2021.12.24,

Նյուսրում

Ի՞նչ է մոբայլ լրագրությունը․ + օգտակար գործիքներ

author_posts/christian-ginosyan
Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող

Մոբայլ լրագրությունը նոր մեդիայի ամենաարդիական ժանրերից է։ Սմարթֆոնով նկարած նախկինում ոչ պրոֆեսիոնալ համարվող նյութերն այսօր ոչ թե այլընտրանքային լուծումներ են, այլ ընդունված պրակտիկա։ Տեխնոլոգիական առաջընթացի արդյունքում գուցե շատերը չկարողանան տարբերել՝ ինչն է նկարած հեռախոսով, ինչը՝ պրոֆեսիոնալ տեսախցիկով։ 

Դեկտեմբերի սկզբին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպել էր մոբայլ լրագրության դասընթաց, որը վարում էր մուլտիմեդիա վիդեո պրոդյուսեր, խմբագիր, լրագրող Հարություն Մանսուրյանը։ Նրա հետ զրուցել ենք մոբայլ լրագրության առանձնահատկությունների, լավ ու վատ կողմերի և Հայաստանում դրա կիրառության մասին։

Նյութի վերջում ծանոթացեք «անպայման ունենալու» մի քանի մոբայլ հավելվածների հետ, որոնք կօգնեն ստեղծել ու մշակել մուլտիմեդիա արտադրանքներ։

 

Ո՞րն է մոբայլ լրագրության սահմանումը, եթե այդպիսին կա։

Ինձ համար դա առաջին հերթին ճկուն լրագրությունն է, որտեղ միևնույնն է, առաջնայինը մարդն է, լրագրողը, թեման, իհարկե, նաև գործիքները։ Ըստ դասական սահմանման` մոբայլ լրագրության ստացված նյութը պետք է արված լինի սմարֆոնով, թաբլեթով կամ այլ սարքով, և իրենից ենթադրում է նաև դրանով մոնտաժել, տեղադրել սոցիալական կամ այլ հարթակներ, այդ ամենը մոբայլ սարքի օգնությամբ:

Ըստ իս, պարտադիր չէ, որ նյութն ամբողջովին նկարած կամ մոնտաժած լինի մոբայլ սարքով․ միքս վիճակը նույնպես մոբայլ լրագրություն է։ 

 

Ինչո՞ւ է մոբալ լրագրությունը վերջին տարիներին դարձել այդքան պահանջված։

Հեռախոսը փոխարինում է օպերատորին ու մի շարք գործիքներին: Այն ասես շվեյցարական դանակ լինի: Ճիշտ է, ոչ մի բանում լավագույնը չէ, բայց մեր ձեռքի հեռախոսն այն սարքն է, որ կարողանում է անել գործողությունների այդ ողջ համակարգը: Այն ապահովում է լրագրողին նյութ ստանալու համար ամեն ինչով, և եթե լրագրողը գիտի, թե ինչ է ուզում ստանալ վերջնարդյունքում, կանի դա լավ ու հետաքրքիր տարբերակով:

Մոբայլ լրագրությունն արդիական է դարձնում աչքի չընկնող քաղաքացիական լրագրողի կերպարն ու, իհարկե, արագությունը։ Ազատություն ռադիոկայանում աշխատելիս դեռ տարիներ առաջ նկատեցի, որ այն երկրներում, որտեղ բարդանում էր լրագրողների աշխատանքը, հեռախոսն օգնում էր աննկատ մնալ ու շարունակել աշխատանքը: Տեսախցիկով նկարելիս քեզնից գալիս լիցենզիա ու հազարումի բան են ուզում, իսկ հեռախոսով բոլորն են նկարում, և քեզ որպես լրագրող իդենտիֆիկացնելը բարդանում է:

 

Ի՞նչ են մարդիկ, սովորաբար, հասկանում մոբայլ լրագրություն ասելիս։

Երբ տարածել էինք մոբայլ լրագրության եռօրյա դասընթացի հայտարարությունը, մասնակիցների զգալի մասը մոբայլ լրագրությունը հասկացել էր, որ դա սոցիալական հարթակներում տարածվող տիտրերով գրված տեսանյութերն են, որոնք տեսականորեն և գործնականորեն կարող են արվել հեռախոսով, բայց այդ պատկերացումը թյուր է։ Մյուս մասը պատկերացնում է միայն հեռախոսով արված նյութեր և որ «մոբայլ» նշանակում է մոբայլ հեռախոս։ Սա ավելի մոտ է ճշմարտությանը, քան առաջինը, բայց ինձ համար, ինչպես և ասացի, այդքան էլ այդպես չէ։

 

Ի՞նչ բացասական կողմեր ունի մոբայլ լրագրությունը։

Առաջին բացասական կողմը, կոնկրետ ինձ համար, հեռախոսով մոնտաժելն է։ Անգամ, երբ տեխնիկային ծանոթ ես, տիրապետում ես անելու ձևերին, բայց զուտ հարմարության տեսանկունից ինձ համար բարդ է։ Առաջին իսկ հնարավորության դեպքում ես անցնում եմ համակարգչի կամ երկու-երեք մեծ էկրանի։

Ի վերջո, անկախ նրանից՝ նկարում ես հեռախոսով, թե մեկ այլ սարքով, որակյալ արտադրանք ստանալու համար պետք է հետդ շատ սարքեր ման տաս, սկսած արտաքին մարտկոցներից (տեսախցիկի դեպքում դրանք հեշտությամբ հանվում-դրվում են), մինչև լույս (հեռախոսի լույսը բավարար չէ)։ Շատ կարևոր է նաև ձայնը, ինչի որակը  հեռախոսների դեպքում ամենավատն է ապահոված։ Հազվադեպ կարելի է հանդիպել միկրոֆոնով աշխատող մոբայլ լրագրողների։

Մարտահրավեր է նաև մոբայլ սարքերի կիրառությունը մի քանի սպեցիֆիկ ոլորտներում․  չգիտեմ՝ կկարողանա արդյոք մոբայլ լրագրությունը հասնել սպորտի, բնության կամ հեռու օբյեկտներ ֆիքսելու ոլորտներին, թե ոչ։

 

Ի՞նչ վիճակում է մոբայլ լրագրությունը Հայաստանում։

Ինչ-որ խմբագրություններ մի ժամանակ անցան մոբայլ լրագրության փուլով։ Առաջիններից մեկը հենց Ազատությունն էր, բայց իրենք շուտով ընդունեցին, որ պետք է աշխատել օպերատորների հետ։ 

Առայժմ, այն ինչ ես եմ տեսնում, մոբայլի դեպքում որակը նկատելի վատ է, որովհետև լրագրողը պատրաստ չէ միաժամանակ մի քանի գործողություններ անել՝ հարցազրույց վերցնել, կադր բռնել, ձայն դնել և այլն։ Այստեղ այն քիչ զարգացած է, և շատ խմբագրություններում մոբայլ լրագրությունը կիրառում են նոր աշխատակցի հմտությունները հասկանալու համար, որպես փորձնական տարբերակ։

 

Վերջում, խոստացված օգտակար գործիքները, որոնք մոբայլ տիրույթում աշխատելիս կօգնեն ստանալ մուլտիմեդիա նյութեր:

Վիդեո խմբագրիչ

Մոբայլ լրագրություն ասելիս առաջինը մտաբերում ենք տեսանյութեր, որոնք նկարելու, խմբագրելու և հրապարակման համար վերջնական տեսքի բերելու շատ ծրագրեր կան։ Առանձնացրել ենք VN Video editor-ը և դրան շատ նման Videoleap-ը։ Երկուսն էլ հասանելի են Android and iOS օպերացիոն համակարգերի վրա, ինչպես նաև ունեն համակարգչային տարբերակ։ Ծրագրերը չեն ավելացնում «watermark» (լոգոտիպ) և թույլ են տալիս տեսանյութերը պահպանել մինչև 4K չափով։

RAW տեսախցիկ

Ցավոք, RAW տեսանյութեր նկարելու գործառույթը դեռ լիարժեք ադապտացված չէ սմարթֆոնների վրա (եղածներն էլ վճարովի են), բացառությամբ վերջերս Android համակարգում հասանելի Motion Cam հավելվածի փորձնական տարբերակի։ Սակայն լուսանկարչության դեպքում իրավիճակն ավելի հուսադրող է, և սմարթֆոնում պրոֆեսիոնալ տեսախցիկի բացակայության դեպքում այն կարելի է լրացնել Lightroom-ով (Android, iOS

Ձայնագրիչ և աուդիո խմբագրիչ

Ինչ վերաբերում է ձայնին, ապա լավագույն տարբերակը, հիմնականում, սմարթֆոնի սեփական ձայնագրիչն է, որին, իր թերություններով հանդերձ, փոխարինող գտնելը բարդ է։ Բայց մենք գտել ենք Dolby On հավելվածը, որը ձայնագրում է բարձր որակով (lossless audio), աշխատում ձայնի վրա՝ տալով դրան տարբեր էֆեկտներ, մաքրում, նվազեցնում աղմուկը, կտրում և բերում ներկայանալի տեսքի (Android, iOS)։ 

Պատկերի որոնում

Փաստերի ստուգման արագ ու մշտական օգնականներ են պատկերներով աշխատող որոնողական համակարգերը։ Ամենապարզը Google Lens-ն է, որը բացի լավ տեսախցիկից տալիս է նաև reverse image search-ի հնարավորություն։ iOS համակարգի դեպքում պետք է ընդամենը ներբերռնել Google հավելվածը, որտեղ տեսախցիկի նշանին սեղմելով կունենաք պատկերի որոնման ֆունկցիան։ iPhone-ների դեպքում ևս մի հավելված կա, կոչվում է Reverse Image Search App։

Քրիստիան Գինոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *