2021.12.10,

Նյուսրում

«Ադամի»․ բազմազանություն խրախուսող մրցանակաբաշխությունը կամփոփի արդյունքները

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

«Ադամի» մեդիա մրցանակաբաշխության ֆիլմերի փիչինգի (pitching) հարթակում այս տարի Հայաստանից ներկայացված է վավերագրող Սոնա Քոչարյանի «Բաժանում» ֆիլմի նախագիծը։

Սոնան Լոնդոնում վավերագրական ֆիլմարտադրություն սովորելիս բախվում է կորոնավիրուսի հետևանքով առաջացած դժվարությունների հետ։ Վարակի պատճառով անորոշ ժամկետներով չեղարկված էին թռիչքները, մարդիկ կտրված էին իրենց ընտանիքներից։

Երեք չինացի համակուրսեցիների պատմությունների օգնությամբ Սոնան բացում է համավարակի պատճառով «պարտադրված բաժանման» թեման: 

«Երկու տարի առաջ, երբ նկարում էի այս ֆիլմը, հույս ունեի, որ կարճ ժամանակ անց այն կդառնա վատ ժամանակների մասին հիշողություն։ Բայց փաստորեն շարունակում ենք նույն կյանքով ապրել, թեև գոնե հիմա կարգավորումներ կան, որոնք օգնում են իրավիճակը վերահսկելի դարձնել և մարդկանց տեղաշարժը չսահմանափակել, ինձ էլ այդ թվում այս միջոցառմանը մասնակցելու հնարավորություն տալ»,-ասում է Սոնան։ 

Ամիսներ շարունակ Սոնան վավերագրում է ընկերների առօրյան և ցույց տալիս, որ անգամ բազմազանության կենտրոն Լոնդոնում հնարավոր է խտրական վերաբերմունքի արժանանալ, ծեծկռտուքի մեջ ընկել։

Փիչինգի ութ հավակնորդներից ընտրվելու է երկու հաղթող՝ մեկին ընտրելու է ժյուրին, մյուսը որոշվելու է օնլայն քվեարկության արդյունքում։

Մրցանակաբաշխության այս ֆորմատում կազմակերպիչները դրամահավաք են իրականացնում ներկայացված նախագծերի համար։ Յուրաքանչյուր ֆիլմի համար հավաքված գումար փոխանցվելու է հեղինակին։

«Բաժանում» ֆիլմի նկարահանումները վերջացած են և այն հիմա հետարտադրական փուլում է, հետևաբար թե՛ ֆինանսական, թե՛ տեխնիկական աջակցության կարիք ունի։

«Ադամի»-ն ստեղծվել է 2015թ-ին՝ նպատակ ունենալով խրախուսել Արևելյան գործընկերության երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) կինոգործիչներին, լրագրողներին և տեսալսողական մեդիայի մասնագետներին՝ ակտիվորեն անդրադառնալու միգրացիայի, հանդուրժողականության և մշակութային բազմազանության թեմաներին:

Ամբողջ տարվա ընթացքում մասնակից երկրներում աուդիովիզուալ տիրույթում իրականացվել են մշակութային բազմազանության գաղափարը խթանելու տարբեր միջոցառումներ: 

«Մրցույթի հիմնական սոցիալական արժեքը մշակութային բազմազանությունն է:  Հաշվի առնելով մեդիաարտադրանքի ազդեցությունը հանրային կարծիքի ձևավորման գործում՝ կարծում ենք, որ, բազմազանությունը դրականորեն ցուցադրելով, լրատվամիջոցները կարող են նպաստել հասարակության տարբեր խմբերի համատեղ խաղաղ գոյակցությանը»,-ասում  է «Ադամի» մեդիա մրցանակաբաշխության հայաստանյան ներկայացուցիչ Քրիստինե Մելքոնյանը։

Ժյուրիի կազմում ընդգրկված են տարբեր երկրների մեդիափորձագետներ, ոլորտի հայտնի և պրոֆեսիոնալ մասնագետներ, հանրային հեղինակություն ունեցող գործիչներ: 

Յուրաքանչյուր տարի ժյուրիի կազմը փոխվում է, ինչը թույլ է տալիս առավել օբյեկտիվ գնահատականներ ունենալ: Բոլոր հայտերը քննարկվում են համատեղ՝ ժյուրիի կողմից, որոնք հավաքվում են Արևելյան գործընկերության երկրներից մեկում: 

«Իրականում այնքան էլ ճիշտ չէ «Ադամի» դիտարկել զուտ որպես նյութական արդյունք ունեցող մրցանակաբաշխություն: Սա միջազգային բարձր հեղինակություն ունեցող մասնագիտական հարթակ է, որը բացի սեփական միջոցառումները, մրցանակաբաշխությունները, տալիս է լավ հնարավորություն հեղինակներին դառնալ մասնագիտական մեծ ու բազմազան հանրույթի մաս»,-ասում է Քրիստինե Մելքոնյանը։

Մրցանակաբաշխությունը կարևոր  նպատակ ունի օգնել ԶԼՄ-ներին դիմակայել ատելության խոսքի,  տգիտության, անհանդուրժողականության տարածմանն  ու քարոզին, ինչն այսօր արդիական խնդիր է ամբողջ աշխարհում: 

Այս տարի մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, Երևանի ժամանակով ժամը 20:00-ին ուղիղ եթերում և միաժամանակ կհեռարձակվի Արևելյան գործընկերության վեց երկրներում՝ տարբեր մեդիահարթակներում։ Այդ ժամանակ էլ հայտնի կդառնա հաղթողի անունը: 

Օրը պատահական չէ ընտրված, դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Մարդու իրավունքների միջազգային օր, ինչն անմիջականորեն առնչվում է մրցանակաբաշխության գաղափարներին: 

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *