ ռեստորանն իր սպասարկման գնի մեջ ներառում է սրահի վերանորոգումը, մթերքի գինը։ Հեղինակային վճարները նույնպես պետք է հաշվի առնեն»։

Հեղինակային իրավունքները կապված են նաև դեցիբելների հետ։ Կա երաժշտության բարձրության աստիճան, որից հետո է միայն կատարումը մտնում հեղինակային իրավունքների կարգավորման դաշտ։ Եթե երաժշտությունը հնչում է այսքան  բարձր, ուրեմն դա ոչ թե անձնական օգտագործման համար է, այլ շատ մարդու ու մեծ տարածքում։ Օրինակ, դիսկոտեկ է կամ համերգ։ Եվ գործակալները նաև դեցիբելները չափելով են որոշում, որ պետք է կատարվեն հեղինակային վճարներ։

Խորհուրդներ Արա Գևորգյանից

Արա Գևորգյանի խորհուրդ է տալիս անել մի քանի պարզ քայլ՝ մտավոր սեփականությունը պաշտպանելու համար։

Քանի որ կարևոր է, թե երբ է հորինվել ստեղծագործությունը, պետք է լինի ժամանակը հաստատող որևէ փաստաթուղթ։ Եթե ստեղծագործությունը գոյություն ունի որևէ կրիչի վրա, ուրեմն այն արդեն իսկ փաստաթուղթ է, որը կարելի է ներկայացնել դատարան.

«Այսինքն, պետք է ֆիքսել տարեթիվը։ Եվ ոչ մի նշանակություն չունի, թե որտեղ է այդ օրը ֆիքսվում՝ կոնգրեսի գրադարանում, թե Յություբում։ Սեփական ստեղծագործության հեղինակային իրավունքները պահպանելու ամենահեշտ ձևը հրապարակման օրը արձանագրել է»։

Մեկ այլ խորհուրդ՝ այն, ինչ ուզում եք արձանագրել ապագա վեճերում որպես փաստարկ (լինի դա չհրապարակված տեքստ, երաժշտություն, լուսանկար կամ որևէ գյուտ), փաթեթավորեք, դրեք ծրարի մեջ ու փոստային ծառայությամբ ուղարկեք ինքներդ ձեզ։ Փակ ծրարի վրա հայտնվում են կնիք, դրոշմանիշ ու տարեթիվ։ Եվ թող այդ փակ ծրարը պահարանի մի մութ անկյունում մնա այնքան, ինչքան պետք է։ Միգուցե պետք էլ չգա, բայց եթե հանկարծ ծագի ապացույց ներկայացնելու կարիք, այն կլինի միշտ ձեռքի տակ։

«Եթե ծագի գրագողության մեղադրանք, չբացված ծրարը կլինի ապացույց։ Եվ դա անելը շատ հեշտ է», – ասում է Արա Գևորգյանը։

Հեղինակային իրավունքներով զբաղվող կազմակերպությունները աշխատում են ոչ միայն տարբեր հեռարձակող կառույցների՝ ռադիոյի, հեռուստատեսության, համերգասրահների ու համերգային միջավայրերի, այլև սոցցանցերի հետ։ Սոցցանցերը վճարում են հեղինակային իրավունքների համար։ 

Հատկապես խստորեն դրանք պահպանում է Յություբը։ Եվ եթե հայտնաբերում է հեղինակային իրավունքների հետ կապված տարաձայնություն, միանգամից արգելափակում է բովանդակությունը։ Երաժշտության ոչ պատշաճ օգտագործումը կարող է դառնալ բովանդակության հեռացման առիթ։ 

Արա Գևորգյանը վստահ է, որ ավելի հեշտ է կապվել հեղինակի հետ ու միանգամից լուծել ապագա ֆիլմի, սերիալի կամ ռեպորտաժի հարցերը, քան թողնել ինքնահոսի։

Ի վերջո, ոչ ոք իրավունք չունի առանց հեղինակի թույլտվության կարճացնել կամ երկարեցնել ստեղծագործությունը։ Մոնտաժել, օգտագործել և եթեր հեռարձակել։

«Քանի որ օրենքները խստանում են, մարդիկ ուզեն թե չուզեն ստիպված են ավելի հաճախ դիմել հեղինակներին։ Կարելի է դա անել հանգիստ՝ առանց վեճերի առիթ ստեղծելու։ Ի վերջո, այդպես խիղճդ հանգիստ է։ Դրա մեջ կա ազնվություն ու արդարություն»։

Նունե Հախվերդյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *