2021.09.07,

Նյուսրում

Պատվաստանյութերի թեմայով լրատվական նյութերին լիովին վստահում է հայաստանցիների 13-%-ը, եկեղեցուն՝ 19-%-ը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Միջազգային Հանրապետական Ինստիտուտը (IRI, International Republican Institute) հրապարակել է հերթական հետազոտությունը՝ պարզելու համար հայաստանցիների վերաբերմունքը կորոնավիրուսին ու նրանց հետընտրական սպասելիքները: 

Հարցման տվյալները հավաքագրվել են Հայաստանի տարածքում 2021-ի հուլիսի 21-ից հուլիսի 30-ը, հեռախոսային հարցազրույցներով, պատահական զանգերով (random digit dialing, RDD): Հարցմանը մասնակցել է 1,504 ՀՀ չափահաս քաղաքացի։ 

Ձեր կարծիքով Հայաստանն ընդհանուր առմամբ շարժվում է ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ։ Այս հարցը սովորաբար տրվում է միշտ և թույլ տալիս հասկանալ գնահատականների դինամիկան: 45%-ը ասել է, որ ուղղությունը սխալ է, իսկ 31%-ը՝ ճիշտ: Հայաստանցիները նույն կարծիքի էին նաև կես տարի առաջ: 

Հետաքրքիր է, որ Երևանի բնակիչներն ավելի են հակված ուղղությունը համարելու սխալ, քան մարզերի բնակիչները:

Հարցումները ցույց են տալիս, որ ավելացել է անապահովության զգացումը, անհանգստությունը, վախը ապագայի համար: Պակասել է հավատը ցանկացած բարելավման նկատմամբ:

Խորհրդարանական ընտրությունների ընթացակարգը ու ընտրելու իրավունքները գնահատվել են որպես նորմալ:

Ի՞նչ միջոցներով են նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուները կամ քարոզչական կազմակերպությունները կապվել Ձեզ հետ: Այս հարցին մեծամասնությունը (45%) ասել է՝ ոչ մի կերպ,  30%-ը ինֆորմացիա է ստացել թռուցիկներից, 22%-ը՝ համայնքային հանդիպումնեից, 21%-ը՝ սոցիալական մեդիայից:

IRI-ի հարցման մեծ հատվածը COVID-19-ի մասին է: Նաև վստահության:

Կորոնավիրուսի դեմ պատվաստվելու՞ եք։ Այս հարցի պատասխաններում գերակշռում են «վստահաբար՝ ոչ» (30%), «հավանաբար այո» (27%) և «հավանաբար ոչ» (19%) պատասխանները: «Վստահաբար այո» պատասխանել է 13%-ը, այսինքն, երկու անգամ ավելի քիչ մարդ, քան հրաժարվում է պատվաստվել:

Եվ ընդամենը 8%-ն է ասել, որ արդեն պատվաստվել է:

Չպատվաստվելու հիմնական պատճառներից են անհանգստությունը կողմնակի ազդեցություններից (35%), զգացումը, որ դա պետք չէ (16%) , ցանկությունը իմանալու ավելին պատվաստանյութերի արդյունավետության մասին  (15%) և վստահությունը, որ դրանք վարակից չեն պաշտպանում (10%):

Հետաքրքիր է, որ հարցվածները, որոնք հակված են չպատվաստվելու, շատ քիչ դեպքերում են պատրաստ փոխել իրենց որոշումը ու, ի վերջո, պատվաստվել: Սպորտային միջոցառումներին մասնակցելը, ռեստորաններ այցելելը կամ առողջապահական կառույցների հավելյալ ինֆորմացիան, անգամ արտասահման մեկնելու պարտադրանքը այնքան ազդեցիկ չեն, որքան փողը: Հայաստանցիների 80%-ն ասել է, որ կպատվաստվի, եթե դրամական փոխհատուցում ստանա կառավարությունից:

Կորոնավիրուսի մասին ինֆորմացիայի առավել հուսալի լրատվական աղբյուրներների ցանկում հիմնականում հեռուստաընկերություններն են՝ Հանրայինը (23%), Շանթը (11%), Արմենիան (9%), Ազատությունը (5%): Հարցվածների 2%-ը որպես լրատվամիջոց նշել է նաև Ֆեյսբուքը:

Լրատվական դաշտում և սոցիալական ցանցերում կորոնավիրուսի մասին ապակողմնորոշող կամ կեղծ ինֆորմացիայի ամեն օր հանդիպում է հարցվածների 25%-ը, շաբաթական մի քանի անգամ՝ 14%-ը: 21%-ն ասել է, որ երբեք չի հանդիպել:

Վարակի ու պատվաստանյութերի թեմայով ամենավստահելի աղբյուրներն են անձնական բժիշկը (40%), ընտանիքն ու ընկերները (37%): Ուշագրավ է, որ 19%-ը լիովին վստահում է նաև եկեղեցուն, և ավելի պակաս (13-%)՝ հայկական (ազգային) լրատվամիջոցներին:

Ընդ որում՝ երևանբնակ հարցվածներն ավելի քիչ են վստահում տեղական լրատվամիջոցներին, քան մարզերի բնակիչները: Վստահողների ցանկում ավելի շատ են մեծահասակները՝ 56 տարեկանից բարձր: Ինչպես նաև՝ բարձրագույն կրթություն չունեցողները:

Պետական պաշտոնյաների համավարակի ու պատվաստանյութերի ասածներին մեծամասնությունը չի վստահում: 32%-ն ասել է, որ ընդհանրապես չի վստահում:

Հարցումները ցույց են տալիս, որ բավականին լուրջ վերանայում է տեղի ունեցել սոցիալական մեդիայի դերի գիտակցման մեջ: Կորոնավիրուսի ու պատվաստումների մասին ինֆորմացիային ավելի շատ չեն վստահում, քան համարում են արժանահավատ: 

Ընդհանրապես չի վստահում 39%-ը, և լիովին վստահում է ընդամենը 4%-ը:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *