2021թ-ին լրագրողները ձանձրանալու առիթ չեն ունեցել, տարին հագեցած էր մեդիա իրադարձություններով։ Եկող տարին ամենայն հավանականությամբ ավելի բարդ է լինելու, որովհետև նոր իրողություններ են ի հայտ եկել՝ բանակցություններ Թուրքիայի հետ, սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ, Հայաստանի հարավում երկաթգծի կառուցում և այլն։
Լրատվամիջոցների էֆեկտիվ աշխատանքը առավել քան կարևոր է դառնալու, շատ հարցերի պատասխաններ փնտրել ու գտնելու մեծ պատասխանատվության բեռ են ունենալու։
Media.am-ի հետ զրույցում պետական տարբեր կառույցներում աշխատող լրագրողներ բարձրաձայնել իրենց աշխատանքային պայմանների առնչվող խնդիրների մասին և առաջարկել կոնկրետ լուծումներ։
Կարձագանքի Ձմեռ պապը, դժվար է ասել, բայց նամակը կարդալ գոնե պարտավոր է։
Նարեկ Կիրակոսյան, Factor.am, լուսաբանում է Կառավարության գործունեությունը
Լավ կլիներ, որ եկող տարի Կառավարությունում լրագրողները կարողանային աշխատել այնպես ինչպես ոչ վաղ անցյալում՝ անմիջապես 2018թ-ի հեղափոխությունից հետո։
Այն թափանցիկ գործելաոճը, որն այս իշխանությունը որդեգրել էր հեղափոխությունից հետո կամաց-կամաց սահմանափակվեց, այժմ լրագրողները կարող են նիստերին հետևել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նախատեսված սենյակից և տեղաշարժվել շենքի մուտքից մինչև աստիճաններն ընկած հարթ հատվածում։ Սա նշանակում է, որ մենք չենք կարող բարձրանալ աստիճանների վրա, կանգնեցնել որևէ նախարարի և տալ մեզ մտահոգող հարցերը։
Նախարարները, փոխնախարարները, ուժային կառույցների ղեկավարներն այս պայմաններում կարողանում են խուսափել լրագրողներից, շենքից դուրս գալ այլընտրանքային ճանապարհներով։
Կուզեի, որ 2022թ-ին հնարավորություն ունենայինք աշխատելու ֆիզիկապես ավելի ընդարձակ տարածքում՝ մոտ լինել գործադիրի նիստերի դահլիճին, անցուդարձ ունենալ միջանցքներում և մուտքից վերև բարձրացող աստիճանների վրա։
Լավ կլինի որոշակի հերթականությամբ հնարավոր լինի բոլոր նախարարների հետ շփվելու, այժմ մի քանի նախարարներ են միայն իջնում և պատասխանում մեր հարցերին՝ Առողջապահության նախարարը Անահիտ Ավանեսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, երբեմն էլ Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Սակայն բազմաթիվ կարևոր հարցեր ունենք ոստիկանապետին, ԱԱԾ պետին և Պաշտպանության նախարարին։
Վարչապետ Փաշինյանը հեղափոխություն էր արել մամուլի ասուլիսի անցկացնման ձևաչափում և լավ կլիներ նորից վերադառնա լրագրողների հետ դեմ առ դեմ շփման 4-5 ժամանոց պրակտիկային։ Օնլայն ձևաչափը չի բավարարում լրագրողներին և ոչ բոլոր հարցերն են արձագանք ստանում։ Օրինակ, վերջին ասուլիսի ժամանակ իմ հարցը թերի հնչեց, մինչդեռ կենդանի հարցուպատասխանի դեպքում իմ կողմից դիտարկումներ կլինեին։
Ստացվում է, որ իրեն ամենաժողովրդավար հռչակած կառավարությունը անհիմն սահմանափակել է լրագրողների աշխատանքը, դժվարացրել տեղեկություններ ստանալու հնարավորությունները։
Գևորգ Թոսունյան,Սիվիլնեթ, լուսաբանում է Ազգային ժողովի գործունեությունը
Ազգային ժողովում վերջին շրջանում լրագրողների հանդեպ բավականին անարդար վերաբերունք կար, խոչընդոտվում էր մեր աշխատանքը։ Կուզեի, որ 2022թ-ին փոխվեր այդ վերաբերունքը, վերանար այդ լարվածությունը, որպեսզի կարողանանք հանգիստ և արդյունավետ աշխատել։
Խորհդարանի շենքի տարբեր անկյուններում անվտանգության աշխատակիցների ներկայությունը կարծես հավելյալ լարվածություն առաջացնի։ Լավ կլինի, եթե նրանք հեռանան կամ քչանան, որ մենք մեզ հսկողության տակ չզգանք։
Կուզեմ նաև, որ վերադառնանք աշխատանքային նախկին ռեժիմին և կարողանանք ազատ տեղաշարժ ունենալ միջանցքներում, նիստերի հիմնական դահլիճների մոտակայքում, դա օգնում է մեզ խոսել պատգամավորների հետ խմբային կամ առանձին հարցազրույցների համար պայմանավորվածություն ձեռք բերել։
Իհարկե կարևոր է նաև լրագրողների հետ հետագա խնդիրներից խուսափելու համար ունենալ որոշակի գրավոր կարգավորումներ, որպեսզի լինի այն սահմանը, որից այն կողմ արդարացի կարող է համարվել մեր գործունեության սահմանափակումը։
Վերջերս աթոռները տարան և լրագրողները ստիպված էին գետնին նստած աշխատել, լավ կլիներ, որ որոշակի հարմարություններ ստեղծեին մեր համար, ոչ թե տանեին աթոռներն, այլ ավելացնեին, որովհետև երբեմն մի քանի ժամ ոտքի վրա կանգնած ենք մնում և կարիք է լինում նստել հանգստանալու կամ տեքստ գրելու համար։
Ինտերնետ հասանելիություն հետ խնդիրը ևս կցանկանայի կարգավորվեր, կան տարածքներ, որտեղ անլար ինտերնետի որակը լավը չէ։
Լուսինե Բուդաղյան, Առավոտ, լուսաբանում է քաղաքապետարանի և պետական գերատեսչությունների աշխատանքը
Երևանի քաղաքապետարանում, ճիշտ է, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք հավատագրման կարգը հանվեց, լրագրողների մուտքը քաղաքապետարան ավելի հեշտացվեց, բայց լրագրողների աշխատանքային պայմանները շարունակում են անհարմար մնալ։
Սրահը, որտեղ ավագանու նիստերին լրագրողներն ու օպերատորներն աշխատում են, փոքր է, համակարգիչների լիցքավորման համար վարդակներ գրեթե չկան: Անլար ինտերնետի հասանելիություն այդ սրահում չկա, դրանից օգտվելու համար լրագրողները պետք է դուրս գան միջանցք` բաց թողնելով նիստի ընթացքը:
Սրանք տեխնիկական խնդիրներ են, որոնք խոչընդոտում են լրագրողների աշխատանքը և տեղեկությունները դանդաղ են հասնում մարդկանց։
Կառավարության մամուլի սրահում լրագրողների համար կային համակարգիչներ, սակայն ժամանակի ընթացքում դրանց թիվը պակասեց և եղածներն էլ կա´մ չեն աշխատում, կա´մ դրանցով աշխատելու հնարավորություն են ունենում միայն երկու-երեք լրագրող:
Ճիշտ կլիներ, որ կառավարության` մամուլի հետ աշխատողները նիստի օրերին ճեպազրույցի հրավիրեին հրատապ թեմաների հասցեատեր պաշտոնյաներին, որոնք կպարզաբանեին հասարակությանը հուզող այս կամ այն հարցը:
Գերատեսչությունների մամուլի ծառայություններն ավելի օպերատիվ կերպով պատասխանեին լրատվամիջոցների հարցումներին, հատկապես` այս շրջանում իրադարձությունները շատ արագ են փոփոխվում ու զարգանում:
Հաճախ լրատվամիջոցը ստիպված է լինում իր ունեցած լուրն ուշացնել, քանի որ այս կամ այն գերատեսչության մամուլի պատասխանատուն ողջ օրը խորհրդակցությունների է, հեռախոսազանգերին չի պատասխանում կամ` ղեկավարի հետ չի կարողանում հանդիպել, որպեսզի լրագրողի հարցի պատասխանը համաձայնեցնի:
Պետք է բարելավել մարզպետարանների, մարզերի քաղաքապետարանների մամուլի ծառայությունների աշխատանքի որակը, երբեմն օրեր են պահանջվում տարրական տեղեկատվությունը ճշտելու համար։ ՏԻՄ մարմինների կայք էջերն ու ֆեյսբուքյան էջերը շաբաթներով չեն թարմացվում:
Գայանե Ասրյան
Լավ կլիներ մարզում աշխատող որեւէ լրագրողի տեսակետ էլ լինել։
Համաձայն եմ։ Մենք աշխատում եմ մարզերում աշխատող լրագրողներին ներկայացնել կայքում։ Հաջորդ տարի կփորձենք ավելի ակտիվ աշխատել նաև այդ ուղղությամբ։