2021.12.01,

Նյուսրում

10 գործնական խորհուրդ խմբագրություններին, որոնք ուզում են լինել գենդերային զգայուն և ներառական

Շվեդական Ֆոյո մեդիա ինստիտուտը մշակել է խորհուրդներ, թե ինչպես խմբագրությունների աշխատանքը դարձնել ավելի գենդերային զգայուն ու ներառական։ Դա վերաբերում է թե՛ բուն լրագրողական նյութերին, թե՛ խմբագրություններում տիրող մթնոլորտին։ Այս խորհուրդները նոյեմբերին կայացած թրեյներների ու լրագրողների համատեղ քննարկումների արդյունք են։

1. Պարբերաբար անցկացրեք գաղափարների «գույքագրում»՝ պարզելու համար, թե ինչպիսի կարծրատիպեր են հատուկ խմբագրության աշխատակիցներին։ Որքանո՞վ է խմբագրության մոդելը թույլ տալիս արտացոլել հասարակության կտրվածքը։ Եվ բնակչության ո՞ր խմբերի հեռանկարներն են մոռացված։

2. Վերլուծեք ձեր բանախոսների ու փորձագետների բազան։ Արդյո՞ք յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ ունենք հավասարար քանակի կին ու տղամարդ փորձագետներ։ Բնակչության ո՞ր խմբերն են ներկայացված ձեր բազայում և որոնք ներկայացված չեն։ Ձգտեք հասնել բազմազանության։

3. Հիշեք ինտերսեկցիոնալ՝ խաչվող իմաստների, հեռանկարի մասին։ Յուրաքանչյուր մարդ պատկանում է միաժամանակ մի քանի խմբերի՝ սեռով, տարիքով, էթնիկական, մասնագիտական, կրոնական և այլ հատկանիշներով պայմանավորված։ Օրինակ, բավարար չէ վերլուծել նյութերը միայն սեռական հատկանիշով։ Որքա՞ն մեծ են, ասենք, թոշակի տարիքի կին քաղաքական գործչի շանսերը հայտնվելու ձեր հրապարակումներում։ Իսկ ազգային փոքրամասնություն ներկայացնող երիտասարդ տղամարդու՞։

4. Հրապարակումներում ուշադրություն դարձրեք խոցելի խմբերի մասին մարդկային պատմությունների վրա (օրինակ, «Մեկ օր» ձևաչափով)։ Նույնանման պատմությունները հաջողությունների մասին չպիտի դառնան «նորմ», ուշադրության ու հրապարակման են արժանի տարբեր մարդկանց տարբեր պատմությունները։

5. Մեդիա տարածքում բազմազանությանը նպաստելու մեկ այլ միջոց է գրելն այն մասին, թե ինչպես է աշխատում մարդու գիտակցությունը, ինչպես ենք գնահատում մարդկանց և ինչպես են ներգործում կարծրատիպերն ու տրամաբանական թակարդները։

6. Գտեք կամ ինքնուրույն մշակեք սեփական խմբագրական բնորոշումները, թե ինչ է սեքսիզմը, խարանումը (ստիգմատիզացիան), խտրականությունը։ Դրանց օգնությամբ կկարողանաք գնահատել ձեր հրապարակումներն ու տեղադրվող գովազդը։ Ստեղծեք ստոպ-բառերի ու անթույլատրելի վիզուալ կերպարների ցանկ։ Եվ այդ ինֆորմացիան ներառեք ձեր խմբագրական քաղաքականության մեջ։

7. Ընտրեք աշխատակցի, որը կօգնի իր գործընկերներին  գնահատել նյութերը կամ գովազդը մինչ հրապարակումը։ Այսինքն, կդառնա գենդերային զգայունության ու ներառականության յուրահատուկ «լիազորված անձ»։ Եվ ցանկալի է, որ այդ անձը պարբերաբար մասնակցի այդ թեմայով տարբեր թրեյնինգների ու դասընթացների։

8. Մտածեք, թե ինչպես CRM-ում («ադմինում») կարելի է ինտեգրել նյութերի հեղինակների սեռի հաշվառման գործիքը։ Եթե ռեսուրսները թույլ են տալիս, հաշվառեք նաև նյութերի հերոսների, փորձագետների ու բանախոսների մասին վիճակագրությունը։ Այդպես կկարողանաք արագ ստանալ ձեր հրապարակումների տվյալները գենդերային հավասարության ու բազմազանության մասին։

9. Վերլուծեք, թե որքան հաճախ ենք ձեր լրագրողները դիմում իրենց սեռի փորձագետներին կամ բանախոսներին (կին լրագրողները՝ կանանց, տղամարդ լրագրողները՝ տղամարդկանց)։ Արդյո՞ք լրագրողների ընտրության վրա ազդեցություն ունի փորձագետների սեռը։ Հնարավոր է, արժե աշխատակիցների խթանել՝ փոխելու իրենց մոտեցումը։ 

10. Խմբագրությունում անցկացրեք անանուն հարցում պարզելու համար, թե ինչպիսին է իրավիճակը սեռական ոտնձգությունների հարցում։ Հաստատեք աշխատավայրում ոտնձգություններին հակազդելու քաղաքականություն։ Ստեղծեք հարմար մեխանիզմ սեռական ոտնձգությունների դեպքերի մասին հայտնելու համար։ Որ բոլոր աշխատակիցները իմանան, թե ում և ինչպես կարող են դիմել նման դեպքերում։

Թարգմանությունը՝ Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *