2021.11.23,

Նյուսրում

Ընթերցողը` անկախ մամուլի եկամտի աղբյուր. խորհուրդներ

author_posts/christian-ginosyan
Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող

Մեդիան բովանդակություն ստեղծելուց ու տարածելուց զատ նախևառաջ բիզնես է, որը սեփական գոյությունն ապահովելու համար պետք է ունենա կայուն եկամուտ: Անկախ մամուլը հաճախ է բախվում այս հարցին, հատկապես Հայաստանում, որի շուկան փոքր է, իսկ հանրությունն էլ սովոր չէ վճարել կամ գումար նվիրաբերել իր սպառած բովանդակության համար:

Այսօր այդպիսի եկամտի աղբյուրը շարունակում է մնալ այլընտրանքային ու կողմնակի, մինչդեռ առաջատար երկրներում այն վաղուց ամենահուսալին ու արդիականն է: 

Քրաուդֆանինգային առանձնահատկությունների, տեղական մեդիայում դրա կիրառման ու  դժվարությունների մասին պատմում է The Crowdfunding formula կազմակերպության համահիմանդիր և գործադիր տնօրեն Նարեկ Վարդանյանը

 

Տեղեկագիր (Newsletter)

Տեղեկագրերը մեդիայի համար ամենակայուն ու եկամտաբեր աղբյուրներից մեկն են: Ինչպես Վարդանյանն է ասում՝ չօգտագործելով  փոստային մարքեթինգ, բաց եք թողնում ոչ միայն ֆինանսական, այլև ինֆորմացիայի հասանելիության շատ մեծ հնարավորություն: «Այլապես դուք օգտագործում եք ձեր հետևորդների ընդամենը 5%-ը»:

Տեղեկագրերը հաճախ համեմատում են սոցիալական ցանցերում մեդիայի հասանելիության հետ, սակայն դրանք իրարից շատ են տարբերվում։ Բանն այն է, որ սոցիալական մեդիայում այսպես ասած` ակտիվները (տվյալ դեպքում՝ սպառողները) քոնը չեն, նույնիսկ եթե ունես միլիոնավոր հետևորդներ ու հազարավոր դիտումներ: 

«Սոցիալական ցանցերը գնալով քչացնում են ընթերցողի հասանելիությունը դեպի ձեր բովանդակություն: Առաջ ձեր հրապարակումներն ավելի շատ արձագանք էին ստանում, ինչը գնալով քչանում է նախ օգտատերերի քանակի շատացմանը զուգահեռ, այնուհետև ավելացող  մրցակցության»,- ասում է մասնագետը։

Պետք է նաև հաշվի առնել, որ հաճախ փոխվում են սոցիալական կայքերի ալգորիթմները, իսկ հավատարիմ օգտատերեր հավաքելը դժվար է, ծախսատար ու ժամանակատար: Մինչդեռ բաժանորդագրված հաշիվները ձեր սեփական ակտիվներն են: Այս հանգամանքը կարևորելով, հատկապես ԱՄՆ-ում փոստային մարքեթինգը դարձավ նորությունների տարածման ամենակիրառելի եղանակը: Ընթերցողն ընտրում է լուրերի նախընտրած ալիքը, բաժանորդագրվում իր իսկ ուզած թեմային ու մշտապես ընթերցում: 

«Այս մեթոդի միջոցով կաճի ընթերցողի հավատարմությունը ձեր հանդեպ, կհեշտանա վերլուծություններ անելը, կիմանաք, թե ով ինչ ոլորտով է հետաքրքրված»,- ասում է Նարեկ Վարդանյանը։ Այս գիտելիքներին տիրապետելով արդեն հեշտ կլինի յուրաքանչյուրին անհատականացված նորություններ ուղարկել: Այսօր մեդիա տիրույթը հենց դրան էլ ձգտում է՝ մարդուն տալ այնպիսի բովանակություն, որի կարիքը նա ունի:

Բաժանորդագրություն

Իսկ ինչպե՞ս տեղեկագրերով գումար ստանալ: Ինչ-որ պահի խմբագրությունը կարող է առաջարկել բաժանորդագրության վճարովի տարբերակներ՝ տարեկան, ամսական, շաբաթական: Դրա հետ մեկտեղ կարող է նաև մի նոր ծառայություն առաջարկել, ասենք, հարգելի ընթերցող, եթե այսպիսի ներդրում ունենաս, մենք այս ինչ ոլորտում խորը հետազոտություն կանենք կամ նման այլ բան։ 

«Ճիշտ է, հայաստանցիների մեծ մասը վճարունակ չէ, սակայն ժամանակի ընթացքում հնարավոր է՝ դառնա: Շուկան փոքր է ու սահմանափակ, բայց կարելի է աշխատել հատկապես սփյուռքի ընթերցողների հետ, ովքեր արդեն ծանոթ են բաժանորդագրության մշակույթին»,- ասում է Վարդանյանը:

Ինչ վերբերում է տեղեկագրերի բովանդակությանը․ դրանք կարող են շատ տարբեր լինել, ոչ միայն ծանր ու երկար տեքստեր, այլ անգամ մեկ ինֆոգրաֆիկա կամ տեսանյութ։ Նարեկ Վադանյանն ասում է, որ պետք է հիշել՝ տեղեկագիրը ոչ թե բովադակության աղբյուր է, այլ բովանդակության փոխանցման աղբյուր:

 

Դրամահավաք, քրաուդֆանդինգ (Crowdfunding)

Այս մեթոդը, որը հայաստանյան մարքեթինգի շուկայում համեմատաբար ավելի հին է, կիրառվում է ինչ-որ նախաձեռնության գործունեության սկզբին, հաճախ նաև մինչև գործունեություն ծավալելը, երբ ասում ես՝ տվեք ինձ գումար իմ այս գաղափարն իրականացնելու համար։ Քրաուդֆանդինգը սովորաբար կազմակերպվում է այն փուլում, երբ ուզում ես ցույց տալ, թե ով ես դու, (մեդիայի դեպքում) ովքեր են հոդվածներիդ  հեղինակները ու փորձում սպառողին համակրել անձնական կապի միջոցով:

«Քրաուդֆանդինգը միայն ֆինանսավորման եղանակ չէ: Հիմա այն նույնիսկ ավելի շատ մարքեթինգային հնարք է, քան ֆինանսավորման եղանակ»,- ասում է Վարդանյանը։ 

Բացի աչքի ընկնելուց ու որոշակի դրամական միջոցներ ստանալուց դրամահավաքը ունի ևս մի քանի առավելություններ։ Այդքան վաղ շրջանում վստահող մարդիկ գումար տալով ներգրավվում են ձեր գործընթացներում, կարծիքներ հայտնում, ասում, թե ինչ է իրենց պետք, այդպիսով իսկ դառնալով անհրաժեշտ խորհրդատու: 

Մասնագետը վստահեցնում է, որ այս տարբերակով մեծանում է նաև հավատարմությունը և, սովորաբար, այդ մարդիկ աջակցում են նաև ձեր հաջորդ նախագծերին: 

 

Նվիրատվություն (Donation)

Նվիրատվությունները սովորաբար մեկանգամյա ֆինանսկական աղբյուրներ են դիտարկվում ու կիրառվում: Նման օրինակներ կան նաև տեղական մեդիայում, սակայն Նարեկ Վարդանյանն ընդգծում է դրանց պարբերական լինելու կարևորությունը: «Օրինակ, համակարգը  կարող է ամեն ամիս ինչ-որ չափի գումար տանել նրանց քարտից»: Այդպիսով նվիրատվություն կատարողը ստիպված չի լինի ամեն ամիս հիշել ու գումար փոխանցել: Բնույթով այն բաժանորդագրությունների պես է աշխատում: 

Այստեղ ևս կարելի է առանձնացնել տեղական և սփյուռքի ընթերցողներին: 

Նվիրատվությունների համակարգը սահուն կազմակերպելու համար խմբագրությանը պետք կլինի թվային մարքեթինգի մասնագետ, ով կկարողանա, հասկանալով տվյալ մեդիայի ընթերցողների առանձնահատկությունները, կազմել նվիրատվության արշավ:

Ընթերցողներից ֆինանսական միջոցների ստացման հեշտացված համակարգերը ևս շատ կարևոր են լավ արդյունքներ ունենալու համար: Օրինակ` բանկերից հնարավոր է ստանալ ստացականներ (acquiring), որը մի քիչ ծրագրավորում կպահանջի ադապտացնելու համար: 

Կան նաև դրամահավաքների համար նախատեսված հայտնի հարթակներ, ինչպիսիք են Indiegogo-ն ու Gofundme-ն, որոնք Հայաստանում հասանելի չեն: Նմանօրինակ գործառույթներ է իրականացնում The Crowdfunding formula-ի հեղինակած Rearmenia համահայկական քրաուդֆանդինգային հարթակը: Այդպիսի պորտալները նաև հավելյալ տարածվածություն են ապահովում նախագծերին:

Քրիստիան Գինոսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *