2021.07.16,

Նյուսրում

Դրական միտումներ քարոզարշավի լուսաբանման մշակույթում․ մոնիտորինգ

Լրատվամիջոցները նախընտրական քարոզչությունը լուսաբանում էին ակտիվորեն և հնարավորինս հավասարակշռված, այսպիսի եզրակացության է եկել Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) մշտադիտարկման թիմը։ 

ԵՄԱ-ն մայիսի 31-հուլիսի 4-ը երեք փուլով ուսումնասիրել է  հայկական համազգային բոլոր 6 հեռուստաալիքների (Հայաստանի հանրային հեռուստաընկերության Առաջին ալիք, Ա-ԹԻՎԻ, «Արմենիա», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», «Շանթ») և Հայաստանի հանրային ռադիոյի աշխատանքը։

Այս ալիքներում հետազոտվել են  երեկոյան պրայմ-թայմին (18.00-00.00) հեռարձակվող լրատվական ծրագրի հիմնական թողարկումը, լրատվական-վերլուծական հաղորդումները և հասարակական-քաղաքական/բանավիճային հաղորդումները:

Ամփոփելով մշտադիտարկաման արդյունքները՝ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը նշում է, որ այս արտահերթ ընտրությունների քարոզարշավի լուսաբանման ընթացքում նկատվել են մի շարք դրական միտումներ։

Մանսավորապես հետազոտված լրատվամիջոցները՝ լուսաբանելով նախընտրական միջոցառումները և հեռարձակելով քաղաքական գործիչների արտահայտությունները, ձգտել են փոխանցել հիմնական միտքը, իսկ կոպիտ վիրավորանքները, հայհոյանքը, ատելության խոսքը եթեր չեն հասել։

Թեև ընտրությունների տեղական դիտորդները զանազան նախընտրական միջոցառումների կազմակերպման ժամանակ վարչական ռեսուրսի օգտագործման բազմաթիվ վկայություններ են մատնաշնել, սակայն լրատվամիջոցների  նյութերի բովանդակությունը հիմքեր չի տվել փաստելու, որ մեդիաոլորտի վրա ազդեցություն գործելու համար վարչական ռեսուրս է օգտագործվել։

ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը դրական է համարում նաև նախընտրական բանավեճերի մշակույթի ձևավորումն ու կայացումը։ Դրանք հիմնականում, անցնում էին էականորեն ավելի կառուցողական մթնոլորտում և քաղաքական մշակույթի որոշակի սկզբունքներին հետևելու շատ ավելի մեծ պատրաստակամությամբ, քան նախընտրական քարոզչության շրջանակներում կազմակերպվող հանրային այլ միջոցառումները։ 

Նախընտրական պայքարի մասնակիցները, մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բավական հաճախ էին երեխաներին օգտագործում նախընտրական քարոզչության նպատակներով, սակայն հետազոտված հեռարձակողների հաղորդումներում այդ դրվագները գրեթե բացակայել են։ 

Մշտադիտարկումն արձանագրել է նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասին լրատվամիջոցները աննախադեպ քանակի  բացասական հիշատակումներ են արել, այդ քանակի բացասական լուսաբանում այլ քաղաքական ուժ երբևէ նախկինում չի ստացել։ 

Չեզոք լուսաբանման հիմնականում չեն արժանացել նաև «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, և Հայ Ազգային Կոնգրեսը, ինչը փորձագետներին հիմք է տալիս արձանագրելու, որ նախընտրական պայքարը հիմնականում անցյալի և ներկայի միջև էր։

Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, որը հետազոտված բոլոր լրատվամիջոցներից ամենաակտիվն է լուսաբանել 2021 թվականի ընտրությունները, այսպիսով գործել է համեմատաբար նոր կարգավիճակում: 2012թ. խորհրդարանական և 2013թ. նախագահական ընտրություններում Հանրայինը աննախադեպ պասիվություն էր ցուցաբերել։

Նախընտրական քարոզարշավի լուսաբանման ակտիվությամբ, ինչպես նախորդ ընտրությունների ընթացքում, աչքի է ընկել նաև «Երկիր Մեդիան»։ 

«Կենտրոն» հեռուստաընկերությունը նախորդ տարիներին լուսաբանման ինտենսիվությամբ մրցակցում էր «Երկիր Մեդիայի» հետ, սակայն այս անգամ անհամեմատ փոքր ուշադրություն է ցուցաբերել քարոզարշավին։ 

Ընտրությունների  թեմային անդրադարձների հաճախությամբ չորրորդը Հայաստանի Հանրային ռադիոն է եղել, որին հաջորդել են համապատասխանաբար «Շանթ», «Արմենիա» և Ա-ԹԻՎԻ հեռուստաալիքները: Այս չորս հեռարձակողները հետընտրական իրավիճակը լուսաբանել են հիմնականում լրատվական թողարկումների միջոցով:

Բորիս Նավասարդյանն ասում է, որ բոլոր յոթ մեդիաներից ընտրությունների ամենահավասարկշիռ լուսաբանումն իրականացրել է «Շանթ» հեռուստաընկերությունը։ 

Մանե Գրիգորյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *