2021.06.04,

Նյուսրում

Անկլավների ռեպորտաժը․ ՄԻՊ-ը քննադատում է, Հանրայինը՝ պատասխանում

Մայիսի 30-ին Հանրային հեռուստատեսության «Կիրակնօրյա լուրերը» իր ռեպորատաժներից մեկում անդրադարձավ հայկական և ադրբեջանական անկլավներին։ Ռեպորտաժը Յություբում վերնագրված է «Հայկական և ադրբեջանական անկլավների հարցի իրավական և քաղաքական բաղադրիչը»։ 

Լրագրողն այցելել էր նաև Տիգրանաշեն գյուղ և պատմում էր, որ Խորհրդային միության տարիներին այն եղել է Ադրբեջանի կազմում և այնտեղ ադրբեջանցիներ են ապրել։

Ռեպորտաժի շեշտադրումները  ֆեյսբուքյան գրառման միջոցով խիստ դատապարտելի որակեց Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը ու քննադատեց Հանրային հեռուստաընկերությանը։ 

Թաթոյանը կարծում է, որ լրագրողի ձևակերպումներն ուղղակիորեն հակասում են առանց այն էլ  բարդ իրավիճակում Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքներին ու նպաստում են սահմանային անվտանգության խաթարմանը, քանի որ դրանում առկա են բացահայտ ոչ մասնագիտական, մեխանիկական մոտեցումներ ու ակնհայտ սխալ ձևակերպումներ: 

 «Հանրային հեռուստաընկերությունը, լինելով ՀՀ կառավարության կողմից հիմնադրված, պարտավոր է հաշվի առնել, որ իր պատրաստած նյութերն ընկալվում են՝ որպես պետական մոտեցում, ինչն էլ նշանակում է, որ այդ նյութերը կարող են օգտագործվել նաև ՀՀ քաղաքացիների իրավունքների դեմ տարբեր, այդ թվում՝ միջազգային ատյաններում:

Հանրային հեռուստաընկերության կողմից հեռարձակվող նմանատիպ ձևակերպումներով նյութերը ՄԻՊ-ը դիտարկում է նաև այն ձևակերպումների ներքո, որ վերջին շրջանում օգտագործում են ՀՀ որոշ պաշտոնյաներ` դրանով հակասելով սահմանային բնակիչների իրավունքներին ու նրանց անվտանգությանը:

Ուստի, Հանրային հեռուստաընկերությունից պահանջում ենք ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներին վերաբերող նյութեր պատրաստելիս ղեկավարվել բացառապես մասնագիտական մոտեցումներով»,- ասված է ՄԻՊ հայտարարության մեջ:

Արման Թաթոյանի գրառմանը հունիսի 2-ին հաջորդեց Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների հայտարարությունը, որով  նրանք իրենց զարմանքը հայտնեցին և իրենց հերթին քննադատեցին ՄԻՊ-ի գործունեությունը, նշելով, որ նա գերազանցում իր լիազորությունները և լրագրողական աշխատանքը գնահատելու իր իրավասությունն ու  բացահայտ միջամտում է լրատվամիջոցի գործունեությանը։ 

«Հորդորում ենք Հանրային հեռուստաընկերությանը՝ դիմել երրորդ կողմին՝ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին, իր պատրաստած ռեպորտաժի մասին անկողմնակալ մասնագիտական կարծիք ստանալու և հանրությանը ներկայացնելու համար»,-ասվում  է հայտարարության մեջ։

Այսքանով «Լուրեր»-ի՝ անկլավների վերաբերյալ հեռարձակված ռեպորտաժի շուրջ հեռակա քննարկումը չդադարեց: ՄԻՊ-ը երկրորդ անգամ հայտարարություն տարածեց։

«Հանրային հեռարձակողի խորհրդի՝ որպես պետական հաստատության խիստ մտահոգիչ հայտարարությունը միանգամայն փոխում է կանխավարկածն այն ուղղությամբ, որ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման վտանգավոր շեշտադրումներով նշված ռեպորտաժն իրականում հատուկ ծրագրային քաղաքականություն է կամ դրա մասը»,- ասվում է հայտարարությունում։

Արման Թաթոյանը նշում է, որ որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  բազմաթիվ ադրբեջանական լրատվամիջոցների հեռուստատեսային ու տպագիր նյութեր հանրային քննարկման առարկա էին դարձրել այդ ռեպորտաժը՝ արձանագրելով, որ Հայաստանում պետական մակարդակով ընդունում են, որ նշված գյուղերը պատկանում են Ադրբեջանին և ի ապացույց ներկայացնում է  բազմաթիվ հղումներ, ինչպես նաև Հանրային հեռարձակողի խորհրդին «Լուրեր»-ի ռեպորտաժի մասին  մի շարք հարցեր ուղղում։ 

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասում է, որ դիտել է «Լուրեր»-ի արդեն հայտնի դարձած նյութը և ուսումնասիրել դրան հետևած հայտարարությունների բովանդակությանը։ Նա կարծում է, որ արձագանքերը՝ թե ՄԻՊ-ի և թե ՀՀԽ-ի կողմից  բավական կոշտ են, մեղադրական ոճով և իրավիճակը քննարկելու, ողջամիտ լուծումներ գտնելու միտում չունեն։ 

«Կարծում եմ, որ այս թեման ինչ-որ չափով քաղաքականցվել է։ Ռեպորտաժի վերաբերյալ  ՄԻՊ-ի հնչեցրած գնահատականներում կային այնպիսի եզրահանգումներ, որոնք ակնհայտորեն չկային ռեպորտաժում, թեև ենթատեքստում կարելի էր նման ենթադրությունների հանգել։ Եթե խոսքն անկլավների մասին է, ապա այդ տեսանյութն ավելի շատ էքսկուրս էր։ Որքանով էր անհրաժեշտ հենց այս պահին դրան անդրադառնալ, այս հարցում ես պիտի համաձայնեմ ՄԻՊ-ի հետ։ Կարծում եմ՝ ներկայիս զգայուն իրադրությունում այդ թեմայի արծարծումը հրատապ չէր, ավելին ՝ այն ավելի շատ կրքեր բորբոքող բնույթ էր կրում։ Մյուս կողմից հանրային հեռարձակողը ինքնուրույն քաղաքականություն է վարում և ինքն է որոշում իր լուսաբանման թեմատիկան և ՄԻՊ-ի որոշ հորդորներ կարող են մեկնաբանվել որպես միջամտություն հանրային հեռարձակողի գործունեության մեջ»,- ասում է Մելիքյանը։

Աշոտ Մելիքյանը նշում է, որ Հանրային հեռարձակողը պետք է պատրաստ լինի լսել քննադատություն իր հասցեին և հաշվի առնել այն, արձագանքելու դեպքում էլ պետք է ներկայացվեն պարզաբանումներ, ոչ թե՝ քաղաքական մեղադրանքներ։ 

«Ես կարծում եմ, որ կառուցողական և առողջ մոտեցում կլիներ, որ ՄԻՊ-ը հանդիպեր Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների հետ և քննարկմանը ներգարվվեին նաև անկախ փորձագետներ, իսկ այդ ռեպորտաժը և հետագա զարգացումները դառնային ԶԼՄ-ների Դիտորդ մարմնի քնարկաման առարկա, քանի որ Հանրային հեռուստա-ռադիոընկերությունը միացել է Դիտորդ մարմնի էթիկայի կանոնագրքին։ Կարծում եմ, նյութը մասնագիտական գնահատման կարիք ունի և փորձագիտական խումբը կարող է համապատասխան եզրակացության գալ»,- որպես իրավիճակի հանգուցալուծում առաջարկում է Խոսքի պաշտպանության կոմիտեի նախագահը։ 

ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը թեմայի առնչությամբ դեռևս որևէ դիմում չի ստացել։

Մանե Գրիգորյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *