2021.12.22,

Նյուսրում

Հումորը սոցիալական մեդիա մարքեթինգում հավելյալ հնարք է

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Վերջին շրջանում սոցիալական ցանցերի հայաստանյան հատվածում կոմերցիոն էջերում ավելացել են ապրանքը կամ ծառայությունը հումորային գրառումներով ներկայացնելու փորձերը։ Հաղորդակցությունը, կարծես, դուրս է եկել ընդունված կաղապարներից, դարձել անկաշկանդ ու մտերմիկ։ Եթե նախկինում նման փորձերը քիչ էին և համարձակ, ապա հիմա ավելի մասսայական են։

Լսարանին հասնելու, շփվելու, նոր հետևորդներ գրավելու համար կոկիկ տեքստերի ժամանակն անցել է, հիմա կարևոր է դարձել կատակելը, կրեատիվ հնարքներն ու մեմերի լեզուն։ Ու հատկապես շատ են միջազգային տարբեր հաջող ու սուպեր զանգվածային նախագծերի համատեքստի օգտագործումը՝ ֆիլմերի, սերիալների, երգերի և այլն։

Media.am-ն առանձնացրել է մի քանի օրինակներ:

Prodigi-ի մարքեթինգային ընկերության SMM բաժնի ղեկավար Անահիտ Ոփյանի հետ խոսել ենք մարքեթինգային այս վարքագծի շուրջ՝ պարզելու, թե ինչու է հումորի չափաբաժինը ինտերնետ գովազդում ավելանում։

Անահիտն ասում է, որ գովազդում հումորային տարրերի օգտագործումը նորություն չէ. «Այո, ինտերնետ սպառողներն արագ ու վիրուսային կերպով տարածում են հումորային հրապարակումները, բայց այստեղ մի կարևոր նրբություն կա, որը հաճախ բրենդները հաշվի չեն առնում։ Տարածողները երբեմն արձագանքում են հրապարակմանը, հետո նույնիսկ չեն հիշում, թե որ բրենդն էր այն կիրառել»։

Ըստ նրա, թեև մարդկանց հաճելի է նման բովանդակությունը, սակայն գովազդային տեսանկյունից այն կարող է չլինել արդյունավետ։ Եվ հարց է, թե որքանով է հումորի կիրառումը համահունչ ու նպատակային կոնկրետ ապրանքի կամ ծառայության դեպքում։ 

«Հիմա հումորային բովանդակությունը համացանցում թրենդային է։ Օրինակ, Ֆեյսբուքում կիրառման ամենատարածված ձևերից մեկը իրավիճակային հրապարակումներն են, որի հաջողության գլխավոր գրավականը օպերատիվ ու բրենդի վրա կենտրոնացած արձագանքն է»,- ասում է նա։ 

Եվ ավելացնում, որ հաջողված հումորային հրապարակումներ հնարավոր է ստանալ լուրջ մարքեթինգային, կրեատիվ ու թվային փորձառություն ունենալու դեպքում «Անձնական հատկանիշները (ինչքան հումորով ես դու) բավարար չեն հաջողցած մարքեթինգային հումորային հրապարակում ստանալու համար։ Մասնագետները հաճախ կրկնօրինակում կամ այլ ոլորտներից ադապտացնում են հումորը իրենց բիզնեսի համար, բայց հումորային հաղորդակցությունը լուրջ մասնագիտական բազա է պահանջում՝ բոլոր հնարավոր ռիսկերը հաշվի առնելով»։

Անահիտն ասում է, որ եթե մասնագետը նայում է հումորին իր հետևորդի աչքերով ու վերլուծելու արդյունքում հասկանում, որ դա դուր կգար հետևորդին, ուրեմն ամենայն հավանականությամբ այդպես էլ կլինի։

«Հումորը հակառակ կերպ է աշխատում բոլոր այն դեպքերում, երբ  հետևորդի փոխարեն, հրապարակվում է այն, ինչ  դուր է գալիս մասնագետին ու հաճախ դրանով նեղացնում կամ վանում են լսարանին»։

Prodigi-ի Հայաստանից դուրս աշխատանքային փորձառությունը ցույց է տալիս, որ այն ինչ կատարվում է տեղական շուկայում ավելի շատ կապված է գլոբալ մարքեթինգային տենդենցների փոփոխության հետ։

«Սպառողը բոլոր մարքեթինգային գործողությունների կենտրոնում է հայտնվել ու բրենդներն առաջադրանք ունեն ստեղծել սպառողի համար հավելյալ արժեք, առանց որի թվային ոլորտում անհնար է գոյատևել։ Հումորը օգնում է ավելի արագ ու թեթև տարբերակով փոխանցել անհրաժեշտ ինֆորմացիան»,-հավելում է նա։

Ընկերության թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան փորձը ցույց է տալիս, որ տարբեր երկրների պատվիրատուների մեծամասնությունը պատրաստ է մարքեթինգային կրեատիվ արշավների, եթե դա մասնագիտորեն ճիշտ հիմնավորված է։

Ըստ Անահիտի, այստեղ կարևոր է հասկանալ ընկերության գործունեության առանձնահատկություններն ու թվային մարքեթինգի ռազմավարություն ստեղծելուց առաջ հաշվի առնել,  թե կոնկրետ քայլերը ինչ արդյունք են ունենալու տվյալ բիզնեսի համար։

Կոմերցիոն էջերը բացի հումորային գրառումներից և ֆոտոներից նաև հումորային գիֆեր են օգտագործում մեկնաբանություններում՝ էլ ավելի ընդգծելով իրենց ժողովրդայնությունը։

Այսպես բիզնեսը համացանցում երկխոսում է մարդկանց հետ, հասկանում նրանց կարիքները, տրամադրվածությունը, իր հանդեպ վերաբերմունքը։ Այն ինչ չի կարող անել այլ մեդիա հարթակներում՝ արտաքին, ռադիո կամ հեռուստագովազդի դեպքում։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *