2021.05.15,

Նյուսրում

Միջադեպ Եռաբլուրում․ վարչապետի խոսնակը չի ընդունում իր հասցեին հնչող գնահատականները

Մայիսի 9-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Եռաբլուր այցի ժամանակ միջադեպ գրանցվեց «Արմնյուզ» հեռուստաընկերության և «Tert.am» լրատվական կայքի թղթակից Անի Գևորգյանի և Փաշինյանի անվտանգության աշխատակիցների միջև:

Երբ Անի Գևորգյանը փորձեց մոտենալ Նիկոլ Փաշինյանին և հարցրեց, թե ի՞նչ խղճով է նա եկել Եռաբլուր, այնտեղ լինելով ի՞նչ զգացողություն է ունենում, Փաշինյանի անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին նրան առաջ գնալ: 

Միջադեպի մասին պատմող տեսանյութում երևում է, որ վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը նույնպես ընդհատում է Անի Գևորգյանի  հարց տալու փորձը և հրում է լրագրողի խոսափողը։ Անվտանգության աշխատակիցների գործողություններին զուգահեռ Մանե Գևորգյանը առաջարկում է լրագրողին զրուցել միասին, բայց նրա առաջարկն օդում է մնում։

Միջադեպից հետո Անի Գևորգյանի և news.am-ի լրագրողի տեղաշարժը Եռաբլուրի տարածքում սահմանափակել են ոստիկանները և քաղաքացիական հագուստով անձինք, ինչը երևում է տարածված տեսանյութերից մեկում։

Անի Գևորգյանը նույն օրը ֆեյսբուքյան  էջում լուսանկարներ հրապարակեց և գրառում կատարեց․  «Նախկինում և հիմա …: Իսկ Մանե Գևորգյանին հորդորում եմ լրագրողի հետ կես ժամ նույն տարածքում կանգնելիս նախ բարևել ու երբեք ձեռքերը չերկարացնել: Անհամաչափ ուժ կիրառողներն էլ պետք է հիշեն պատասխանատվության մասին»:

Վերհիշելով մայիսի 9-ի առավոտյան Եռաբլուրում տեղի ունեցած իրադարձությունները Անի Գևորգյանը պատմում է ․«Մինչ Փաշինյանի ժամանելը Եռաբլուր, ես և Մանե Գևորգյանը մոտ կես ժամ նույն տարածքում էինք, և այդ ընթացքում նա մեզ հետ բացարձակ որևէ շփում չի ունեցել, չի զգուշացրել՝ վարչապետը  խոսելու է, թե՝ ոչ։ Երբ ես միկրոֆոնը պարզեցի դեպի վարչապետը, որ նա խոսի, այդ պահին միջամտեցին թե՛ Մանե Գևորգյանը, թե՛ անվտանգության աշխատակիցները, իսկ հետո ոստիկանության նոր ուժեր ներգրավվեցին և ոչ միայն իմ մասնագիտական աշխատանքը խոչընդոտվեց, այլ նաև իմ ազատ տեղաշարժը, իսկ նման դեպք ինձ հետ երբևէ չէր եղել»։

Վարչապետի պաշտոնակատարի  այցը լուսաբանում էր նաև  News.am-ի լրագրող Արփինե Բաղդասարյանը։  Նա պատմում է, որ երբ Նիկոլ Փաշինյանը մոտեցել է  շիրիմներին հարգանքի տուրք մատուցելո,  իր գործընկեր Անի Գևորգյանը հարմար պահ է  որսացել նրան հարց ուղղելու համար։

«Անիի հարցից անմիջապես հետո Փաշինյանը, պտտվելով դեպի անվտանգության աշխատակիցը, ինչ-որ բան ասաց նրան, վերջինս էլ ըստ երևույթին հրահանգ տվեց մյուսներին հեռացնել Անիին այդտեղից։ Մանե Գևորգյանը նույնպես անվտանգության աշխատակիցների հետ փակեց Անիի ճանապարհը և բռնեց ձեռքից։ Դրանից հետո Անիին չթույլատրվեց այլևս հարց տալ»։

Արփինեն նշում է, որ այդ պահին ցանկացել է իր գործընկերու նկատմամբ վերաբերմունքը նկարահանել, և ցույց տալ, որ իրենց չեն թույլատրում վարչապետին որևէ հարց տալ  և ընդհանրապես շարունակել այցը լուսաբանել։ 

«Հստակ էր, որ խնդիրը Անիի հետ էր։ Ես չունեի տարբերանշանով միկրոֆոն և դիմակով էի, միգուցե իրենք սկզբում նույնիսկ չիմացան, թե ես որ լրատվամիջոցից եմ, բայց քանի որ Անիի կողքին էի, ես էլ մնացի ոստիկանների շրջափակման մեջ։ 

Մենք անընդհատ ասում էինք, որ դուք խոչընդոտում եք մեր աշխատանքը, բայց պարզ էր, որ նրանք ստացել էին միայն հրահանգը, բայց հստակ պատճառը չգիտեին»,-  պատմում է news.am-ի լրագրողը։

Մանե Գևորգյանը, մեկնաբանելով տեղի ունեցածը, նշում է, որ երբևէ անվտանգության աշխատակիցներին և ոստիկաններին իրենց կողմից հրահանգ չի եղել՝ խոչընդոտել լրագրողների աշխատանքը, իսկ ինչ վերաբերում է Անի Գևորգյանի հետ վեճին, ապա նա կարծում է, որ լրագրողի վերաբերմունքը մանիպուլյատիվ է եղել։

«Լինելով վարչապետի մամուլի խոսնակ՝ ես պարտավոր եմ հաղորդակցվել ցանկացած լրագրողի հետ, և այս իրավիճայում ես դա էլ փորձել եմ անել, անկախ դրանից, որ օրինակ Անին բարձր տոնով բղավելով, հաշվի չառնելով այն տեղը, որտեղ մենք բոլորս գտնվում ենք, անհարգալից վերաբերմունք է դրսևորել։ Իմ խնդրանքը և հորդորը եղել է, որ նախ ինքը բարձր չխոսի ու որ սա ամենահարմար տեղը չէ նման հարցադրումներ անելու համար, և որ նա բազում այլ հնարավորություններ կունենա  վարչապետին հարցեր տալու, բայց սա հարմար տեղը և ժամը չէ»,- պատմում է Մանե Գևորգյանը։

Ինչ վերաբերում է լրագրողի խոսափողը հրելուն և ձեռքը բռնելուն, Մանե Գևորգյանը պատմում է․ «Երբ իմ դիմաց կանգնած լրագրողը արագ պարզեց միկրոֆոնն իմ դեմքի առջև, ես իմ դեմքը ձախ թեքեցի և նրա  ձեռքը բռնեցի։ Դա բնական ռեակցիա էր, որ կարող էր լինել յուրաքանչյուրի մոտ, հակառակ դեպքում միկրոֆոնն իմ դեմքին կդիպչեր, դա բռնություն չէր»։

Անի Գևորգյանը կարծում է, որ իր նկատամամբ խտրական վերաբերմունք կա, քանի որ միջադեպից հետո մյուս լրատվամիջոցներին թույլ է տրվել շրջել վարչապետի հետ Եռաբլուրի տարածքով, իսկ իրեն՝ ոչ։ 

Փաշինյանի մամուլի խոսնակը զարմացավ, լսելով, որ Անի Գևորգյանի և news․am-ի լրագրողի տեղաշարժը տարածքում սահմանափակվել է,  քանի որ մյուս լրատվամիջոցների ներկայացուցիչներն անարգել աշխատել են։ 

24news-ի լրագրող Սոնա Գևորգյանը, որը նույնպես մայիսի 9-ին լուսաբանում էր վարչապետի այցը Եռաբլուր, media.am-ի հետ զրույցում նշեց,  որ իրենց մասնագիտական պարտականությունների կատարմանը որևէ մեկը չի խոչընդոտել։ Նա նշում է, որ միջադեպի պահին այլ կողմում է կանգնած եղել և չի լսել՝ ինչ է տեղի ունեցել, սակայն միջադեպից հետո ինքն օպերատորի հետ և «Ազատություն» ռադիոկայանի օպերատորը մինչև այցի վերջ շրջել են Փաշինյանի հետ։

Մայիսի 10-ին միջադեպի մասին հայտարարություն տարածեցին հայաստանյան մեդիա կազմակերպությունները, որում ասվում է․  «Սա առաջին դեպքը չէ, երբ կառավարության խոսնակն անձամբ է միջամտում և թույլ չի տալիս լրագրողին մոտենալ վարչապետին։ <․․․> Սա անընդունելի պահվածք է, ինչը հակասում է պետական պաշտոնյայի քաղաքակիրթ վարքագծի կանոններին, առավելևս՝ լրատվամիջոցների հետ հաղորդակցության համար պատասխանատու անձի պարագայում»։  

Մանե Գևորգյանը չի ընդունում իրեն ուղղված քննադատությունը և հայտարարության տեքստը միակողմանի է համարում։ Նա համոզված է, որ դրանում նշված երկու դեպքերն էլ՝  և Եռաբլուրում, և Սյունիքում փոխկապակցված են միմյանց հետ։

Անդրադառնալով դեպքերին՝ Մանե Գևորգյանն ասաց․ «Միանշանակ սա նույն ձեռագիրն է, նույն բառապաշարն է, մանիպուլյատիվ բնույթի հայտարարություններ անել, ոչ թե հարցեր հնչեցնել։ Եթե ես ուզում եմ զրուցել լրագրողի հետ՝ խնդրելով,  հորդորելով, ապա դա խոչընդոտել ես չեմ համարում»։

Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ միջադեպը հակասական մեկնաբանությունների առիթ է տվել։ Հայտարարության տեքստը պատրաստվել է միջադեպի տեսանյութը և տարբեր լրատվամիջոցների արձագանքն ուսումնասիրելու արդյունքում և այդ օրվա ընթացքում վարչապետի մամուլի քարտուղարից որևէ արձագանք չի եղել։ 

Մամուլի խոսնակն իր հասցեին հնչած մեղադրանքներին արձագանքել է միայն մեդիա կազմակերպությունների հրապարակած հայտարարությունից հետո՝ հեռախոսազրույցեր ունենալով դրա հեղինակների  հետ։ Երկրորդ կողմին լսելուց հետո էլ  Բորիս Նավասարդյանը համոզված է, որ եթե նույնիսկ պահը հարմար չէր, որպեսզի լրագրողը սուր հարցեր տար,  ապա մամուլի խոսնակի աշխատանքը չէ այդ պահին միջամտելը։ 

«Վարչապետին մոտենալը պիտի կանխեին անվտանգության աշխատակիցները, և մամուլի խոսնակի դերակատարությունը ընդհանրապես տեղին չէր, անկախ նրանից, թե ինչ մտադրությամբ էր ինքը դա անում, սա կարծում եմ պարտականությունների և գործառույթների ոչ հստակ ընկալում  է պաշտոնյաների կողմից, և դա ընդհանուր խնդիր է Հայաստանում կառավարման ամբողջ համակարգում»։

Media.am-ի այն հարցին, թե արդյոք մամուլի խոսնակը պետք է նախապես զգուշացներ լրագրողներին, որ Փաշինյանն այցի ընթացքում որևէ մեկնաբանություն չի տալու և պետք չէ հարցեր տալ, Բորիս Նավասարդյանն ասաց․

«Միգուցե այդպիսի հայտարարություն կարելի էր անել, թեև վստահ չեմ, որ դա միանշանակ կազդեր լրագրողների վրա, բայց ամեն դեպքում խաղի կանոնները ցանկացած պահին պետք է պարզ լինեն նրանց համար։ Դրանից հետո հնարավոր կլիներ հետևություն անել, որքանով պրոֆեսիոնալ աշխատեց լրագրողը և պահպանեց էթիկայի կանոնները, բայց քանի որ նման զգուշացում չի եղել, լրագրողի աշխատանքի գնահատականն այլ է»։ 

Բորիս Նավասարդյանը հույս է հայտնում, որ նման միջադեպերից հետո տեղի ունեցող տարաբնույթ քննարկումները կարող են որոշակի ազդեցություն ունենալ մամուլի ծառայությունների հետագա աշխատանքի  վրա, սակայն ավելի քիչ են սպասելիքները, որ լրագրողների պահվածքում որևէ փոփոխություն կլինի։

Մեդիա կազմակերպությունների հայտարարության եզրափակիչ հատվածն ուղղված է ոչ միայն պաշտոնյաներին, այլ նաև լրագրողներին։  «Հաշվի առնելով գալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները <․․․>  կոչ ենք անում թե՛ պետական պաշտոնյաներին, թե՛ իրավապահ մարմիններին և թե՛ ընտրական գործընթացին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին՝ զսպվածություն և հանդուրժողականություն ցուցաբերել ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ, իսկ վերջիններիս՝ իրականացնել իրենց մասնագիտական գործունեությունն օրենքի և լրագրողական էթիկայի նորմերի պահպանմամբ»։

Մանե Գրիգորյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *