2021.10.20,

Նյուսրում

Մեդիան՝ ծառայություն մատուցող․ բիզնես մոդելից բխող ինքնաբավություն

Հայաստանում մեդիադաշտը փոքր և մրցակցային է, և խմբագրությունները ոչ միայն իրար, այլև Google-ի, Facebook-ի և այլ գիգանտների հետ են մրցում: Մյուս կողմից՝ բովանդակության ստեղծումն այլևս ավանդական մեդիայի մենաշնորհը չէ՝ լուրջ մրցակցություն են ստեղծել ինֆլույենսերները։

Որպեսզի մեդիան գոյատևի, եկամուտները պետք է լինեն պարբերական և շարունակական, գործընկերները՝ դիվերսիֆիկացված։ Կարևոր է, որ գովազդային մոդելների կողքին մեդիա մենեջերները մտածեն ծառայությունների մատուցման մասին: Դա հեշտ ճանապարհ չէ, բայց կարող է երկարաժամկետ ներդրում լինել և ապահովել մեդիայի գոյությունն ու անկախությունը:

Ի՞նչ պետք է անել գումար վաստակելու և անկախ լինելու համար, փորձել ենք հասկանալ մարքեթինգի փորձագետ Տանյա Թորոսյանի հետ, ինչպես նաև անդրադարձել ենք բիզնեսում եկամուտների այլընտրանքային ուղիներ ունեցող հայկական մեդիաներից երկուսի փորձին։ 

Նախ՝ ճանաչել լսարանը

«Ցավոք, Հայաստանում վատ ավանդույթ է ձևավորվել․ լրատվամիջոցները կամ ներքին/արտաքին որևէ քաղաքական ուժի են պատկանում, կամ օլիգարխներից են սնվում, ըստ այդմ՝ այդ ամենն արտացոլվում է բովանդակության մեջ։ Հետո դժգոհում են, որ չեն կարողանում մոնետիզացվել»,- Media.am-ին ասում է Տանյա Թորոսյանը։ 

Ըստ նրա՝ մեդիան երբեք չի վաճառում բովանդակություն, մեդիան միշտ վաճառում է իր լսարանի ուշադրությունը։ Ուստի, նախ, պետք է ճանաչել սեփական լսարանը և հետո միայն ընտրել այն պոտենցիալ հաճախորդին, ում կարող է հետաքրքրել դա։ Տանյա Թորոսյանը կարծում է, որ Հայաստանում լսարանը վաճառելու սխալ պատկերացում կա և մեդիան չի կարողանում հստակ ձևակերպել, թե ինչ է առաջարկում պոտենցիալ գովազդատուին։

Տանյա Թորոսյան, մարքեթինգի փորձագետ

«Պետք է հասկանալ, որ ամենալավ կոնտենտը, երբեմն, ամենադժվարն է վաճառվում։ Պոտենցիալ հաճախորդի մոտ գնալիս՝ մեդիան պետք է հասկանա, որ յուրաքանչյուր բիզնես ունի մեկ խնդիր՝ ավելացնել վաճառքը՝ գրավելով իր ներկա կամ պոտենցիալ հաճախորդների ուշադրությունը։ Երբ մեդիան հասկանում է սա, արդեն գիտի, որ պոտենցիալ հաճախորդի մոտ գնալիս պետք է պատկերացում ունենա սեփական լսարանի մասին և գովազդատուին առաջարկը ներկայացնելիս՝ կոնկրետ նկարագրի այն լսարանը, որի ուշադրության համար գովազդատուին առաջարկում է վճարել»,- ասում է մարքեթինգի փորձագետը։ 

Մտածել և գործել «արկղից դուրս»

Հայաստանում լրատվամիջոցների կողմից ծառայությունների մատուցման վերաբերյալ խոսակցությունները նոր չեն, բայց մեծ չէ այն խմբագրությունների թիվը, որ գնում են այդ ճանապարհով։ 2021թ․ օգոստոսին կայացած «Հատման կետեր․ մեդիա-մարքեթինգ» առցանց ֆորումի ժամանակ Տանյա Թորոսյանն ասել էր, որ Հայաստանում գրեթե բացակայում է մեդիայի կողմից ծառայությունների մատուցումը։

«Օրինակ՝ Հետքի պարագայում հսկայական տվյալներ են հավաքում այս կամ այն ոլորտի վերաբերյալ, շուկայում կա լուրջ, գրագետ վերլուծությունների պահանջարկ, և այստեղ կարող է լինել նման ծառայության վաճառք»,- ասել էր Տանյա Թորոսյանը:

Հետք Մեդիա Գործարանի համահիմնադիր և ծրագրի ղեկավար Անի Հովհաննիսյանն էլ արձագանքել էր, որ այդ մասին Հետքը մտածել է, չունեն տնտեսագետներ, մակրովերլուծաբաններ, բայց ունեն մարդկային և մեդիա ռեսուրս, ինչպես նաև տվյալների շտեմարաններ հավաքելու և թվայնացնելու փորձ:

Անի Հովհաննիսյան, Հետք Մեդիա Գործարանի համահիմնադիր և ծրագրի ղեկավար

«Հետք Մեդիա Գործարանի վերջին տարվա ընթացքում հենց միայն մեր ուսանողների հավաքած տվյալները շատ են և կարող են խորքային վերլուծությունների աղբյուր հանդիսանալ: Մտածել ենք այդ տվյալների վերլուծությունը վաճառելու ուղղությամբ, բայց դեռևս գործնական քայլեր չենք նախատեսել: Տվյալների հետ աշխատանքը և հետազոտական աշխատանքը մի քիչ այլ մեթոդաբանություն են ենթադրում, և հաճախ ժուռնալիստական մեթոդաբանությունը տարբերվում է գիտականից: Կարելի է մի փոքր թիմ ունենալ, որը հենց այդպիսի ծառայություններ կարող է մատուցել, որոնք հիմնված կլինեն ստուգված տվյալների և խորքային վերլուծության վրա»,- ասել էր Անի Հովհաննիսյանը: 

Տանյա Թորոսյանն ասել էր, որ մեդիաներից յուրաքանչյուրը կարող է ֆինանսական աղբյուրներ ստեղծել իր համար նախընտրելի ձևաչափով՝ անելով այն, ինչին լավ է տիրապետում։ 

Առաջին ծիծեռնակներ

Մեդիամաքս մեդիա ընկերությունը ֆինանսական աղբյուրների դիվերսիֆիկացումը սկսել է դեռևս 10 տարի առաջ՝ հիմնելով մոնիտորինգային ծառայություն։ Maxmonitor.am հարթակի ստեղծման հենց սկզբից ընկերությունը չոր հաշվարկ էր արել, Media.am-ին ասում է կազմակերպության տնօրեն Արա Թադևոսյանը։

«Փորձը ցույց տվեց, որ այս ծառայության ներդնումն արդյունավետ է։ Մեդիամաքսի ֆինանսական եկամուտներում մոնիտորինգի մասնաբաժինը ժամանակի ընթացքում տատանվում է 30-50%-ի սահմաններում, ինչը շատ արժեքավոր է: Եթե 10 տարի առաջ մոնիտորինգի ծառայությունը չներդնեինք և զբաղվեինք միայն զուտ լսարանի մոնետիզացմամբ, հնարավոր է այսօր ուղղակի գոյություն չունենայինք»,- պատմում է նա։

Արա Թադևոսյան, Մեդիամաքս մեդիա ընկերության տնօրեն

Արա Թադևոսյանը, խոսելով դժվարությունների մասին, ասում է, որ ցավոք, չեն կարողանում թե՛ մարդկային, թե՛ տեխնոլոգիական առումով բավականաչափ ռեսուրսներ մոնիտորինգային ծառայությանը հատկացնել, բայց դա ևս ժամանակի ընթացքում կշտկվի: 

«Երբ մեր կիսաավտոմատացված համակարգը գործարկեցինք, առաջինն էինք շուկայում, հիմա կան այլ խաղացողներ, և նրանք, ի տարբերություն մեզ, ավելի շատ տեխնոլոգիական ընկերություններ են, ուստի կարողանում են ավելի շատ ռեսուրս ներգրավել պրոդուկտի բարելավման մեջ։ Բնականաբար, մենք ևս փորձում ենք հետ չմնալ, ունենք որոշակի մտքեր և համագործակցության գաղափարներ: Մեր ուժեղ կողմը եղել և մնում է այն, որ լինելով մեդիաընկերություն՝ կարողանում ենք ոչ միայն մոնիտորինգային ծառայություն տրամադրել համակարգի միջոցով, այլև հավելյալ արժեք ունեցող մոնիտորինգային պրոդուկտներ ստեղծել՝ տարբեր վերլուծական հաշվետվություններ: Կարծում եմ, որ ապագան հենց այդպիսի պորդուկտներինն է, քանի որ տեխնոլոգիական զարգացումը շուտով հավասարեցնելու է բոլորի հնարավորությունները և զուտ մոնիտորինգային ծառայությունը, մեծ հաշվով, շատ չի տարբերվելու։ Կշահեն այն ընկերությունները, որոնք հաճախորդներին կկարողանան որևէ հավելյալ արժեք ներկայացնել: Հուսով ենք, որ մենք այդ դաշտում մեր դիրքը կպահպանենք և կզարգացնենք»,- ասում է Արա Թադևոսյանը:

Զառա Պողոսյան, Սիվիլնեթ Ստուդիայի հաղորդակցության մենեջեր

Մեկ այլ մեդիա ընկերություն, որ եկամուտները փորձում է դիվերսիֆիկացնել նաև ծառայությունների մատուցման ճանապարհով, Սիվիլիթաս հիմնադրամն է։ 2021թ.-ին հիմնադրամի ֆինանսական մուտքերի մոտ 5-րդ մասը եկել է Սիվիլնեթ Ստուդիայի մատուցած  ծառայություններից: Սիվիլնեթ Ստուդիան առցանց հեռուստատեսությանը կից վիդեո և ֆոտո արտադրության, ուղիղ հեռարձակման, մուլտիմեդիա բովանդակության պատրաստման ստուդիա է։  

«Այն ժամանակ, երբ ՍիվիլՆեթը զուտ լրատվական գործունեությամբ էր զբաղվում, Հայաստանում գործող միջազգային և տեղական կազմակերպություններից հաճախ էին լինում առաջարկներ նկարահանելու այս կամ այն միջոցառումը, հարցազրույցը կամ էլ իրականացնելու ուղիղ հեռարձակում, ինչը ՍիվիլՆեթի առաքելությունից դուրս էր՝ որոշ բացառություններով։ Սիվիլիթաս հիմնադրամը՝ ՍիվիլՆեթի մայր կազմակերպությունը, որոշեց առանձին ստորաբաժանում ստեղծել, որը կզբաղվի նման գործունեությամբ և կնպաստի կազմակերպության ֆինանսական ինքնաբավությանը՝ ապահովելով լրացուցիչ մուտքեր տեղական շուկայից՝ ի լրումն դրսի դրամաշնորհների ու նվիրատվությունների։ «Ջոն և Հասմիկ Մկրտչեան» հիմնադրամի տրամադրած միջոցներով երկու տարի առաջ հնարավոր դարձավ տեխնիկական միջոցներ ձեռք բերել և աշխատանքային պայմաններ ստեղծել Սիվիլնեթ Ստուդիայի համար»,- Media.am-ին ասում է Սիվիլնեթ Ստուդիայի հաղորդակցության մենեջեր Զառա Պողոսյանը։

Նա պատմում է, որ նախքան COVID-19 համավարակը Սիվիլնեթ Ստուդիան ուներ պատվերների աճող հոսք, բայց համավարակի պատճառով բազմաթիվ պատվերներ չեղարկվել են, այդ հոսքի վրա ազդել է նաև 2020-ի պատերազմը։ 

«Ներկայում պատվերները կրկին ակտիվանում են։ Ստուդիայի գործունեությունը մեծապես կախված է արտաքին միջավայրից։ Մենք լավատես ենք։ Երկարաժամկետ նպատակը Ստուդիայի կարողությունները և պատվիրատուների ցանցն ընդլայնելն է՝ կազմակերպության ֆինանսական մուտքերի գոնե կեսը ապահովելու համար։ Դրամաշնորհներով գործող լրատվամիջոցները մեծամասամբ աշխատում են ծրագրային պարտավորություններով, այսինքն՝ նյութեր են պատրաստում կոնկրետ ծրագրերի շրջանակում։ Անկախ ֆինանսական մուտքերի հնարավորությունը ՍիվիլՆեթին լրացուցիչ ազատություն է տալիս թեմաների ընտրության և լուսաբանման հարցում»,- ասում է Զառա Պողոսյանը։ 

Փոքր շուկայում գոյատևելու ձևեր

Այսօրվա աշխարհում փոքր ու մեծ շուկաների ֆիզիկական սահմաններն արդեն այդքան լուրջ խնդիր չեն մեդիայի համար։ Մարքեթինգի փորձագետ Տանյա Թորոսյանը համոզված է՝ եթե կա բացառիկ պրոդուկտ, այն կարելի է վաճառել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։ 

«Ծառայությունները ներդնելուց և որոշակի ժամանակ աշխատելուց հետո պետք է հասկանալ՝ արդյոք, շուկան լիովին գրավվա՞ծ է, և այլևս չկա՞ն հաճախորդներ, որոնց կարելի է վաճառել ծառայությունները։ Այնուհետև պետք է փորձել հասկանալ՝ արդյոք ճի՞շտ եք վաճառում այդ ապրանքը։ Կարելի է գտնել մի բան, որ վաճառվի նաև Հայաստանից դուրս։ Դժվարությունն այն է, որ հայաստանյան խմբագրությունները հիմնականում աշխատում են տեղական ընկերությունների հետ, երբեմն պատկերացում չունեն, թե որոնք են գովազդի վրա ամենաշատ բյուջե ծախսող ընկերությունները։ Երբ շուկան ուսումնասիրեն, հասկանան, թե ով ինչ բյուջեներ է տրամադրում գովազդին, ինչ սեզոնայնությամբ, ինչ տեսակի ծառայություն կարող է առաջանալ, կկարողանան նաև ներդնել այդ ծառայությունները և վաճառել»,- ասում է Տանյա Թորոսյանը։ 

Մարի Թարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *