«Կարծում եմ՝ բոլոր փոքրիկ աղջիկներն էլ իրենց կյանքի ինչ-որ հատվածում երազում են գրող դառնալու մասին»,- իր առաջին «44 օր. Օրագիր անտեսանելի պատերազմից» գրքի շնորհանդեսին ասում է լուսանկարիչ և լրագրող Լիկա Զաքարյանը, որը պատկերացում անգամ չուներ, որ մանկական երազանքներից մեկը կիրականանա պատերազմի ֆոնին։
Լիկա Զաքարյանն Արցախից է, 2020-ի հուլիսից աշխատում է այն ժամանակ Ստեփանակերտում նորաբաց Սիվիլինեթում, որտեղ անում էր իր առաջին լրագրողական քայլերը։ Խմբագրությունն ի սկզբանե Արցախը այլ տեսանկյունից ցույց տալու նպատակ է ունեցել, որ այն միայն կոնֆլիկտ ու պատերազմ չէ։
«Արցախը, նախևառաջ, մարդիկ են և Արցախն ապրում է իր գեղեցիկ վայրերով»,- ասում է Զաքարյանը։ Սակայն նպատակն իրագործելը երկու ամիս տևեց, որովհետև «շուտով պատերազմը եկավ ու ասաց` ես այստեղ եմ և ինչքան էլ երազեք, ես կամ»։
Պատերազմը սկսեց, և երկու ամսվա լրագրողական փորձ ունեցող Լիկան անկախ իր կամքից դարձավ ռազմական լրագրող։
«Արցախից լինելով՝ դու չես կարողանում այն զուտ որպես պատերազմ լուսաբանել, այն քո տունն ու կյանքն է, դու ես: Եվ ամեն մի զոհ, պայթյուն, Ստեփանակերտի վրա առաջացած ամեն մի բիծ ասես քո սրտի վրա առաջանա»,- ասում է նա։
Շուտով Լիկայի օպերատոր Լևոնը նույնպես միացավ ռազմական գործողություններին, ու ինքը մնաց մենակ։ Պատերազմին մասնակցում էին նաև ընտանիքի անդամները՝ մայրը որպես բուժքուր, եղբայրը՝ առաջնագծում։ Որպես մենությունից չխելագարվելու և ինչ-որ կերպ արտահայտվելու միջոց Լիկան ընտրեց Ֆեյսբուքում գրառումներ կատարելը, որտեղ նա հանդիպեց իր առաջին գրողական մուսային։
«Սկսեցի գրել, այցելել նկուղներ, հանդիպել մարդկանց, շփվել նրանց հետ… Չեմ կարող բացատրել, թե այդ ժամանակ ինչքան մեծ էր մուսան, ի տարբերություն հիմիկվան: Հիմա անգամ երկու բառ իրար կողք դնել չի ստացվում, որովհետև այնպիսի՜ դատարկություն եմ զգում մեջս, մինչդեռ այն ժամանակ խոսքերս ստեղնաշարին տալով էի միայն հանգստանում»,- պատմում է գրքի հեղինակը։
Ի դեպ, գրում էր նա ռուսերեն, որովհետև, բացի այն, իր համար, գեղարվեստական լեզու լինելուց, օգնեց նաև ավելի մեծ ու գնալով աճող լսարանի հանդիպել։
Մի օր, երբ հերթական անգամ անջատեցին լույսերը, Լիկայի գրառումը մնաց առանց ընթերցողի, բայց գիշերվա երեքին՝ լույսերի տալուն պես նա արթնացավ ու ասաց՝ վայ, անպայման պիտի հրապարակեմ, նոր քնեմ:
«Երբ ֆեյսբուք մտա, տեսա` լիքը նամակներ եմ ստացել անծանոթ մարդկանցից: Շատերն անհանգստանում էին` գուցե բան է պատահել, որովհետև այդ օրերին մարդու կյանքի թելը կտրվելը շատ հեշտ էր: Հենց այդ օրը հասկացա, որ գուցե իմ արածը կարևոր է, ինչն ինձ շատ ոգեշնչեց: Հավատը դեպի կարևոր բան անելը թույլ տվեց չկորցնել գիտակցությունն այդ գժված իրավիճակում»,- պատմում է Լիկան։
«44 օր. Օրագիր անտեսանելի պատերազմից» գիրքը հրատարակել է «Creative Armenia» մշակութային հիմնադրամը։ Գիրքը Ստեփանակերտի բունկերում 2020-ի Արցախյան պատերազմի ժամանակ գրված պատերազմի օրագրային գրառումների, լուսանկարների, սոցիալական մեդիայի գրառումների և հոդվածների բազմաշերտ հավաքածու է, որոնք միասին վերապատմում են այդ 44 օրերի պատմությունն ու զգացմունքները։
Լիկա Զաքարյանի խոսքով՝ որքան էլ դժվար էր այդ ամենը աշխատանքային ոլորտ բերելը, անքան էլ, գուցե, արդյունավետ էր հասնակալու, թե ինչն է կարևոր ու արժեքավոր, ինչ կար, ու ինչ ունենք հիմա:
Քրիստիան Գինոսյան
Լիկա դու հրաշք ես ❤️