2021.12.17,

Նյուսրում

Հիշեցում՝ հարցման պատասխանը պետք է տրամադրել 5 օրում

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Պետական կառույցները հարցումը ստանալուց հետո՝ աշխատանքային 5 օրվա ընթացքում պետք է տրամադրեն իրենց ուղղված գրավոր հարցումների պատասխանները։ Այս ժամկետը սահմանված է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով։ Բայց ժամկետը միշտ չէ, որ պահպանվում է։ Լրագրողները թե՛ սոցցանցերում, թե՛ հոդվածներով անդրադառնում են այս խնդրին։

Մեկ նյութի համար ուղարկված երկու հարցման պատասխանն ուշացավ 

Ես տեղեկություն ունեի, որ ԱՄՆ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներն ամիսներ շարունակ անձնագիր չեն կարողանում ստանալ։ 

Անձնագրեր ստանալու խնդիրն առաջացել էր 2021-ի ամռանը։ Ոստիկանությունից պարզաբանել էին, որ անձնագրերի մատակարարման խնդիրը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով: Սակայն, ըստ ուժային կառույցի՝ խնդիրը լուծված էր։ 

Ես հոկտեմբերի 21-ին հարցում ուղարկեցի ՀՀ ոստիկանություն՝ պարզելու համար լուծվե՞լ է արտասահմանում ապրող ՀՀ քաղաքացիներին անձնագիր տրամադրելու խնդիրը։ Պատասխանը սահմանված ժամկետում չստանալուց հետո՝ հոկտեմբերի 29-ին էլ․ նամակ ուղարկեցի կառույցին։ Հիշեցրեցի, որ սահմանված 5 աշխատանքային օրից ավել է անցել։ Նույն օրը պատասխան ստացա՝ «տեխնիկական խնդիրներով պայմանավորված Ձեր հարցմանը կպատասխանենք երկուշաբթի», բայց մոտ 2 ժամ անց պատասխանը ուղարկվեց։ Ժամկետը խատվել էր 2 օր։ 

Նույն նյութի համար մեկնաբանություն ստանալու կարիք առաջացավ Արտաքին գործերի նախարարությունից։ Նախ հեռախոսազանգով կապվեցի կառույցի հետ։ Առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել՝ նշելով անձի տվյալները։ Հարցումն ուղարկեցի նոյեմբերի 10-ին։ Սահմանված ժամկետում պատասխան չստանալուց հետո՝ նոյեմբերի 17-ին կառույցին էլ․ նամակով հիշեցրեցի՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում պատասխան չեմ ստացել։

Հաջորդ օրը կառույցից ստացա պատասխանը։

Սա մեկ նյութի համար ուղարկված հարցումների մեկ օրինակն է։ Ժամկետների խախտման խնդիրներ առաջացել են այլ կառույցների դեպքում ևս։ Օրինակ Արտակարգ իրավիճակների նախարարությանը հարցումն ուղարկել էի կայքում առկա Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի համար թողնված էլ․ հասցեին։ Օրեր անց զանգահարեցի՝ հասկանալու համար հարցման պատասխանը ինչ փուլում է։ Պարզվեց՝ նամակի պատասխանի վրա կառույցը չի էլ սկսել աշխատել ու առաջարկեցին գրությունն ուղարկել քարտուղարության էլ․ հասեցին։ 

Կան պետական կառույցներ, որոնք ավելի լավ են հաղորդակցվում, սակայն, խնդիրը առկա է։  

Լրագրողները ահազանգում են

Պետական կառույցների հարցման պատասխանները տրամադրելու ժամկետների խախտումների կամ անհասակնալի հիմքով մերժելու մասին պարբերաբար բարձրաձայնում են լրագրողները։ 

Առողջապահության նախարարություն. Վերջերս լրագրող Անի Ավետիսյանը հրապարակեց Առողջապահության նախարարության հետ կապված միջադեպը։ Նա հարցում էր ուղարկել այս գերատեսչությանը՝ «պատասխանում են՝ սպասեք մինչև տարեվերջ, տվյալները հավաքում ենք: Մի շաբաթ հետո նախարարը հայտարարում է մեր ուզած տվյալները»:  

Պաշտպանության նախարարություն․ Ամենահաճախ դժգոհություն առաջացնող գերատեսչություններից է ՊՆ-ն։ 2020-ի նոյեմբերին լուրեր տարածվեցին, թե պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներգրավված է երրորդ երկրով դեպի Թուրքիա զենքի վաճառքի գործարքներում։ ՊՆ խոսնակը այն որակել էր «լկտի սուտ» ու հուշել հետաքննող լրագրողներին՝ կարող են հարցում ուղարկել ու տեղեկությունը ստուգել։ 

Infocom-ի լրագրող Նարեկ Մատիրոսյանը հարցում ուղարկել էր, բայց 8 օր ուշացմամբ ուղարկված պատասխանում ՊՆ-ն նշել էր, որ այդ փաստաթղթերը անուղղակի կապ ունեն պետական գաղտնիք պարունակող ռազմատեխնիկական նշանակության ապրանքների մատակարարման հետ, ուստի տեղեկությունների տրամադրումը մերժվում է:

Այս կառույցը ոչ միայն ժամկետները չի պահում, այլև պետական կամ ծառայողական գաղտնիք է համարում տեղեկությունները, որոնց մասին հրապարակումներ արել է նախկինում։ Օրինակ, զոհված զինծառայողների տվյալները։ Սրանք հրապարակվում էին պատերազմի ընթացքում ու դրանից հետո։ Նման մի քանի այլ օրինակ ամփոփել է Փաստերի ստուգման հարթակը։ 

Էկոնոմիկայի նախարարություն․ Գերատեսչությունը լրատվամիջոցի ուղարկած գրավոր հարցման պատասխանը չէր տրամադրել սահմանված ժամկետում։ Լրագրողի զանգին ի պատասխան տեղեկացրել է, որ  արդեն իսկ ուշացված հարցման պատասխանը չեն կարող տրամադրել քանի դեռ փոխնախարարը չի վերադարձել գործուղումից։

Նման բազմաթիվ օրինակներ ամփոփված են «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի զեկույցներում։ 2021-ի առաջին 3 եռամսայակում արձանագրվել է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման 67 դեպք։

Made with Flourish

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանը մեզ հետ հեռախոսազրույցում այս աճող ցուցանիշները պայմանավորեց կառույցների «շատ վատ ու անկազմակերպ աշխատանքով»։

«Այո, հետհեղափոխական շրջանում այդ աշխատանքը վատացել է, նոր մարդիկ են եկել, օրենքին չեն տիապետում, բավականին հմտություններ չունեն։ Որոշ դեպքում նաև արհամարհանք կա լրատվամիջոցների նկատմամբ», – ասաց Մելիքյանը։

Նա բերեց իրենց կառույցի հետ պատահած օրինակը։ Դիմել էին ՀՀ կառավարությանը՝ ճշտելու համար արդեն կիրառվո՞ւմ է կառավարության որոշման մեջ ընդունված փոփոխությունները։ Խոսքը վերաբերում է e-gov.am կայքում պաշտոնատար անձանց գործուղումների նպատակի, ծախսերի, քննարկված թեմաների, ընդունված որոշումների մասին տեղեկությունների չհրապարակելուն։ 

«7 օր հետո՝ արդեն իսկ ժամկետի խախտմամբ մեզանից 30 օր խնդրեցին, որպեսզի այդ հարցին պատասխանեն։ Այսինքն հասակ հարցը, որը որևէ լրացուցիչ աշխատանք չէր պահանջում, 30 օր ժամանակ էին պահանջում» , – ասաց Աշոտ Մելիքյանը։։

Մեկ այլ կազմակերպություն՝ «Ինֆորմացիայի ազատությնա կենտրոն»-ը ամեն տարի անցկացնում է «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխությանը։ 2021-ին  «Տեղեկություն ստանալու իրավունքը հետևողականորեն խախտած պետական կառույց» անվանակարգում կողպեքներ տրվել է Պաշտպանության նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին։

Հիշեցում՝ պատասխանելու ժամկետը 5 օր է 

Գրավոր հարցում կարող է ուղարկել ՀՀ ցանկացած քաղաքացի՝ առանց հիմնավորման, թե ինչի համար է տվյալ տեղեկությունը պետք։

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածում հստակ սահմանված է, որ գրավոր հարցման պատասխանի տրամադրման ժամկետը 5 օր է։ Իսկ եթե տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա պատասխանը պետք է ուղարկվի դիմումը ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում։ Ընդ որում, լրացուցիչ ժամկետի մասին կառույցը պետք է տեղեկացնի դիմողին՝ նամակը ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը:

Պետական կառույցները կարող են մերժել պատասխանի տրամադրումը, մի շարք եթեների դեպքում (Հոդված 8)։ Օրինակ, եթե պատասխանը պարունակում է պետական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ։ 

Ստացվում է, որ լրագրողական կազմակերպության արձանագրած խախտման դեպքերի թիվը աճում է։ Սա կարող է պայմանավորված լինել ինչպես հարցումների թվի աճով, այնպես էլ կառույցների ոչ արդյունավետ աշխատանքով։ Ավելին, պետական կառույցները ոչ միայն պատասխանը ուշացնում են, այլև որոշ դեպքերում չարդարացված լրացուցիչ ժամկետներ վերցնում, չեն տրամադրում կամ տրամադրում են ոչ ամբողջական բովանդակություն։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *