Մրցակցության պետական հանձնաժողովն (ՄՊՀ) ավարտել է Հայաստանում գովազդային ծառայությունների ոլորտի ուսումնասիրությունը։
Հանձնաժողովի այս աշխատանքի հիմնական խնդիրն էր պարզել գովազդային դաշտում մրցակցային հարաբերությունները, շուկայի կառուցվածքը, գործող տնտեսվարողների քանակը, մուտքի խոչընդոտները և այլ հարցեր։
ՄՊՀ-ն դիտարկել է 2018 և 2019թթ-ի գովազդային շարժերը հեռուստատեսությունում, ռադիոյում և ինտերնետում։ Ինտերնետի գովազդի համար դիտարկվել են www.similarweb.com և www.alexa.com հասանելի հարթակներում առավել բարձր վարկանիշ ունեցող 33 կայքեր։
Հանձնաժողովն ուսումնասիրության ամբողջական տարբերակը չի հանրայնացնում, քանի որ այն պարունակում է առևտրային գաղտնիք։ Այս ուսումնասիրությունը բացառություն չէ, նախկինում էլ եղել են դեպքեր, երբ ՄՊՀ-ի կատարված աշխատանքը չի հրապարակվել, իսկ հրապարակված փաստաթղթերում էլ առևտրային գաղտնիք հանդիսացող տողերը որպես կանոն փակվել են։
Հայաստանի գովազդի շուկայի մասին ուսումնասիրության հիմնական եզրահանգումները հասանելի են ՄՊՀ-ի 2020թ-ի տարեվերջյան ամփոփագրում։
Media.am-ի հարցերին հանձնաժողովից պատասխանեցին, որ մրցակցային խախտումներ հայտնաբերել են բոլոր մեդիա ուղղություններում, իսկ ամենաշատը՝ հեռուստատեսային շուկայում։
«Դաշտում կան գերիշխող դիրք զբաղեցնող հեռուստաընկերություններ և պայմանագրային ուժով սեյլս հաուս համարվող ընկերություններ, որոնց կողմից իրականացվող գնային քաղաքականությունը ռիսկային է»։
Ինտերնետային հարթակներում և ռադիոյում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններ չկան, հիմնական խնդիրը գնային առաջարկների թափանցիկությունն ու օրենսդրական բացթողումներն են։
Հեռուստագովազդի շուկան
Ուսումնասիրվել են առավել մեծ լսարան ունեցող և մեծ ծավալի գովազդային ծառայություններ մատուցող հեռուստաընկերությունները։ Ուսումնասիրված տարիներին ոլորտում արձանագրվել է բարձր կենտրոնացվածություն․ հեռուստագովազդի 74%-ը բաժին է ընկել Արմենիա, Շանթ և ԱՐ հեռուստաընկերություններին։
Պարզվել է, որ հեռուստաընկերությունները հիմնականում չունեն գովազդի տեսակների գների և զեղչային քաղաքականության համար սահմանված չափանիշներ:
Ըստ ուսումնասիրության հեռուստաընկերությունները կարող են տնտեսվարողների հանդեպ խտրական մոտեցումներ ցուցաբերել՝ նրանց ուղղորդելով անմիջապես գովազդի գործակալություններ կամ սեյլս հաուսներ՝ խախտելով մրցակցային օրենսդրությամբ սահմանված դրույթները։
Հանձնաժողովը գտնում է, որ անհրաժեշտ է ապահովել սեյլս հաուսների կողմից իրացվող գովազդի գնի ձևավորման և զեղչային քաղաքականության հստակ հրապարակային չափանիշներ։
«Միաժամանակ սեյլս հաուսների համար արհեստական խոչընդոտներ չստեղծելու նպատակով հեռուստաընկերությունները չպետք է բացառիկության պայմանով պայմանագրեր կնքեն նրանց հետ»։
Ինտերնետային գովազդը
Ի տարբերություն հեռուստագովազդի, ինտերնետային հարթակներում կենտրոնացվածության մակարդակը ցածր է եղել։ Ուսումնասիրված 33 կայքերից ամենաշատ գովազդը տեղադրել են News.am, Tert.am և 1in.am լրատվական կայքերը՝՝ մոտ 38%։
Այս դաշտում ևս, ըստ հանձնաժողովի, չկա գնային հստակ քաղաքականություն, գովազդային գործակալությունների միջոցով աշխատելու համար սահմանված չափանիշներ, ինչի արդյունքում կարող են հակամրցակցային խնդիրներ առաջ գալ։
Առկա չեն նաև ինտերնետ գովազդի հստակ կարգավորումներ այդ թվում՝ էլեկտրոնային կայքերի միջոցով տարածվող գովազդի։ Կարգավորումներ չկան նաև Catfish, Native Impage, Native top, Fullscreen, PreRoll video և այլն տեսակների գովազդային ձևերի վերաբերյալ։
Ըստ ուսումնասիրության ոլորտում անհավասար մրցակցություն կարող է առաջանալ նաև այն պատճառով, որ համացանցի միջոցով գովազդի տարածում իրականացնող տնտեսավարող սուբյեկտները չեն հաշվառում և օրենքով չեն վերահսկվում։ Չկա պատասխանատու լիազոր մարմին, որը պարտավոր կլինի հետևել համացանցային գովազդին։
Ռադիոգովազդը
Ռադիոգովազդի շուկայում ևս կենտրոնացվածություն չկա, դիտարկված 16 ընկերություններից 3-ը՝ Ավտոռադիոն, Ռադիո Վանը և Ռադիո Ալֆան շուկայում ունեն մոտավոր 47% մասնաբաժին։
Գովազդաին դաշտում առկա շատ խնդիրներ, ըստ հանձնաժողովի, կապված են օրենսդրական բացթողումների հետ։ Օրինակ չեն կարգավորվում գովազդի որոշ տեսակներ, ինչպիսիք են վճարահաշվարկային կազմակերպությունները վճարահաշվարկային տերմինալների, առևտրային ցանցերի և հանրային սննդի օբյեկտների, տոպրակների, անձեռոցիկների և այլ պարագաների միջոցով իրականացվող գովազդները։
Կարգավորված չէ նաև հեռուստա և ռադիոգովազդի (օրինակ՝ ուղիղ տեսակի գովազդ, PR, Product Placement և այլն) բազմաթիվ տեսակներ։
Ուսումնասիրությունն ամբողջապես իրականացրել են հանձնաժողովի աշխատակիցները։ Սա գովազդային շուկան համապարփակ ուսումնասիրելու առաջին փորձն է։
Այն սկզբնական շրջանում հատկապես առցանց լրատվամիջոցների կողմից միանշանակ չէր ընդունվում: Մտահոգություններ կային, որ կառույցը չի երաշխավորում հատկապես կոմերցիոն պայմանագրերի գաղտնիությունը։ 2020թ-ին հանդիպում-քննարկում եղավ, որից հետո միայն լրատվամիջոցները տրամադրեցին ուսումնասիրության համար անհրաժեշտ փաստաթղթերը։
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: