2021.12.02,

Նյուսրում

Տեղական լրատվամիջոցների մեծ մասը թափանցիկ չէ. հետազոտություն

author_posts/christian-ginosyan
Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող

Հայաստանում գործող օնլայն մեդիայի 37%-ը և տեսալսողական մեդիայի 20%-ը համարվում է թափանցիկ։ Այս տվյլաները ստացել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնն իր «Հայաստանի մեդիայի թափանցիկություն – 2021թ.» հետազոտությունում։ 

«Ռեգիոն» կենտրոնը, նկատելով մեդիա ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ վերջին տարիներին աճող անվստահությունն ու խիստ բացասական վերաբերմունքը, փորձել է պարզել տեղական լրատվամիջոցների վստահության հիմքերը, օրինակ՝ լսարանին ներկայանալու թափանցիկությունը, ելքային տվյալների հասանելիությունը և այլն:

Օնլայն լրատվամիջոցներ

Հայկական 89 օնլայն լրատվամիջոցները հետազոտելիս հաշվի են առնվել թողարկային 7 տվյալների հասանելիությունը․ որքան շատ տվյալ, այնքան ավելի թափանցիկ։ Թողարկային տվյալներն են․

  1. հիմնադրման տարի,
  2. խմբագիր/այլ ղեկավար անձ, 
  3. հիմնադիր մարմին/անձ,
  4. հեռախոս, 
  5. էլեկտրոնային հասցե, 
  6. ֆիզիկական հասցե, 
  7. էթիկայի կանոնագիր

Հետազոտության համաձայն՝ բացարձակ թափանցիկ լրատվամիջոցները երեքն են՝ Aravot.am, Hetq.am, Iravaban.net (100%), իսկ բացարձակ ոչ թափանցիկները, որոնք որևէ թողարկային տվյալ չեն ներկայացնում, 1or.am, Norutyunner.am, Yerevan-times.am կայքերը (0%)։

«Իհարկե, բոլորս էլ գիտենք, թե տվյալ կայքերն ինչու չեն ներկայանում հանրությանը, քանի որ նրանց հիմնական նպատակը ապատեղեկատվություն և մանիպուլյատիվ մեկնաբանություններ տարածելն է։ Այդ գործելավոճով հնարավոր չէ բաց աշխատել ու ելքային տվյալներ ներկայացնել»,- զեկույցի վերաբերյալ «Ռեգիոն»-ի կազմակերպած քննարկման ժամանակ ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Ամենից շատ հանրայնացված թողարկային տվյալն էլեկտրոնային հասցեն է, որը  հրապարակում է լրատվամիջոցների 89%-ը, երկրորդը հեռախոսի համարներն են (83%), երրորդը՝ հիմնադրման տարեթիվը (66%)։

Ամենից փոքր խումբ են կազմում այն խմբագրությունները, որոնք ներկայացնում են իրենց ներկորպորատիվ էթիկայի կանոնագրերը և հանրայնորեն տեղեկացնում նման կանոններ ունենալու մասին։ Սա ընդամենը 5 լրատվամիջոցներից բաղկացած խումբ է (Aravot.am, Hetq.am, Iravaban.net, Lragir.am, B24.am՝ 6%)։

«Մարդիկ հաճախ լրատվամիջոցների հրապարակումների մեկնաբանոություններում գրում են՝ ումն է այս կայքը։ Նմանատիպ դեպքերից հետո ինքս բացել եմ նյութն ու տեսել, որ որևէ տվյալ չկա հոդվածի հեղինակի կամ կայքի սեփականատիրոջ մասին։ Եվ խոսքն այն կայքերի մասին է, որոնք չեն մոռանում կայքի ներքևում պաշտպանել իրենց սեփականության, հեղինակային իրավունքը, չեն ալարում գրել իրենց նյութերի օգտագործման պայմանները, ասենք՝ պատճենել միայն խմբագրության թույլտվությամբ։ Իսկ ո՞վ է խմբագիրը, որտե՞ղ է գտնվում, ինչպե՞ս կապ հաստատել նրա հետ»,- ասում է «Ռեգիոն»-ի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը։

Տեսալսողական լրատվամիջոցներ

Ուսումնասիրված 41 հանրապետական և տեղական/մարզային ծածկույթով հեռուստառադիոընկերություններից միայն 9-ն է թափանցիկ (20%), ավելի մեծ մաս են կազմում մասնակի թափանցիկները (55%)։

Տեսալսողական մեդիայի համար կիրառվել է 8 չափորոշիչ․ օնլայն լրատվամիջոցների 7 չափորոչիշներն ու ևս մեկը՝ ֆինանսական հոսքերի մասին տվյալները։ 

Հետազոտությունը պարզել է, որ տեղական հեռուստառադիոընկերությունների շարքում միակ բացարձակ թափանցիկը Շողակաթ հեռուստաընկերությունն է (100%), իսկ ոչ թափանցիկը՝ ՖրիՆյուզը (0%)։

2020-ին ընդունված տեսալսողական մեդիայի մասին օրենքը չի սահմանում հեռուստառադիոընկերությունների օնլայն տիրույթում գործելու և լսարաններին ներկայանալու կանոնները։ Չնայած դրան, այդ ընկերությունների արտադրանքը լայնորեն սպառվում է նաև ինտերնետում։ 

Քիչ հանրայնացված տվյալների խմբում տեսալսողական ԶԼՄ-ների ղեկավար օղակների մասին տեղեկատվությունն է։ Թե ով է տվյալ մեդիայի գործադիր տնօրենը/գլխավոր խմբագիրը/ղեկավար անձը, իրենց օնլայն հարթակներում չեն տեղեկացնում տեսալսողական ԶԼՄ-ների 77%-ը։ Նրանց 61%-ն էլ օնլայն տիրույթներում չի հայտնում հիմնադիր կառույցների/անձանց անունները։

Անդրադառնալով լրատվամիջոցների ներկայացրած տվյալների հավաստիությանը՝ Աշոտ Մելիքյանը կասկածներ հայտնեց․ «Երբ գրում ես նրանց էլեկտրոնային հասցեներից մեկին, որևէ պատասխան արձագանք չի լինում, ինչը նշանակում է, որ դրանք կա՛մ ձևական են, զուտ ինչ-որ բան տեղադրելու համար, կա՛մ այդ լրատվամիջոցները անհրաժեշտ չեն համարում պատասխանել իրենց լսարանի հարցերին։ Եղել են դեպքեր, երբ առհասարակ չեն պատասխանել քաղաքային հեռախոսահամարին»։

«Օնլայն ԶԼՄ-ները շարունակում են իրենց պաշտոնական հարթակներում հրապարակել ոչ թե պարտադիր հանրայնացման ենթակա բոլոր տվյալները, այլ միայն այն տվյալները, որոնք հարկ են համարում»։

Օնլայն լրատվամիջոնցերի հետազոտությունը «Ռեգիոն» կենտրոնն իրականացնում է երկրորդ անգամ (տեսալսողական մեդիայի դեպքում՝ առաջին)։ Նախորդ տարվա ցուցակում լրատվամիջոցների թիվը 60-ն էր։ Չնայած, որ այս տարվա 89 լրատվամիջոցների համար պաշտոնական կայքերում չափորոշիչ համարվող տվյալների բացակայության դեպքում ստուգել են նաև սոցիալական ցանցերում (մի քանի լրատվամիջոցներ որոշ տվյալներ ներկայացնում են սոցիալական ցանցերում, բայց ոչ կայքում), այնուամենայնիվ, մեդիայի թափանցիկության վերը բերված պատկերը կրկնում է նախորդ տարվա հետազոտության արդյունքների առաջնահերթությունները։

Քրիստիան Գինոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *