2021.10.27,

Նյուսրում

Օրինագիծը կարող է մեդիային ամբողջապես զրկել շահումով խաղերի գովազդից

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

ԱԺ-ն սկսել է շրջանառել նախագիծ, որն արգելելու է շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան, խաղասրահի, տոտալիզատորի, դրանց կազմակերպիչների (բուքմեյքերական ընկերությունների) ցանկացած տեսակի գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով, համացանցով և արտաքին գովազդի միջոցով: 

Բացառություն կլինի այդ ընկերությունների գովազդի ցուցադրումը իրենց պաշտոնական կայքերում, խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորի (խաղասրահ, բուքմեյքերային գրասենյակ) շենքերի, շինությունների, սրահների մեջ կամ վրա, ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան հյուրանոցներում և այլն։ 

Այսինքն, ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի գովազդի հանդեպ կիրառվելու են նույն սահմանափակումները, ինչ, օրինակ, խաղատների գովազդի դեպքում: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեռևս 2019-ից սկսած գովազդի մասին օրենքում պարբերաբար փոփոխություններ է անում՝ դրանք արդարացնելով «խաղամոլության դեմ պայքարով» : 

Նախ սահմանափակվեցին հեռուստատեսությամբ, ռադիոյում և ինտերնետ հարթակում շահումով խաղերի ցուցադրման ժամերը, ինտերնետային և արտաքին գովազդի բաներների համար սահմանվեց ծավալի պահանջ։

Օրինակ, յուրաքանչյուր հեռուստահաղորդակցության ալիքով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի գովազդը թույլատրվում էր 22:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ռադիոյով՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, բացառությամբ՝ մանկապատանեկան հաղորդումներին նախորդող և հաջորդող մեկ ժամվա ընթացքում։ 

Կայքերի համար սահմանվեց, որ ցուցադրվող բաները չի կարող զբաղեցնել էջի 20%-ից ավելին։

Նախկին կարգավորումները գովազդային դաշտում դժգոհություններ առաջ բերեցին, սակայն ժամանակի ընթացքում և՛ լրատվամիջոցները, և՛ գովազդային ծառայություններ մատուցող ընկերությունները կարողացան համակերպվել և լուծումներ գտնել։

Շահումով խաղերի տոտալ սահմանափակման առիթով ոլորտի գրեթե բոլոր խաղացողները բաց նամակով դիմել են կառավարությանը՝ նախագիծը վերանայելու առաջարկով։ 

«Առաջարկվող լուծումները չեն նպաստելու հայտարարված նպատակի իրագործմանը, դրանք չեն համապատասխանում միջազգային լավագույն փորձին, իսկ մյուս կողմից՝ առաջարկվող արգելքները անդառնալի հետևանքներ են ունենալու գովազդային շուկայի վրա և ահռելի վնասներ հասցնելու այս ոլորտում աշխատող բոլոր կազմակերպություններին»:

Ըստ նրանց, խաղային ոլորտը ապահովում է գովազդային բյուջեի հետևյալ համամասնությունը՝ հեռուստաընկերություններ՝ 30-40%, ռադիո 40-50%, համացանց՝ 40-50%, արտաքին գովազդ՝ 40-50%։

«Սկիզբ մեդիա կենտրոնի» տնօրեն Հասմիկ Մարտիրոսյանն ասում է, որ 1in.am-ում շահումով խաղերի գովազդն ապահովում է լրատվամիջոց եկող եկամտի մոտ 30-40%-ը, առանց այդ գումարի իրենք չեն կարող նույն թիմով ու ծավալով աշխատել, ստիպված գնալու են օպտիմալացման։

«Խաղային գովազդի ժամային և ծավալային սահմանափակումն այնքան էլ ծանր հետևանքներ չունեցավ մեզ համար, որովհետև այդ ընկերությունների հետ լավ գործընկերային հարաբերություններ կային, նրանք իրենց բյուջեն չվերանայեցին, թողեցին այնքան, որքան տարեկան կտրվածքով նախատեսել էին։ Այսինքն, խաղային գովազդից եկող գումարը մի փոքր շեղումներով պահպանվեց»,-ասում է նա։

Այս տեսքով դաշտի կարգավորումը, ըստ «Սկիզբ մեդիա կենտրոնի» տնօրենի, լուրջ խնդիրներ է առաջ բերելու ամբողջ դաշտի համար, պարզապես այդ նպատակով  նախատեսված գումարները Հայաստանից դուրս են գալու, օգտվելու են դրսի մեդիա ռեսուրսները.

«Կան ընկերություններ, որոնց հետ ընթացիկ պայմանագրեր ունենք, որոնք դեռ մոտ չեն ժամկետին։ Նման կտրուկ կարգավորումների համար պետք են բազմակողմանի քննարկումներ, որտեղ նաև տեղ կգտնեն ժամկետների հարցերը»։

Հաշվի առնելով օրինագծի շուրջ առաջացած աղմուկը՝ «Քաղաքացիական պայմանագրի» տնտեսական ոլորտով զբաղվող պատգամավորները նախաձեռնել են քննարկում, որին կարող են մասնակցնել տարբեր շահագրգիռ կողմեր։

«Դիջիթալ Կարամել» ինտերնետ գովազդային ընկերության հիմնադիր, տնօրեն Արսեն Սուլթանյանը մասնակցելու է հանդիպմանը, որովհետև այս նախագիծը համարում է անտրամաբանական և ոչ փաստարկված։

«Անձամբ ես դեմ չեմ սահմանափակումներին, նման փորձ կա շատ երկրներում։ Նախկինում թեև չէի կիսում կարգավորման մեթոդաբանությունը, սակայն տեսնում էի տրամաբանություն։ Ժամանակի ընթացքում արդեն հարմարվել էինք խաղի նոր կանոններին»,-ասում է նա։

Սուլթանյանի խոսքով, սպասվող փոփոխությունը մտահոգիչ է, օրինակ, ցանցում տեխնիկապես անհնար է արգելել շահումով խաղերի կամ ցանկացած գովազդի տեսակ․ 

«Պարզ չէ, թե ինչպես են վերահսկելու արտասահմանյան մեդիային, արդյո՞ք Հայաստանից կարողանալու են տուգանել բրիտանական լրատվական կայքին և այլն։ Մյուս կողմից՝ կան գովազդային տարբեր հարթակներ, որոնք հիմնականում խաչվում են, նրանց միջև մրցակցային խնդիրներ են առաջանալու»։

Վիճակախաղերի, ինտերնետ շահումով խաղերի ամբողջ գովազդն արգելելու նախագծի տակ պետք է, նրա խոսքով, լուրջ վիճակագրություն և վերլուծություն լինի, եթե նախկին սահմանափակումները օգնել են խաղամոլության դեմ պայքարում, կարևոր է դա տեսնել թվերով։

«Կարող է այդքան էլ արդյունավետ չի եղել նախկին փորձը և արժե այլ ուղղությամբ շարժվել։ Կարելի է ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել տարբեր սցենարներ, օրինակ, սոցիալական գովազդը կամ առանձին կայքի գաղափարը, որի հղումը կարող է տեղադրվել անմիջապես խաղի գովազդից հետո և ցույց տալ, թե խաղն իրականում ինչ վատ հետևանքներ կարող է ունենալ»,- ասում է նա։

Բացի այդ, ըստ Սուլթանյանի, կա նաև տեխնիկական գիտելիքների խնդիր, օրինակ, պետական պաշտոնյան չի կարող տեխնիկապես պատկերացնել, թե ինտերնետային գովազդն ինչպես է աշխատում ցանցում և այս կամ այն գրված սահմանափակումն արդյոք գործնականորեն հնարավոր է իրականացնել։ Կամ որքան մեծ են մանևրելու հնարավորությունները։

Մեդիա և գովազդային ծառայություններ մատուցող ընկերությունները ահազանգում են, որ, հաշվի առնելով պատերազմի և կորոնավիրուսի համավարակի ծանր տնտեսական հետևանքները, խաղային ոլորտի գովազդային բյուջեից զրկվելը ներկա պահին կարող է հանգեցնել հարյուրավոր աշխատատեղերի կրճատման, իսկ որոշ դեպքերում՝ ընկերությունների գործունեության դադարեցման կամ սնանկացման: 

Հավելում են՝ նման խաղի կանոններին հարմարվելու և նոր ֆինանսական պլանավորման համար անհրաժեշտ է առնվազն 3-5 տարի:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *